Վրացական պոեզիայի անթոլոգիան՝ հայերեն

2017 թվականի մայիսի 29-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ վրացական պոեզիայի հայերեն անթոլոգիայի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա էր համահեղինակ, Հայաստանի գրողների միության անդամ, բանաստեղծ, թարգմանիչ Գագիկ Դավթյանը:

Դահլիճում տեղեր էին զբաղեցրել վրաց ժամանակակից գրողներ, բանաստեղծներ, ընթերցողներ, թբիլիսահայ գրական հասարակայնության ներկայացուցիչներ:

Միջոցառմանն իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլին, անդրադարձ կատարելով վրաց-հայկական գրական կապերին, կարևորեց երկու օր առաջ Թբիլիսիում Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանի «Մարդը և կրկեսը» գրքի վրացերեն թարգմանության շնորհանդեսը, որին ներկա էին հեղինակը և թարգմանիչները: Նման հանդիպումները դառնալով կատարված աշխատանքի հանրագումար, նաև վկայում են հայ-վրացական գրական կապերի զարգացման մասին:

Վրացական պոեզիայի հայերեն անթոլոգիան հրատարակվել է Գագիկ Դավթյանի ծննդյան 70 և գրական գործունեության 50-ամյակի առիթով: Շնորհավորելով հայ գրչակցին հոբելյանի և վրացական պոեզիայի անթոլոգիան կազմելու համար, Վրաստանի գրողների միության նախագահը ընթերցեց Գագիկ Դավթյանին Գալաքտիոն Տաբիձեի անվան մրցանակ շնորհելու տնօրինությունը:

Շնորհաշատ բանաստեղծի հավատո հանգանակը բացի ստեղծագործելուց նաև ստեղծագործության պտուղները միմյանց հասանելի դարձնելն է, իրենը տալ և ուրիշինը փոխանակելը: Առաջին անգամ Վրաստան գալուց և վրաց պոեզիայի աստղաբույլի հետ ծանոթանալուց հետո, հայ բանաստեղծի համար նպատակ էր դարձել վրացական պոեզիայի հայերեն թարգմանության ստեղծումը: Ժամանակակից վրացի 34 բանաստեղծների գործերն ամփոփող սույն ժողովածուն դարձավ Վրաստանի գրողների միության պատվավոր անդամ Գագիկ Դավթյանի ավելի քան 30 տարիների թարգմանական հետևողական աշխատանքի արգասիք: Վրացական պոեզիայի անթոլոգիայում զետեղված են վրաց բանաստեղծների նոր սերնդի առավել օժտված ներկայացուցիչների գործերը:

Գողտրիկ և խոհական էր հանդիպումը, քանզի դահլիճում գտնվող վրացի բանաստեղծներ Դավիթ Մճեդլուրին Վախթանգ Խարչիլավան, Դալիլա Բեդիանիձեն, Դավիթ Շեմոքմեդելին, Բադրի Քութաթելաձեն և մյուսներն ունկնդրեցին նմուշներ իրենց բանաստեղծություններից, որոնք փայլուն թարգմանությամբ, պահպանելով վրացական պոեզիայի յուրահատկությունը, ներկայանում են հայ ընթերցողին մայրենի լեզվով:

Հոբելյարին գնահատանքի և շնորհավորանքի խոսքեր ուղղեցին Վլադիմիր Սարիշվիլին, Գուրամ Օդիշարիան, Գիվի Շահնազարը Վան Բայբուրթյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Բաղաթուր Արաբուլին, Գարի Ղալամքարովը և ուրիշներ:

Միջոցառումն ամփոփեց Վիրահայոց թեմի առաջնորդը: Բարձր գնահատելով երկու երկրների գրողների միությունների բեղմնավոր գործունեությունը, թեմակալ առաջնորդը արժևորեց տիկինՄաղվա Գոնաշվիլու, պարոն Էդվարդ Միլիտոնյանի ղեկավարությամբ երկու երկրների գրողների միությունների արգասաբեր աշխատանքը: Սրբազան հայրը նաև խոսեց Թումանյանի տանը «Վերնատուն» գրական և մշակութային կենտրոնի մասին, որի առաքելությունը հայ-վրացական գրական և մշակութային կապերի զարգացումն է, համատեղ միջոցառումները, երիտասարդության պատրաստումը և հրատարակչական գործունեությունը:

Վերջում ելույթ ունեցավ Գագիկ Դավթյանը: Նա շնորհակալություն հայտնեց հոբելյանի և գրական մրցանակի արժանացնելու համար:Իսկ վրացական պոեզիայի անթոլոգիայի պատրաստումը իր տարիների երազանքն էր, որը իրականացվել է մեծ սիրով և նվիրումով:

Միահամուռ կարևորվեց գրական աշխարհի ներկայացուցիչների անդրկովկասյան փառատոն անցկացնելու առաջարկությունը: Երեկոն դարձավ հայ-վրացական գրական կապերի ամրապնդման մի գեղեցիկ վկայություն:

IMG 3307 IMG 3320 IMG 3377 IMG 3427