IRI-Ի ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ

Հոկտեմեբերի 7-ին Ախալցխայում տեղի ունեցավ հանդիպում IRI կարճաժամկետ դիտորդական առաքելության անդամներ ՝Մեծ Բրիտանիայի պատգամավոր Գրեհեմ Իվանսի, Ուկրայինայի IRI կազմակերպության տնօրեն Մայքլ Դրաքմենի եւ Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանի միջեւ: Հանդիպման նպատակն էր ծանոթանալ Սամցխե-Ջավախք տարածաշրջանում նախընտրական գործընթացին եւ ազգային փոքրամասնության խնդիրներին:

Մայքլ Դրաքմենի խոսքերով՝ նրանց հետաքրքիր են բոլոր խնդիրները, որոնց կարիքն ունի բարձրաձայնել ազգային փոքրամասնությունը միջազգային կառույցներում, ինչպես նաեւ նախընտրական գործընթացը մեր տարածաշրջանում:

Նախընտրական գործընթացին անդրադառնալով Էդուարդ Այվազյանը նշեց, որ նախորդ խորհրդարանական ընտրություններից այս նախընտրական շրջանը շատ է տարբերվում դրական իմաստով: Նրա խոսքերով՝ քաղաքական բոլոր կուսակցությունները ավելի ազատ պայմաններում են վարել իրենց նախընտրական քարոզչությունը եւ ոչ մի լուջ ճնշումներ այս պահի դրությամբ չեն արձանագրվել, հատկապես Ախալցխայում ընդդիմադիր կուսակցությունների թեկնածուների վրա: «Կա նաեւ մեկ նշանավոր տարբերություն նախորդ ընտրությունների համեմատ: Վրաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունները փորձ են անում ինչ որ խոստումներ տալ ազգային փոքրամասնություններին: Իշխանության թեկնածուները պատրաստ են խոստումներ տալ շրջանի խնդիրների մակարդակով, սակայն նույն ժամանակ խուսափում են խոստումներ տալ ռեգիոնալ, այսինքն Սամցխե-Ջավախքի խնդիրների լուծման մասով: Նախընտրական շրջանում ազգային փոքրամասնությունների խնդիրների լուծման շուրջ խոստումներ տալը դեռ նոր է մտնում Վրաստանի կուսակցությունների քաղաքական մշակույթի մեջ»,-ասաց Էդուարդ Այվազյանը:

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին բազմաթիվ հարցեր, այդ թվում ռեգիոնալ լեզուների Եվրոպական խարտիայի չվավերացված լինելը Վրաստանի կողմից, ինչի մասին մշտապես բարձրաձայնում են տեղական հայկական կազմակերպությունները, հայկական դպրոցների եւ ընդհանրապես կրթական համակարգում գոյություն ունեցող բազմաթիվ խնդիրները, Սամցխե-Ջավախքի նահանգապետարանում եւ տեղական ինքնակառավարման մարմիններում հայերի ներկայացված չլինելը, եւ շատ այլ խնդիրներ: «Օրինակի՝ Սամցխե-Ջավախքի շրջանում հայերը մեծամասնություն են կազմում, բայց նահանգապետարանում չկա ոչ մի հայ ազգի ներկայացուցիչ: Ախալցխայի հայերի նոր սերունդը հիանալի տիրապետում է վրաց լեզվին, բայց դա տվյալ խնդիրը չի լուծում: Մի փոքր այլ է պատկերը Ախալցխայի քաղաքապետարանում, բայց այնտեղ եւս հայերը տոկոսային համեմատությամբ քիչ են ներկայացված տեղական ինքնակառավարման մարմնում: Տարածաշրջանային լեզվի մասով ասեմ, որ այն մեզ պետք չէ այնպես, որ փոխարինի պետական լեզուն, այլ պետք է նրա համար, որ մեր մայրենի լեզուն պաշտպանված լինի եւ տարեց մարդիկ, ովքեր չգիտեն վրաց լեզուն կարողանան էլեմենտար ձեւով դիմումներ լրացնել տարբեր հաստատություններում եւ շատ ուրիշ նման բաների համար, որը եւս նպաստելու է քաղաքացուն երկրից չօտարացվելուն»,- ասաց Էդուարդ Այվազյանը:

Այս ամենին տեղեկանալով Մայքլ Դրաքմենը հետաքրքրվեց, թե ինչու Սամցխե-Ջավախքի հայերը չեն ստեղծում իրենց քաղաքական կուսակցությունը, որպեսզի դրա միջոցով մասնակցեն ընտրություններին եւ բարձրացնեն բոլոր իրենց հուզող խնդիրները, ինչին Էդուարդ Այվազյանը պատասխանեց, որ տարիներ առաջ նման փորձ եղել է ստեղծել «Վիրք» կուսակցությունը, որը ի վերջո չի գրանցվել Վրաստանի նախկին իշխանությունների կողմից:

Մեծ Բրիտանիայի պատգամավոր Գրեհեմ Իվանսին հետաքրքրեց Ախալցխայի հայերի եւ Ադիգենի շրջանի մահմեդականների միջեւ հարաբերություններով եւ նրանով, թե ինչ դիրքորոշում ունեն մահմեդականները Հայոց Ցեղասպանության վերաբերյալ, ինչին Այվազյանը պատասխանեց, որ նրանք մինչ օրս չեն հայտնել ոչ մի դիրքորոշում տվյալ հարցով ու փոխհարաբերություններն էլ նորմալ են համայնքների միջեւ: Նա նաեւ ավելացրեց, որ հիմա ակտիվություն է նկատվում Աջարիայի մասով, որտեղ «Գորշ գայլեր» թուրքական ազգայնական շարժումը փորձում է ինչ որ սադրանքներ իրականացնել, ինչը բացասական կարող է ազդել հարեւան Ադիգենիի մահմեդականների վրա, քանի որ Թուրքիայի ազդեցությունը այնուամենայնիվ այնտեղ նկատվում է:

Հանդիպման ավարտին Գրեհեմ Իվանսն կիսվեց Մեծ Բրիտանիայի փորձով ազգային փոքրամասնությունների խնդիրների լուծման վերաբերյալ եւ ավելացրեց, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում ամեն ազգ պաշտպանում է իր երկրամասից ընտրված ժողովրդի իրավունքները:

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։