ԱՅՍ ԲԱՐԴ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՄԵՆՔ ՄԻՄՅԱՆՑ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԵՆՔ

Հայաստանը ու Վրաստանը մեջք մեջքի դարերով պայքարել են օտար զավթիչների դեմ: Շատ հաճախ երկու երկրները ունեցել են նման ճակատագիր եւ ընդհանուր թշնամիներ, տառապել տարածքների կորուստով: Այսօր էլ մեր երկու պետություններին ու ժողովրդին ավելի շատ հարցեր միավորում են քան բաժանում: Ներկայումս Վրաստանը եւ Հայաստանը վերածվել են քրիստոնեության կղզյակների եւ ինչ որ մի տեղ թուրքական աշխարհին զսպող բուֆերային գոտու: Ցավոք 21-րդ դարում թուրք-ադրբեջանական խորամանկ քաղաքականությունը ավելի է կատարելագործվել եւ այդ պատճառով Վրաստանը մի փոքր ավելի դժվար է ընկալում թուրքական երկու պետությունների կողմից իր դեմ տարվող քաղաքականության իրական վտանգը:

Տնտեսական շահի գայթակղության ներքո տվյալ պետությունները Վրաստանին փորձեցին ներքաշել իրենց տարածաշրջանային խաղերի մեջ, հետապնդելով քաղաքական կեղտոտ նպատակներ, որոնք իրականում ոչ միայն համահունչ չեն Վրաստանի քաղաքականությանը այլ շատ հաճախ կտրուկ դեմ են երկրի ազգային շահերին: Դա ի տարբերություն նախորդ իշխանությանը, հիանալի կերպով սկսեցին գիտակցել ներկայիս Վրաստանի իշխանությունները, ովքեր այնուամենայնիվ չեն շտապում կտրուկ քայլեր իրականացնել տվյալ ոլորտում նախկին իշխանության թողած տհաճ ժառանգության պատճառով: Այսօր Վրաստանը եւ Հայաստանը ունեն դեմոգրաֆիկ խնդիր, ինչից եւ հիանալի կերպով օգտվում են Ադրբեջանն ու Թուրքիան: Նրանք Հայաստանի նկատմամբ օգտագործում են մեկ մարտավարություն, իսկ Վրաստանի հանդեպ՝ մեկ այլ:

Հայաստանի հանդեպ օգտագործվում է շրջափակման եւ ագրեսիվ հարձակողական քաղաքականություն, իսկ Վրաստանի հանդեպ՝ տնտեսապես գերելու եւ երկրի որոշ շրջաններ թրքացնելու քաղաքականություն:

Տվյալ քաղաքականության գլխավոր կետերից մեկն էլ հանդիսանում է ամեն կերպ սեպ խրելը հայ-վրացական բազմադարյա հարաբերությունների միջեւ: Ադրբեջանական լրատվամիջոցները շատ հաճախ խոսում են Սամցխե-Ջավախքում հայկական «անջատողականության» մասին, փորձելով ազդել վրաց հասարակության եւ քաղաքական վերնախավի վրա: Դրանից բացի նրանք միջոցներ չեն խնայում հակահայկական կրքեր բորբոքելու վրաց հասարակության միջեւ, հենց որոշ վրացական լրագրողների օգնությամբ:

Այդ գործընթացին հաճախ երկրի ներսում օժանդակում են նաեւ այն անհատները, ովքեր տառապում են Թբիլիսիում եւ այլ քաղաքներում հայկական նախկին ներկայության թողած հետքերի ու փառահեղ անցյալի հանդեպ հիվանդագին վերաբերմունքի պատճառով: Եւ դրա հետ մեկ տեղ սխալ են ընկալում ջավախքահայության պահանջները, որոնք չեն հակասում Վրաստանի սահմանադրությանը եւ լիովին օրինական ու ժողովրդավարական են:

