Թուրքիայի դեսպանատան խնդրանքով Վրաստանի խորհրդարանում հետաձգվել է օրինագծի քննարկումը

Իշխող «Վրացական երազանք»-ի  պատգամավոր Նուկրի Քանթարիան պարզաբանել է, թե ինչու է Դիդգորի ճակատամարտի օրը` օգոստոսի 12-ը, «Մեծ հաղթանակի օր» հայտարարելու վերաբերյալ օրինագծի քննարկումը հետաձգվել։ 

Նրա խոսքով՝ պատճառներից մեկն այն է, որ նախաձեռնողները խորհրդակցություններ են վարում պատմաբանների հետ, մյուսը՝ Թուրքիայի դեսպանատան խնդրանքն է:

Հիշեցնենք՝ մարտի 23-ին Վրաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ հավանություն է տվել Դիդգորիի ճակատամարտի օրը` օգոստոսի 12-ը, «Մեծ հաղթանակի օր» հայտարարելու վերաբերյալ օրինագծին: Սակայն օրինագծի քննարկումը դադարեցվել է:

«Հանդիպումներ ենք անցկացնում պատգամավորների հետ: Այնպես ենք ուզում անել, որ գրավիչ լինի ոչ միայն մեր, այլ նաև զբոսաշրջիկների համար: Չենք ցանկանում, որ այդ օրը լինի ձևական օր»,- հայտարարել է Քանթարիան:

Տեղեկացնենք, որ խորհրդարանի կրթության հարցերով հանձնաժողովում մարտի 15-ին օրինագծի քննարկման ժամանակ նիստը վարող Գենադի Մարգվելաշվիլին առաջարկել էր պատմաբանների և այլ շահագրգիռ կողմերի ևս հրավիրել: Առաջարկը, սակայն, մերժվել է:

Պատճառներից մեկը նաև Թուրքիայի դեսպանատան խնդրանքն է: Քանթարիան հաստատել է, որ Թուրքիայի դեսպանատունը Վրաստանի խորհրդարանին խնդրել է՝ օրինագիծն  այս կերպ չընդունել:

«Թուրքիայի դեսպանատունը խնդրանքով դիմել է մեզ, որ Դիդգորի ճակատամարտը իրենց պարտության օր, խորհրդարանը այս որոշմամբ հնարավոր է որոշակի տհաճ հարաբերություններ առաջ բերի: Ընկերական խնդրանք է եղել: Իհարկե, դեսպանատունը իրավունք չունի խառնվել մեր ներքին գործերին»,- ասել է Քանթարիան:

Վերջինիս խոսքով՝ Թուրքիան Վրաստանի հարևան երկրներից ամենամեծն է, ում հետ «հարաբերությունները չեն ցանկանում սրել»:

«Ցավոք, մենք փոքր երկիր ենք, կայսերական ամբիցիաներ չունենք: Չենք ցանկանում մեր ազդեցությունը տարածել ուրիշների վրա: Հետևաբար, մեզ դիվանագիտություն է անհրաժեշտ, որ ոչինչ չկորցնենք և վնաս չհասցնենք երկրի զարգացման հեռանկարներին: Նա (Թուրքիան) հնարավորություն ունի մեր երկրում իրավիճակ սրել: Նա չի ճանաչել Աբխազիան ու Սամաչաբլոն որպես պետություն, ինչի համար շնորհակալ ենք: Պաշտոնապես Աջարիայի հանդեպ ևս հավակնություններ չի ներկայացնում՝ չնայած Ազգային ընկալման փաստաթղթում գրված է՝ Թուրքիան Վրաստանին 1921թ․ տարածք է զիջել: Զիջել, նշանակում է իմն է, բայց քեզ եմ տալիս»,-պարզաբանել է Քանթարիան:

Aliq.ge