Վիրահայության խոնարհումը Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին

Ամեն տարվա նման, այս անգամ էլ ապրիլի սկզբից Վիրահայոց թեմի բոլոր հայաբնակ տարածաշրջաններում և քաղաքներում մեկնարկեցին Հայոց ցեղասպանության սրբադասված մեկուկես միլիոն հայերի հիշատակի միջոցառումները, որոնց ավարտը հանդիսացավ ապրիլի 24-ի հիշատակի Սուրբ Պատարագն ու խաղաղ գործողությունը:

2017 թվականի ապրիլի 24-ին մարդկանց հոսքը դեպի Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի սկսվեց դեռևս վաղ առավոտյան՝ մասնակցելու Հայոց Ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակին եկեղեցում մատուցվող Սուրբ և Անմահ Պատարագին:

Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ մատուցվեց հիշատակի Սուրբ և Անմահ Պատարագ:

Սուրբ Պատարագին ներկա էին Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը տիկնոջ հետ, Վրաստանի խորհրդարանի անդամներ Դավիթ Ճիճինաձեն և Ռուսլան Պողոսյանը, պատմական գիտությունների դոլտոր պրոֆեսոր Սերգո Վարդոսանիձեն, Գիվի Շահնազարը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, դիվանագետներ, համայնքային գործիչներ, մտավորականներ, հասարակայնության անդամներ, հավատացյալներ:

Հընթացս Սուրբ Պատարագի, Պատարագիչ Սրբազան հայրը հավուր պատշաճի քարոզ խոսեց օրվա խորհրդի մասին, հայցելով Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների բարեխոսությունը հայ ժողովրդի, հայրենիքի ու նրա սահմանները պաշտպանող հայ զինվորի համար:Կարևորելով հայ մարդու օրինահնազանդությունը և հավատարմությունը այն երկրի օրենքներին, որտեղ նա հաստատված է, Թեմակալ առաջնորդը ընդգծեց հայ մարդու՝ իր ազգային արժեքները պահպանելու, իր ճակատագրի ողբերգական էջերը հարգելու անկոտրում կամքը, որն արտահայտվում է աղոթքով ու մոմավառությամբ, հոգեհանգստով ու հիշատակի խոնարհումով:

Կիրակնօրյա Սուրբ և Անմահ Պատարագից հետո, Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում կանգնեցված Ցեղասպանության հիշատակի խաչքարի մոտ, Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի նախագահությամբ կատարվեց հատուկ արարողություն, ոգեկոչվեց Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը: Ներկաները ծաղիկներ խոնարհեցին Հիշատակի խաչքարի պատվանդանին:

Այնուհետև Վրաստանի հայ համայնք կազմակերպության նախաձեռնությամբ, թբիլիսահայերով ավտոբուսների շարասյունն ուղղվեց դեպի Թուրքիայի Հանրապետության դեսպանություն, որտեղ տեղի ունեցավ բողոքի խաղաղ հանրահավաք:

Բացելով հանրահավաքը, Վրաստանի հայ համայնք հասարակական կազմակերպության նախագահ Սամվել Մկրտչյանը ապրիլի 24-ը անվանեց հայության միասնության օր, կոչ արեց հանրահավաքի մասնակիցներին նախանձախնդրությամբ տեր կանգնել Հայ Դատին և հայոց արդար պահանջատիրությանը:

Հանրահավաքին, որ ընթանում էր հայերեն, վրացերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով, դատապարտման, ճանաչման և հատուցման կոչով հանդես եկան Սանդրո Օհանյանը, Միքայել Ավագյանը, Լևոն Չիդիլյանը, Սուսաննա Խաչատրյանը, Գարեգին Քոչյանը, Մոնիկա Քուրքչյանը, Մարինա Կիրակոզովա-Մոսեսովան, Սուսաննա Մանվելյանը, Գուրգեն Մխիթարյանը և այլոք:

Հանրահավաքի ընթացքում հնչեցին հայրենասիրական բանաստեղծություններ և երգեր: Հանրահավաքն ընթացավ խաղաղ մթնոլորտում, քաղաքակիրթ ձևով, պահպանելով հասարակական կարգի բոլոր նորմերը: Ապրիլի 24-ի միջոցառումները լուսաբանվեցին Վրաստանի զանգվածային լրատվության միջոցներով:

Ապրիլի 24-ին հիշատակի Պատարագներ, բողոքի ակցիաներ, քայլերթեր և խաղաղ հանրահավաքներ տեղի ունեցան Վրաստանի հայաբնակ քաղաքներում և շրջաններում:

armenianchurch.ge