Կա նաեւ մեկ այլ կարեւոր հարց, որին անհրաժեշտ է լրջագույն ուշադրություն դարձնել: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Թուրքիայի ախորժակը մեծ է բոլոր հարեւանների նկատմամբ, ինչը նոր սպառնալիքներ է առաջացնում մեր տարածաշրջանի համար: Սպառնալիքները առաջին հերթին կապված են այն քաղաքական խաղերի թնջուկի հետ, որի մեջ ներքաշվել է Թուրքիան սեփական կամքով, փորձելով Սիրիայի շուրջ որոշ երկրների օգնությամբ առաջ տանել իր շահերը: Այդ խաղաթնջուկը, որի մեջ արդեն իսկ խճճվել է Թուրքիան անպայման ազդեցություն կունենա նաեւ մեր երկրների վրա: Հիմա մենք բոլորս ականատես ենք լինում, թե ինչպես Թուրքիան վերածվում է վառոդով լի տակառի, որը կարող է պայթել ցանկացած պահի: Վերջին ժամանակներս գրեթե մշտապես ահաբեկչության գործողություններ են իրականացվում տվյալ երկրում: Իրավիճակը շատ արագ կարող է դուրս գալ վերահսկողությունից, ինչը լրացուցիչ սպառնալիքներ է առաջացնում մեր տարածաշրջանի համար: Թուրքիայի ապակայունացման հետեւանքով, առնվազն հազարավոր փախստականներ եւ նրանց հետ ահաբեկիչներ կարող են բախել մեր դռները: Դա եւս առիթ է ճիշտ գնահատելու իրավիճակը եւ համատեղ մտածելու նման պայմաններում մեր գործողությունների մասին:

Այս բազմակողմանի վտանգներին դիմակայելու համար նախ անհրաժեշտ է, որ Վրաստանի ու Հայաստանի հասարակությունները, լրատվամիջոցները, հասարակական ու քաղաքական ուժերը ճիշտ գիտակցեն մեր երկրների հանդեպ ծառացած մարտահրավերները եւ համագործակցության բարենպաստ հիմքեր ստեղծեն եւ ոչ թե զբաղվեն քաղաքական մթնոլորտի թունավորմամբ: Դա ոչ մի կերպ չի նշանակում, որ չպետք է խոսել երկկողմ խնդիրների մասին եւ զբաղվել դրանց լուծմամբ, այլ հակառակը պետք է ստեղծել բարենպաստ պայմաններ, ձեւավորելով ռազմավարական համագործակցության հիմքեր եւ աշխատել Սամցխե-Ջավախքի հայությանը հուզող խնդիրների լուծման շուրջ:

Սակայն ամենից կարեւորը այն է, որ մարդիկ երկու երկրներում վերջապես տեսնեն ու գիտակցեն այն վտանգը, որը սպառնում է մեր քրիստոնեական արժեհամակարգին եւ դրա հիմքի վրա գտնեն համագործակցության նոր եզրեր:

Դժբախտաբար շատերը թուրքական ներկայության վտանգին Սամցխե-Ջավախքում լուրջ չեն վերաբերվում, ինչը նշանակում է, որ նրանք այդքան էլ տեղեկացված չեն շրջանից: Բայց դա չի նշանակում, որ այն գոյություն չունի եւ դրա մասին անտեղյակ են երկու երկրների իշխանությունները, այլ ճիշտ հակառակը:

Վտանգների նվազեցման համար հայ-վրացական հարաբերությունները պետք է վերջապես դուրս գան ճառերի ու կենացների մակարդակից եւ դառնան ռազմավարական: Ռազմավարական նոր կարգի հարաբերությունների ստեղծումը երկու երկրների համար դարձել է օրվա հրամայական, որի ձեւավորումը կարող է ամրացնել մեր երկու քրիստոնյա երկրների հիմքերն ու դիրքերը այս անհանգիստ տարածաշրջանում եւ խուսափել ավելորդ խնդիրներից:

Ցավոք մեր երկրների միջեւ ավելի սերտ կապերի հաստատման խոչընդոտներից մեկը, որը ինչ որ չափով արգելակում է երկու երկրների ռազմավարական բնույթի համագործակցությունը, դա երկրների տարբեր ռազմական արժեհամակարգների մաս կազմելն է: Հայաստանը անդամակցում է ՀԱՊԿ-ին, իսկ Վրաստանը ամեն ջանք գործադրում է ՆԱՏՕ-ին անդամակցելու համար:

Սակայն պետք է խոստովանել, որ դրանցից ոչ մեկը երբեք չի օժանդակելու Հայաստանին ու Վրաստանին թուրքացման եւ իսլամացման վտանգին դիմակայելու գործում, քանզի տվյալ կազմակերպությունների բնույթը եւ նպատակները այլ են: Այդ իսկ պատճառով, անկախ նրանից թե երկրներից յուրաքանչյուրը ինչ աշխարհաքաղաքական համակրանքներ ունի, անհրաժեշտ է ընդհանուր շահերի ու վտանգների գիտակցման հիմքի վրա ձեւավորել նոր կարգի հարաբերություններ, որոնց միջոցով հնարավոր կլինի այս վտանգավոր տարածաշրջանում պահպանել քրիստոնեական արժեհամակարգով անկախ պետականություն եւ ազգային ինքնագիտակցություն:

Էդուարդ Այվազյան
Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն

2017-01-13