Թուրքիայի դեսպանատան դիմաց բողոքի ցույցը էության պահպանության պայքար

Հայոց ցեղասպանության ոգեկոչման 102-րդ տարելիցին` ապրիլի 24-ին, Վրաստանում Թուրքիայի դեսպանատան հարակից տարածքում «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցավ բողոքի ակցիա:

Հայերեն և վրացերեն լեզուներով «ճանաչում», «հատուցում» վանկարկելով՝ ցուցարարները Թուրքիայից պահանջում էին ընդունել պատմական իրողությունը՝ հայերի ցեղասպանությունը:

Ցույցի կազմակերպիչներից Սանդրո Օհանյանի խոսքերով, սա էության պահպանման պայքար է:

Սանդրո«Երբեմն հարցնում են, թե ինչու՞ եք այստեղ հավաքվում: Բա որտե՞ղ պետք է լինեինք: Եթե այս պետությունը կազմակերպել է մեր ցեղասպանությունը, գրավել է մեր հողերը, որտե՞ղ պետք է հավաքվենք: Մենք Թուրքիայի դեսպանատան մոտ պետք է հավաքվենք ոչ միայն ապրիլի 24-ին: Սա պետք է լինի պայքար՝ հանուն մեր էության պահպանման և հայրենիքի ազատագրման»,-ասել է Օհանյանը։

Ցույցին, որը հիմնականում հայերեն լեզվով էր, ներկա էին մի շարք հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ: «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնի տնօրեն Լևոն Չիդիլյանի խոսքերով, ցույցի կազմակերպման ընթացքում խոչընդոտներ են եղել:

«Որոշ խոչընդոտներ կային, ինչը մի փոքր լարվածություն առաջացրեց համայնքում  և, ցավոք սրտի, մարդկանց մտորումների տեղիք տվեց` գնա՞լ, թե ոչ Թուրքիայի դեսպանության մոտ»,-ասում է Չիդիլյանը՝ հավելելով, որ լինելով Վրաստանի քաղաքացի՝ հասկանում է պետության դիրքորոշումը, ըստ որի՝  չեն ցանկանում ավելորդ լարվածություն առաջացնել երկրի ներսում:Լևոն

«Թիֆլիսի մի մասը հենց վերապրածների ժառանգներն են: Մենք հարց ունենք ցեղասպան պետության հետ, ոչ թե այն պետության հետ որը չի ճանաչում: Նա պետք է զղջա և ասի` ներողություն, հայե՛ր»,- ասում է Լևոն Չիդիլյանը:

Այս տարի՝ ցույցի նախօրեին, Թբիլիսիի քաղաքապետարանի տրանսպորտային ծառայությունը հանրահավաքը կազմակերպող «Վրաստանի հայ համայնքին» տեղեկացրել էր, որ նպատակահարմար չի հավաքվել Թուրքիայի դեսպանատան առջև, որը գտնվում է կենտրոնական Ճավճավաձե պողոտայում, պատճառը` ճանապարհային երթևեկության ենթադրյալ խափանումն էր: Կազմակերպությունն այս նամակը չի ընդունել որպես արգելք:

Հարկ է նշել, որ եթե նախորդ տարիներին ցույցին մասնակցում և ելույթ էին ունենում համայնքային գրեթե բոլոր կազմակերպությունների ղեկավարները, այս անգամ ներկա չէին նրանցից շատերը, ինչպես օրինակ Թբիլիսիի հայկական պետական թատրոնի տնօրինությունը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթը, Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներ, Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորներ, հայաշատ Իսանի թաղամասից մեծամասնական պատգամավոր Դավիթ Ճիճինաձեն և այլոք:

aliq.ge