Արցախն առանց ականների

2017 թվականի մարտի 26-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ «Լաչինն առանց ականների» ծրագրի շնորհանդեսը, որը ներկայացրեցին ծրագրի նախաձեռնողները: «Լաչինն առանց ականների» ծրագիրը նախաձեռնել է ONEArmenia կազմակերպությունը «Հալո Թրաստ» (Halo Trust) ականազերծմամբ զբաղվող աշխարհի ամենամեծ մարդասիրական կազմակերպության հետ համագործակցությամբ: HALO Trust –ի տվյալներով՝ 1995-ից սկսած Արցախում 370 քաղաքացի է զոհվել` չպայթած ականների և զինամթերքի պատճառով: HALO Trust – ը 2000 թվականից գործում է Արցախում և մինչև օրս ականազերծել է 453 ականադաշտ, 45 872 000 մ² ընդհանուր մակերեսով:

Շնորհանդեսի կապակցությամբ Թբիլիսի էր ժամանել ONEArmenia ոչկառավարական կազմակերպության երևանյան թիմը՝ Հայաստանյան գրասենյակի տնօրեն Անահիտ Գալստյանի, Հասարակության հետ կապերի և բովանդակության համակարգող Մարալ Ոժնյակի, Տվյալների և ծրագրերի համակարգող Շարլոտ Պուլանի, Արտ տնօրեն Սոֆյա Խաչատրյանի, Կրեատիվ պրոդյուսեր Աստղիկ Սայադյանի կազմով:

Դահլիճը լեփ-լեցուն էր մարդկանցով: Ներկաները հետաքրքրությամբ և հուզմունքով դիտեցին ականի պայթելու արդյունքում մարդկանց վիրավորվելու կամ զոհվելու մասին պատմող տեսագրություններ: Ընդգծվեց, որ ականը պայթում է մինչև 25 կիլոգրամ ուժի ներգործությամբ, որի հետևանքով չափահասները դառնում են հաշմանդամ, իսկ երեխաները հիմնականում մահանում են:

Հյուրերը մանրամասն ներկայացրեցին նախագիծը, որը մեկնարկել է «Mine Free Lachin» (Լաչինն առանց ականների) դրամահավաքով: Այդ գումարով Բերձորի (Լաչինի) Մեղվաձոր գյուղի շրջանում ականազերծվել է 31,839 մ² տարածք: Նախագծի շրջանակներում աշխատում են 166 տեղացի սակրավորներ: Բանախոսները ընդգծեցին, որ Բերձորի (Լաչինի) միջանցքն այն նեղ օղակն է, որը Հայաստանը կապում է Արցախի հետ: Բերձորում մնացել է 31 ականադաշտ, դրանցից յուրաքանչյուրի ականազերծման համար ONEArmenia կազմակերպությունը հանգանակությամբ նպատակ ունի հավաքել մոտ 96 հազար ԱՄՆ դոլար:Կազմակերպությունը որոշել է մինչև 2020 թվականը ականազերծել ողջ Արցախը, որտեղ բնակչության համար կստեղծվեն խաղաղ և ապահով կյանքի պայմաններ:

Միջոցառումը շարունակվեց հարց ու պատասխանի ձևաչափով:

 

Աղբյուր՝ armenianchurch.ge