Մայիսյան եռատոնը նշվեց Կուլիկամում

«ՄԱՅԻՍ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԱՄԻՍ» ահա այսպիսի հաղթական տրամադրություն էր այսօր Կուլիկամի հանրային դպրոցում։ Կազմակերպիչն էր ուսուցչուհի Նադյա Մարաբյանը և նրան օգնականները, իսկ մասնակիցները՝ ութերորդ և ցածր դասարանների լավագույն աշակերտները: Նրանց շնորհիվ բոլոր մասնակիցներն ապրեցին թե կորստի, թե հուզմունքի և թե հաղթանակի պահեր։ Մայիսը հայ ժողովրդի ողջ պատմության մեջ նշանավորվել է որպես հաղթանակների և վրեժխնդրության ամիս. 451 թ. մայիսի 26-ին Մեծ Հայքի հարավ-արևելյան մասում, Արտազ գավառում, Տղմուտ գետի ափին, Ավարայրի դաշտում կերտվեց հայ ժողովրդի պատմության ամենահերոսական էջերից մեկը. տեղի ունեցավ Ավարայրի ճակատամարտը, որի ընթացքում հայ ժողովուրդը կարողացավ վաստակել ապրելու և զարգանալու իրավունք, այդ իրավունքը վաստակեց շուրջ 1036 հայ քաջեր արյան գնով:

Անցան դարեր: 1918թ. մայիսի 22-29-ի Սարդարապատի ճակատամարտով, 1918թ. մայիսի 24-29-ի Բաշ-Ապարանի ճակատամարտով և 1918թ. մայիսի 20/21-31-ի Ղարաքիլիսայի հերոսամարտով հայ ժողովուրդը վերստին ապացուցեց ինքն իրեն և թշնամուն, որ հայ ազգն անհաղթելի է, հայ ժողովուրդ անպարտելի, և որ պետք է ապրի դարերով, զարգանա ու բազմանա: 1945թ. մայիսի 1-ին Խորհրդային միության զորքերը այդ թվում և հայկական ուժերը, որոնց թվում և լեգենդար 89-րդ Թամանյան դիվիզիան մտան Բեռլին: Մայիսի 9-ին Ռայխսթագի վրա բարձրացվեց խորհրդային Կարմիր դրոշը (հաղթանակի խորհրդանիշը): Մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը ստորագրվեց Գերմանիայի անվերապահ կապիտուլացիայի ակտը, որով ավարտվեց 1941 թ. հունիսի 22-ին սկիզբ առած Հայրենական Մեծ պատերազմը, որը բառի բուն իմաստով ՀԱՅՐԵՆԱԿԱՆ էր հայ ժողովրդի համար: 1992 թ. մայիսի 9-ի Շուշիի հաղթանակը դարձավ Մեծ Հայքի` Մեծ և կենսունակ Հայաստանի վերականգնման առաջին քայլը: Հայ ժողովուրդը դեռ կպարի իր հաղթական քոչարին նաև Վանում, Մուշում, Սասունում, Էրզրումում…

Այսպիսով, պատահականության, թե զուգադիպության բերումով մայիսը լի է հայ ժողովրդի պատմական հաղթանակներով:

Ջավախք Մեդիա, Կուլիկամ, Ջավախք