Հարություն Խաչատրյանի «Պոետի վերադարձը» ֆիլմը «Հայարտուն» կենտրոնում

2017 թվականի ապրիլի 30-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ «Պոետի վերադարձը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմի ռեժիսոր, «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանը վաղուց էր սպասում Թբիլիսիում այս ֆիլմի ցուցադրությանը և կինոյի թբիլիսահայ երկրպագուների հետ հանդիպմանը: Սակայն տկարության պատճառով ֆիլմի բեմադրող-ռեժիսորը չկարողացավ Թբիլիսի ժամանել և ներկա գտնվել «Ջիվանուն և Ջավախքին» նվիրված ֆիլմի ցուցադրությանը:

Հավարտ կիրակնօրյա Սուրբ և Անմահ Պատարագի Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում հավաքվածներին բաժանվեց Հարություն Խաչատրյանի երբեմնի սուրբ խոստումը՝ Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու հավատացյալներին հյուրասիրել խոստացած մատաղով:

Այնուհետև հանրությունը տեղափոխվեց Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահ, որտեղ թեմի մշակույթի բաժնի տնօրեն Լևոն Չիդիլյանը հանգամանալից խոսեց Հարություն Խաչատրյան հայտնի ռեժիսորի, բազում վավերագրական ֆիլմերի հեղինակի մասին, արժևորեց նրա ավանդը «Ոսկե ծիրան» փառատոնի՝ հիրավի միջազգային մեծ ճանաչում վայելող այս փառատոնի հիմնադրման, իսկ այնուհետև կազմակերպման գործում:

ՀՀ ժողովրդական արտիստ Հարություն Խաչատրյանի համար կյանքի հավատո հանգանակը եղել և մնում է՝ լայն բացված աչքերով ապրելու և ամեն ինչ տեսնելու, ցույց տալու և կինոյի միջոցով հնարավորինս մարդուն օգնելու սեփական ուղին գտնելու գաղափարը:

Եվրոպական կինոակադեմիայի անդամ Հարություն Խաչատրյանի «Պոետի վերադարձը» ֆիլմը նվիրված է 19-20-րդ դարերի հայկական մշակույթի ամենավառ անհատականություններից մեկին՝ Ջիվանուն և Ջավախք աշխարհին: Ախալքալաքի ծնունդ ռեժիսորը Ջիվանու աչքերով և քննող հայացքով պատմում է մերօրյա Հայաստանի մասին,: Ֆիլմը ժամանակակից կյանքի դոկումենտալ ուսումնասիրություն է և փաստագրում է Ջիվանու արձանի կերտումը և տեղափոխումը Երևանից Ջիվանու ծննդավայր՝ Ջավախք, ինչպես նաև ներկայացնում է նկարահանող խմբի ստացած տպավորությունները Ջավախք տանող ճանապարհին:

Թբիլիսահայերը հետաքրքրությամբ դիտեցին ռեժիսորի «Պոետի վերադարձը» ֆիլմը, որը նվիրված է նաև Ջավախքի ավանդույթներին:

 

IMGP0887 IMGP0883 IMGP0893 IMGP0904