«Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանում երեխաների օրը երկարաձգվեց

2017 թվականի մայիսի 2-ից, Վիրահայոց թեմի առաջնորդարանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ, Թբիլիսիի «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանում ավելացավ երեխաների գտնվելու տևողությունը: Երեխաների օրը նախակրթարանում այսուհետ մեկնարկում է առավոտյան ժամը 9-ն անց 30-րոպեից և ավարտվում ժամը 16-ն անց 30 րոպեին:

Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությամբ, երեխաներին օրվա ընթացքում մեկ անգամ հավելյալ կերակրելու հարցը ապահովում է առաջնորդարանը: Երկարաձգելով նախակրթարանում մանուկների գտնվելու ժամանակը, նրանց տրվում է իրենց ուսուցիչների և ընկերների հետ ավելի երկար գտնվելու, ավելի շատ շփվելու, խաղալով սովորելու և զվարճանալու հնարավորություն:

Սուրբ Մովսես Խորենացի նախակրթարանը (տնօրեն՝ Եվգենյա Մարկոսյան) այն միակ հայեցի կրթությամբ նախադպրոցական հաստատությունն է Թբիլիսիում, որը գործում է մայրենի լեզվով: Այն սկսել է գործել 2011 թվականի հոկտեմբերից Վիրահայոց թեմի առաջնորդի նախաձեռնությամբ և հովանավորությամբ, ընդամենը ութ աշակերտով: Այսօր նախակրթարանի ավագ և կրտսեր խմբերում սովորում է 50 երեխա: Երեխաների դաստիարակության գործում զբաղված են առարկայական երեք ուսուցիչներ, երգի, պարի, գեղարվեստական դաստիարակության մասնագետներ: Սա այն հաստատությունն է, որտեղ երեխաների օրն սկսվում է եկեղեցու ներսում ժամերգությանը մասնակցությամբ և որտեղ երեխաները ամեն օր ստանում են քահանաների օրհնությունը:

Սուրբ Մովսես Խորենացի նախակրթարանը ամեն տարի հայկական դպրոց է ուղղորդում 10-ից 16 հայ դպրոցահասակ երեխա:

armenianchurch.ge