Հայկ Բալանյան – Ինչպես հակազդել թուրքական ակտիվությանը Վրաստանում ու Ջավախքում

Այս նախագիծը իրականացվում է Javakhkmedia.com-ի, Akhaltskha.Net-ի եւ Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի համատեղ ջանքերով: Նախագծի սահմաններում զրուցելու ենք տարբեր վերլուծաբանների, փորձագետների, քաղաքական ու հասարակական գործիչների հետ Ջավախքում թուրքական գործոնի ակտիվացման շուրջ:

Մեր առաջին հյուրն է հայտնի անկախ քաղաքական փորձագետ Հայկ Բալանյանը:

Պրն. Բալանյան, շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար ժամանակ գտնելու համար: Ահա այն խնդիրները, որոնք վերջին շրջանում ձեւավորվել են մեր ընթերցողների հարցերի հիման վրա.

1. Ի՞նչ կոնկրետ փաստեր կարող եք ներկայացնել Ջավախքում, Վրաստանի այլ շրջաններում եւ տարածաշրջանում թուրքական գործոնի ներկայության աճի վերաբերյալ:

Ժողովրդագրական աճ, Բաքվի և Անկարայի պետական ակտիվ քաղաքականություն, կրոնական վերածնունդ՝ մզկիթների կառուցում և վերաբացում, այդ թվում վրաց մահմեդականների համար, տրանսպորտային ծրագրեր, բիզնեսի մեծ և աճող ներկայություն Վրաստանի տնտեսության մեջ:

2. Ինչպե՞ս հակազդել թուրքական ակտիվությանը Վրաստանում ու հատկապես Ջավախքի շրջանում

Վերը թվարկված գործոնների կիրառմամբ հայերի և Հայկական պետության կողմից:

3. Ի՞նչ կարող են անել ՀՀ իշխանությունները այս ուղղությամբ որպեսզի հակազդեն թուրքականակտիվությանը ՍամցխեՋավախք տարածաշրջանում:

Միայնակ հակազդել չի կարող, ուժերը անհավասար են, բայց եթե վրացիների՝ թրքական մտահոգիչ ազդեցության մասով աշխատանք տարվի, ապա հնարավոր է: Բայց դրա համար անհրաժեշտ է Վրաստանին տրամադրել այլընտրանքներ, հանձինս այն տնտեսական և քաղաքական օգուտների, որոնք Վրաստանը քաղում է թրքական պետությունների հետ համագործակցության արդյունքում:

4. Ի՞նչ քաղաքականություն պետք է մշակեն Ջավախքի հայկական կազմակերպություններըդիմակայելու համար թուրքական ակտիվությանը:

Սփյուռքին բռի մեջ հավաքել, և զբաղվել Ջավախքի տնտեսական զարգացման ծրագրերով: Կլինի աշխատանք` կլինեն հայեր և ազդեցություն: Եթե ոչ, ապա ծերերի մահից հետ տարածաշրջանը կդատարկվի:

5. Արդյոք պատրա՞ստ են Վրաստանի ու Հայաստանի իշխանությունները համագործակցել ընդդեմթուրքական վտանգի:

Վրաստանը ունի մի շարք խնդիրներ Ռուսաստանի հետ, և թրքական ազդեցությունը, ի դեմս Արևելք-Արևմուտք կապի ընդեմ Հյուսիս-Հարավ կապի պաշտոնական Թիֆլսիում ընկալվում է, որպես իր գեոքաղաքական և գեոտնտեսական գործառույթ, որը Վրաստանին արժեք, նշանակություն, տնտեսական օգուտներ և պաշտպանություն է տալիս: Այդ պարադիգմը քայքայել շատ դժվար է, քանի դեռ ռուս-վրացական հարաբերությունները սրված են: Եթե հնարավոր լինի հասկացնել Թիֆլիսին, որ թրքական զույգ պետությունների և Ռուսաստանի միջև հավասարակշիռ քաղաքականությունն ավելի մեծ օգուտներ կտա Վրաստանին, և թույլ կտա մրցակից դարձնել Մոսկվային և Անկարա-Բաքվին Թիֆլիսի վրա ազդեցությունը պահպանելու համար, և այդ երկու բլոկերին հնարավոր կլինի ավելի մեծ եռանդով քամել և չընկնել ոչ մեկի գերիշխան ազդեցության տակ, ապա թրքական ազդեցությունը կնվազի:

Բայց Վրաստանը պատրաստ չի վարել Թուրքիային ընդդեմ քաղաքականություն: Իհարկե, եթե միայն Թուրքիան վերջնականապես չկտրվի Արևմուքտից և Վրաստանը չստանա Արևմուտքից պարտադրված որոշում: Բայց նույնիսկ այդ դեպքում վրացիները կցանկանան երկակի խաղ խաղալ:

6. Արդյոք չե՞ք կարծում, որ ՍամցխեՋավախքի հայության հուզող շատ խնդիրներ կարող ենավտոմատ կերպով լուծվել այն բանից հետո երբ Վրաստանի իշխանությունները լիարժեքգիտակցեն թուրքադրբեջանական քաղաքականության վտանգը մեր տարածաշրջանում:

Ոչ, Ջավախքում թրքական ազդեցությունը թույլ է, կշարունակեն հայերի հյուծման քաղաքականություն, իսկ ասենք, Բոլնիսում կաջակցեն հայերին ընդեմ ադրբեջանցիների: Բայց այնուամենայնիվ իրենց ռազմավարությունը՝ Վրաստանը վրացիների համար չեն փոխի: Կհանդուրժեն, կհաշտվեն՝ պաշտոնական Երևանի կամ ԱՄՆ-ի ճնշման տակ, ու կլռեն: Ոչ ավելին: Իսկ Ջավախքի հիմնական խնդիրը աշխատանքն է, որը Վրաստանը իր գյուղական շրջանների համար էլ չի կարող լուծել, ուր մնաց հայերի համար:

7. Ի՞նչ կցանկանայինք հավելել

Առանց մեղսունակ պաշտոնական Երևանի Ջավախքում ծրագրերը կաղալու են, ու մեծ արդյունավետություն չեն ունենա: Ոչ մի հասարակական կազմակերպություն կամ միություն ընդդեմ պետության ոչ մի շանս չունի:

 

Հայկ Բալանյան, անկախ փորձագետ, Երևան: