Ինչպե՜ս են գործերդ, ուսանո՛ղ…

Այս նշանաբանով միջոցառումը, որ կազմակերպվել էր «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնում, հավաքել էր շրջանի նախկին 20 շրջանավարտների, որոնք սովորում են Թբիլիսիի և Երևանի բարձրագույն ուսումնական հաստատություններում: Նրանցից 12-ը Կենտրոնի շրջանավարտներն են նաև:

Միջոցառումն սկսվեց «Հայր Մեր» -ով և շրջանի հոգևոր առաջնորդ Տեր Արմաշ քհն Պողոսյանի օրհնության խոսքով:

Իր ելույթում, Կենտրոնի ղեկավար Ժորա Սնխչյանը, որը նաև վարեց ողջ միջոցառումը, կարևորեց կապը նախկին սաների հետ, հորդորեց հաճախակի այցելել, պատրաստակամություն հայտնեց հնարավորինս օգնել և աջակցել ուսանողներին:
Իրենց ելույթներում ուսանողներ Ռևիկ Կարապետյանը, Մանուշակ Ղարսլյանը, Արկադի Փութուլյանը, Սոնա Վարդանյանը, Արման Արզումանյանը, Ժորա Մզիկյանը, Սամվել Փութուլյանը, Արևիկ Գոմցյանը և ուրիշներ կարևորեցին միջոցառումը, շնորհակալություն հայտնեցին Կենտրոնի տնօրինությանը նման բովանդակալից և անհրաժեշտ հանդիպման համար: Ներկաները դիտեցին ապագա լրագրող Կատերինե Ղարսլյանի և Եվգինե Վարդանյանի ողջույնի տեսաժապավենը՝ հանդիպման մասնակիցներին: Կենտրոնի երցչախումբը (Իրինա Ղարսլյան), ասմունքի ստուդիայի սաները (Սաթիկ Սնխչյան), պարուհիները միջոցառումը զարդարեցին գեղեցկությանն ու երիտասարդությանը նվիրված հիանալի գեղարվեստական համարներով:

Միջոցառումը ամփոփեց Ժորա Սնխչյանը, որը հայտարարեց, որ հանդիպումը կդառնա ավանդական և տեղի կունենա ամեն տարվա նույն օրը՝ մարտի 3-ին:
Կենտրոնի մամլո դիվան

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։