Վրաստանը՝ Ադրբեջանի և Թուրքիայի պատանդ

Փորձագետները կարծում են, որ Մուխթարլիի գործում ամենից շատ տուժել է
Վրաստանը: Լրագրողի գործը ամուր կապվեց Վրաստանի ապագայի և միջազգային
հեղինակության հետ: Կա՛մ Վրաստանը պետք է հետաքննի, թե ինչպես է լրագրողը
անհետացել Թբիլիսիից, և պատժի մեղավորներին, կա՛մ կներքաշվի իր ավտորիտար
հարևանների խաղի մեջ:

Ադրբեջանն ու Թուրքիան այսօր Վրաստանի կարևորագույն հարևաններն ու
գործընկերն են: Ադրբեջանական էներգետիկ ռեսուրսները Վրաստանի համար դարձել
են այլընտրանք ռուսականին: Վրաստանին Թուրքիայի և Ադրբեջանի հետ կապում են
նաև մի շարք այլ խոշոր էներգետիկ նախագծեր: Բացի այդ, Թուրքիան Վրաստանի
ամենախոշոր առևտրային գործընկերներից մեկն է:

Թեև այսօր այս ռազմավարական գործընկերությունը, որը ազատել է Ռուսաստանից
էներգետիկ կախվածությունից, Վրաստանի համար դառնում է վտանգավոր. Թուրքիայի
և Ադրբեջանի ավտորիտար ռեժիմները փորձում են ներքաշել Վրաստանին իրենց
քաղաքական ընդդիմախոսների դեմ պայքարի մեջ: Իսկ Թբիլիսին այս փուլում չի
կարող կամ ի զորու չէ դիմակայել այս տեսակի ճնշմանը:

Մուխթարլիի անհետացման հետ մեկտեղ Վրաստանը շուտով ևս մեկ թեսթ պետք է
անցնի. Թուրքիան Թբիլիսիից պահանջում է արտահանձնել Դեմիրելի անվան
վարժարանի կառավարիչ Մուստաֆա Էմրե Չաբուկին: Չաբուկը Վրաստանի իրավապահ
մարմինների կողմից ձերբակալվել էր մայիսի վերջին թուրքական կողմի հարցմամբ:
Անկարան վերջինիս համարում է Ֆետուլլահ Գյուլենի գաղափարակից և մեղադրում է
վերջերս տեղի ունեցած ձախողված հեղաշրջման փորձի մեջ: Գյուլենի
կողմնակիցներին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետապնդում է
ամբողջ աշխարհում և ոչ մեկ անգամ դիմել է եվրոպական երկրներին այս կամ այն
անձի արտահանձման համար, բայց ամեն անգամ մերժում է ստացել: Սակայն կարո՞ղ
է արդյոք Թբիլիսին հետևել եվրոպացիների օրինակին և մերժել Անկարային
Չաբուկի արտահանձման հարցում:

Չաբուկի արտահանձումը թուրքական կողմին ծանր հարված կհասցնի Վրաստանի
միջազգային իմիջին, քանի որ թուրք ուսուցչին հայրենիքում ոչ միայն
խոշտանգումներ են սպառնում, այլ անգամ մահապատիժ:

«Մեր հարևանները Վրաստանի վրա ճնշում գործադրելու բազում լծակներ ունեն:
Սակայն որքան շատ Վրաստանը զիջի, այնքան Թուրքիայի և Ադրբեջանի ախորժակը
կմեծանա», -կարծում է փորձագետ Խաթունա Լագազիձեն:

Ըստ նրա՝ եթե Վրաստանը չսովորի կառուցել հարևանների հետ հավասար
գործընկերային հարաբերություններ և պաշտպանել իր ինքնիշխանությունը,
շանտաժին վերջ չի լինի. «Կգա օրը, երբ կպարզվի, որ մենք դարձել ենք
Թուրքիայի զոհը, այնպիսին, ինչպիսին աժմ Ռուսաստանի համար ենք: Եվ ի՞նչ
անել այդ դեպքում, վազե՞լ Ռուսաստանի մոտ: Վրաստանի փրկությունը Եվրոպայի և
եվրոպական արժեքների մեջ է: Այլընտրանքային ճանապարհ չկա»:

www.armenian-community.ge