Վիրահայ երիտասարդը դարձել է ՄԱԿ-ում Վրաստանի երիտասարդության ներկայացուցիչ

Վրաստանի սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության «ՄԱԿ-ում Վրաստանի երիտաասարդության ներկայացուցիչը» ծրագրի հաղթող է ճանաչվել թիֆլիսահայ Գիորգի Տումասյանը:

21 մասնակիցները անցել են երեք նախընտրական փուլ: Երրորդ փուլ անցած մասնակիցները հանձնաժողովի առջև ներկայացրել են հանրային ելույթ՝ „Challenges facing youth on national and international level — similarities and differences” թեմայով: Հաղթողը ընտրվել է միավորներն ամփոփելուց հետո:

Վրաստանի սպորտի և երիտասարդության հարցերով նախարարությունը արտաքին գործերի նախարարության աջակցությամբ արդեն մի քանի տարի է հաջողությամբ իրականացնում է «ՄԱԿ-ում Վրաստանի երիտասարդության ներկայացուցիչը» ծրագիրը:

Երիտասարդության ներկայացուցիչների ծրագիրը համարվում է Միացյալ ազգերի կազմակերպության հաջողված նախաձեռնություններից մեկը: ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը 1981 թվականին, առաջին անգամ, կոչ է արել անդամ երկրներին, երիտասարդ պատվիրակներին ընդգրկել երկրի պաշտոնական պատվիրակությունների կազմում:

Ընտրված մասնակիցը երիտասարդների հետ անցկացնում է խորհրդատվություններ, հանդիպումներ: Քիչ անց երիտասարդության ներկայացուցիչը մեկնում է ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակ (Նյու Յորք, ԱՄՆ), որտեղ որպես Վրաստանի պատվիրակության լիիրավ անդամ մասնակցում է Գերագույն վեհաժողովի երրորդ կոմիտեի միջոցառմանը և կոմիտեի լսումներին, խոսքով ելույթ է ունենում նույն կոմիտեի նիստին և մասնակցում երիտասարդության մասին որոշումների մշակմանը: Երիտասարդության ներկայացուցիչը կարող է մասնակցել նաև տնտեսական և սոցիալական խորհրդի սոցիալական զարգացման հանձնաժողովի նիստերին:

2012-2016թթ. ՄԱԿ-ում Վրաստանի երիտասարդության ներկայացուցիչներն են. Գիորգի Ճեխանին, Թորնիկե Զուրաբիշվիլին, Լաշա Շաղուլաշվիլին, Մարիամ Սիխարուլիձեն, Թաթիա Դոլիձեն: