Նրանք ընկան, բայց փառքով պահեցին հայրենի Արցախի ժողովրդի պատիվը եւ կրկին անգամ ազատ ու խաղաղ երկնքի տակ ապրելու իրավունք ընձեռնեցին փոքրիկ արցախցիներին

Մեկ տարի է անցել այն օրվանից, երբ Ադրբեջանը ռազմական ագրեսիա իրականացրեց Արցախի բանակի ու ժողովրդի նկատմամբ: Ռազմական ագրեսիայի առաջին իսկ րոպեներին ադրբեջանական զինվորականները ռազմական հանցագործություններ իրականացրին Թալիշ գյուղում խաղաղ բնակիչների նկատմամբ, ինչը մեկ անգամ եւս փաստեց հայ ժողովրդին ու միջազգային հանրությանը նրանց անփոփոխ վայրագ նկարագիրը:

Թուլությունից ու ատելությունից դրդված ադրբեջանցի զինվորականները ռազմական հանցագործություններ իրականացրին նաեւ մարտերում սպանված մի շարք հայ զինվորականների նկատմամբ, ինչը ադրբեջանական պետության հակահայ քարոզչության ու ատելության սերմանման անմիջական արդյունքն է:

Անցյալ տարի ապրիլի սկզբին տեղի ունեցածը մեկ անգամ եւս ապացուցեց, որ Արցախի ժողովուրդը երբեք ու ոչ մի պարագայում չի կարող ապրել Ադրբեջանի հետ մեկ պետության մեջ: Եւ դրանից բացի ցանկացած տարածքային ու քաղաքական զիջումներ այդ պետության օգտին ճանապարհ են բացելու նոր ռազմական գործողությունների ու դրան հաջորդելիք քաղաքացիական զոհերի:

2016թ. ապրիլի սկզբին տեղի ունեցած քառօրյա սարսափելի պատերազմը կրկին անգամ հաղթանակով ավարտվեց միայն ու միայն հայ զինվորի ոգու ու նվիրվածության շնորհիվ, ով նախընտրեց պատվով մեռնել ռազմական դիրքերի վրա, քան հանձնել հայրենի հողը հակառակորդին:

Հավերժ փառք ու պատիվ մեր նահատակված հայ զինվորներին: Նրանք ընկան, բայց փառքով պահեցին հայրենի Արցախի ժողովրդի պատիվը եւ կրկին անգամ ազատ ու խաղաղ երկնքի տակ ապրելու իրավունք ընձեռնեցին փոքրիկ արցախցիներին՝ մեր անկախ երկրի ապագային:

Արցախի անկախության համար զոհված հերոս տղաները հավերժ կմնան մեր ժողովրդի սրտերում:

 Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն