Հայ երիտասարդների ճանաչողական այցը վրաց հոգևոր տաճարներ

Ուխտագնացությունը և ճանաչողական այցերը տարբեր պատմական և հոգևոր վայրեր Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի գործունեության ուղենիշներից մեկն է, որի նպատակն է Վրաստանում ապրող հայ երիտասարդներին ծանոթացնել ինչպես մայր հայրենիքի, այնպես էլ Վրաստանի պատմա-մշակութային և հոգևոր արժեքներին:

2017 թվականի մարտի 14-ի վաղ առավոտյան, Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի նախաձեռնությամբ, հայ տղաների ու աղջիկների երեք տասնյակի հասնող խումբը ճանաչողական այցով մեկնեց Շիդա Քարթլի: Այցն իրականացվեց բաժնի տնօրեն Վալերի Բադալյանի առաջնորդությամբ և ծրագրերի համակարգող Նինա Սերոպովայի ու օպերատոր-լուսանկարիչ Գևորգ Պողոսովի ուղեկցությամբ: Ճանաչողական այցի հերթական ուղղություն էր ընտրվել Շիդա Քարթլիի տարածաշրջանի սրբավայրերը:

Առաջին կանգառը միջնադարյան խաչաձև գմբեթով Սամթավիսի տաճարն էր: Հայ երիտասարդները դիտեցին հնագույն տաճարի ճարտարապետական գեղեցկությունը, մոմեր վառեցին Վրաստանում քրիստոնեության առաջին տաճարներից մեկում: Տեղեկացան, որ Վախթանգ Գորգասալի թագավորի ժամանակաշրջանում կառուցված եկեղեցու տեղում, 10-11-րդ դարերում կառուցվել է ավելի փոքր չափերով այս տաճարը և 2004 թվականից Սամթավիսի համալիրը մտել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության փորձնական ցուցակում:

Հայ երիտասարդների էքսկուրսիան շարունակվեց Աթենիս Սիոնում: Այստեղ ընթացող վերանորոգչական աշխատանքների պատճառով երիտասարդները հնարավորություն ունեցան միայն արտաքնից դիտելու եկեղեցին:

Թերևս ճանաչողական այցը մեկօրյա էր, բայց այն հետաքրքիր էր ու բովանդակալից:Հաջորդ տաճարը Ուփլիսցիխեն էր, որը գտնվում է Գորիից 10 կմ հեռավորությամբ: Վրաստանում գոյություն ունեցող ժայռափոր երեք խոշոր համալիրներից (Դավիթ Գարեջի, Վարձիա և Ուփլիսցիխե) հնագույնը Ուփլիսցիխեն է:Այն անտիկ շրջանից հասած միակ շինությունն է, որը ներկայացնում է հնագույն ժամանակաշրջանի քաղաք և հետագայում դարձել է Շիդա Քարթլիի թագավորի, (ուփալի) բերդ-ամրոցը: Երիտասարդները մոմեր վառեցին եկեղեցում և ընթերցեցին տապանաքարերը:

Ճանաչողական այցն ավարտվեց Սուրբ Նշան հայկական խոնարհված եկեղեցու շրջակայքում: Եկեղեցին փակ էր: Երիտասարդները դրսից միայն կարողացան տեսնել ժայռի մեջ տեղադրված հայոց եկեղեցին, որի անվանումը հնչյունափոխված ձևով (Սուրբ Նշան, Սուրբ Նիշանի, Շուբ Նիշանի) պահպանվում է բնակչության շրջանում և հաստատվում է, որ այն եղել է հայկական եկեղեցի:

Երիտասարդները Թբիլիսի վերադարձան հարուստ տպավորություններով ու հետաքրքիր տեղեկություններով: Ճանապարհորդությունը դարձավ նաև երիտասարդների բնության գրկում անցկացրած անմոռանալի օր:

Վիրահայ երիտասարդների ճանաչողական այցերը Վրաստանի հոգևոր և պատմա-մշակութային տեսարժան վայրեր շարունակական են, ընդգրկելով տարբեր տարածաշրջաններ:

Վիրահայոց թեմի մամլո դիվան