Թանգարանների միջազգային խորհրդի դասընթացին մասնակցեց նաև Ջիվանու տուն-թանգարանի գիդ-համակարգողը

Ապրիլի 5-8-ը Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) Հայաստանի ազգային կոմիտեն՝ ՀՀ մշակույթի նախարարության և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ու Սմիթսոնյան ինստիտուտի հետ համատեղ, Հայաստանի ազգային պատկերասրահում կազմակերպեց «Թանգարանային ցուցադրություն. նախագծում և դիզայն» խորագրով դասընթաց-վարժանք, որին մասնակցեց նաև Ջավախքի Կարծախ գյուղում գտնվող Ջիվանու տուն-թանգարանի գիդ-համակարգող Հասմիկ Սաղաթելյանը:

Դասընթացի նպատակը թանգարանային ոլորտի աշխատակիցների հմտությունների զարգացումն էր: Ծրագիրը հարուստ էր ոչ միայն բովանդակային, այլ նաև՝ գործնական հմտությունների զարգացման տեսանկյունից, քանի որ դասընթացի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան խմբային աշխատանքների միջոցով ցուցադրության նախագծեր պատրաստել և ներկայացնել արտերկրից ժամանած իրենց գործընկերներին:

Դասընթաց-վարժանքը կարևոր էր Ջիվանու տուն-թանգարանի աշխատակցի համար ոչ միայն վերապատրաստման, նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու, այլ նաև Հայաստանի թանգարանների հետ գործընկերական կապեր հաստատելու տեսանկյունից: Համագործակցության ընդհանուր ծրագրեր ուրվագծվեցին Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության ՊՈԱԿ-ի, Արամ Խաչատրյանի և Սերգեյ Փարաջանովի  տուն- թանգարանների, ինչպես նաև Ն. Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարանի և Ակսել Բակունցի տուն-թանգարանի հետ:

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամը շնորհակալություն է հայտնում Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) Հայաստանի ազգային կոմիտեին ընձեռած հնարավորություն համար և ակնկալում շարունակական գործընկերություն:

Հիշեցնենք, որ Ջիվանու տուն-թանգարանը հիմնադրվել է 2016թ.-ին Ախալքալաքի Կարծախ գյուղում «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի կողմից: Ցուցասրահի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել օգոստոսի 27-ին՝ Ջիվանու օրվա տոնակատարությունների շրջանակներում, իսկ հուշային հատվածը այժմ վերականգնման և համալրման փուլում է: Բացման օրվանից ի վեր տուն-թանգարանի գիդ-համակարգող Հասմիկ Սաղաթելյանը վերապատրաստվել է արդեն երեք անգամ. առաջին երկու վերապատրաստամունները՝ Երևանում և Գյումրիում: