Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառում Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում

Այսօր Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում, օրհնությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի, տեղի ունեցավ երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառում՝ հակահամակարգչային հունիսի 1: Միջոցառումը, ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս տարի կրում էր «ԲԱԿԱՅԻՆ ԽԱՂԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ» խորագիրը։ Եկեղեցու բակում տեղադրված էին բակային խաղերը գովազդող և հակահամակարգչային ցուցանակներ: Տոնական օրը սկսվեց Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցուց: Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվներ Արժանապատիվ Տեր Եղիշե ավագ քահանա Հարությունյանն ու Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանն՝ կատարեցին մանուկների օրհնության կարգ: Ապա խոսքով հանդես եկավ Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը: Նա շնորհավորեց երեխաներին տոնի կապակցությամբ: Այսօր երեխաներին սպասում էին բազմաթիվ անակնկալներ:

Փոքրիկներին ուրախացնելու համար, Ջավախքին աջակցության հիմնադրամի անմիջական աջակցությամբ, Երևանից ժամանել էր խաղավար: Վերջինս կազմակերպել էր բազմաթիվ խաղ-մրցույթներ, այդ թվում նաև բակային խաղեր, որոնց հաղթողները Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության և Արայ խանութների ցանցի Ախալքալաքի մասնաճյուղի կողմից ստացան նվերներ: Միջոցառումն ուղեկցվում էր մանկական երգ ու պարով: Անակնկալն էլ ավելի մեծ էր, երբ երեխաներին այցելեցին հեքիաթային հերոսները՝ իրենց հետ բերելով փուչիկներ: Միջոցառման ընթացքում Ախալքալաքի մունիցիպալիտետի Ապագայի Տան ուսուցիչները և նկարիչ Հայկազուն Ղարագուլյանն իր աշակերտների հետ միասին երեխաների դեմքերին պատկերում էին մանկական նկարներ, ինչպես նաև նրանք երեխաներին սովորեցնում էին պատրաստել թղթից թիթեռներ: Ապագայի տունը կազմակերպել էր նաև փոքրիկ միջոցառում, որի գեղարվեստական մասի պատասխանատուներն էին Ապագայի տան տնօրեն Սաթենիկ Մահտեսյանն ու հայոց լեզվի խմբակի ուսուցչուհի Նանուլի Ունանյանը։ Միջոցառման ընթացքում աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչների տարազներով երեխաները հանդես եկան խաղաղության կոչով։ Տոնական օրն ավարտվեց Արայ խանութների ցանցի կողմից պաղպաղակի հյուրասիրությամբ։ Այսօր ամբողջ օրը Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում թևածում էր ուրախ տրամադրություն։ Ժամեր շարունակ կարելի էր եկեղեցու բակում տեսնել ժպտացող, երգող ու պարող, տարբեր խաղեր խաղացող երեխաների, որոնց օրը էլ ավելի գունեղ էին դարձնում գույնզգույն փուչիկները։


Ջավախքի առաջնորդական փոխանորդության մամլո դիվան