Արտյուշ Գրիգորյան. Վրաստանի հանրությունը նոր է սկսել խոսել թուրքական վտանգի մասին

Այս նախագիծը իրականացվում է Javakhkmedia.com-ի, Akhaltskha.Net-ի եւ Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի համատեղ ջանքերով: Նախագծի սահմաններում զրուցելու ենք տարբեր վերլուծաբանների, փորձագետների, քաղաքական ու հասարակական գործիչների հետ Ջավախքում թուրքական գործոնի ակտիվացման շուրջ:

Մեր հյուրն է «Ջավախք» հիմնադրամի նախագահ՝ Արտյուշ Գրիգորյանը:

Ի՞նչ կոնկրետ փաստեր կարող եք ներկայացնել Ջավախքում, Վրաստանի այլ շրջաններում եւ տարածաշրջանում ընդհանրապես թուրքական գործոնի աճի վերաբերյալ.

 -Վրաստանում թուրքական, ինչպես նաև թուրք-ադրբեջանական գործոնի ակտիվացում անզեն աչքով էլ կարելի է տեսնել։ Թուրքական գործոնը մի քանի շերտեր ունի, որոնք փոխլրացնում են միմյանց։ Առաջինը դա կրոնական գործոնն է։ Թուրքիան մզկիթների, մեդրեսեների (մուսուլմանական դպրոցներ) կառուցման ուղղությամբ ակտիվ աշխատում է, նույնիսկ այն տարածքներում, որտեղ մահմեդականներ գրեթե չկան։ Երկրորդը տնտեսական գործոնն է։ Թուրքական կապիտալը ներթափանցել է հնարավոր բոլոր ոլորտները։ Վրաստան Թուրքիա առևտրատնտեսական հարաբերությունները տարեկան հասնում են 1,5 միլարդ դոլարի և դա բարձր ցուցանիշ է։ Կարս-Ախալքալակ-Բաքու երկաթգիծը, Բաքու-Ջեյհան նավթամուղը տնտեսական շահից բացի ակնհայտորեն նաև ազդեցության լծակ է Վրաստանի վրա։  Երրորդը ժողովրդագրական պատկերը փոխելուն ուղղված գործողություններն են՝ ի օգուտ թուրքական տարրերի։

Ինչպե՞ս հակազդել թուրքական ակտիվությանը Վրաստանում ու հատկապես Ջավախքի շրջանում.

 -Թուրքական ակտիվությանը խորը արմատներ է գցել և հակազդելն այսօր իսկապես հեշտ չէ, բայց նաև անհնար չէ։ Թուրքիան ակնհայտ է, որ չի հրաժարվել Մեծ Թուրան կոչվող ծրագրից։ Միգուցե ներքին և արտաքին խնդիրներով պայմանավորված, այն հիմա երկրորդ պլանում է, բայց միշտ պատրաստ առաջին պլանում հայտնվելու։ Վերոնշյալ ծրագրին հակազդելու համար անհրաժեշտ է ուժեղացնել հայկական գործոնը Վրաստանում և հատկապես Ջավախքում։   Հայկական գործոնի ակտիվացումը ենթադրում է Հայաստան-Վրաստան հարաբերությունների առավել խորացում, որը կընդգրկի հնարավոր բոլոր ոլորտները՝ տնտեսական, կրթական, ռազմական, մշակութային և այլն։  Ուստի անհրաժեշտ է ակտիվ աշխատել վրացական հասարակական- քաղաքական կազմակերպությունների հետ, և հատկապես իշխանությունների հետ։ Վրաստանի հանրությունը դեռևս նոր է սկսել խոսել թուրքական վտանգի մասին, բայց դրանք հատուկենտ են։ Սակայն որպեսզի հնարավոր լինի այս հարցերով զբաղվել էֆեկտիվ, անհրաժեշտ  է աշխատել երկու հարևան պետությունների հասարակությունների միջև Սովետական միությունից մնացած անվստահության մթնոլորտը վերացնելու ուղղությամբ։

Ին՞չ կարող են անել ՀՀ իշխանությունները այս ուղղությամբ որպեսզի հակազդեն թուրքական ակտիվությանը ՍամցխեՋավախք տարածաշրջանում.

-Ինչպես վերեւը նշեցի, թուրքական ակտիվությանը Ջավախքում հակազդելու համար պետք է ուժեղացնել հայկական գործոնը։ Բուն Ջավախքում պետք է անել կոնկրետ քայլեր  արտագաղթը դադարեցնելու համար։ Հայկական կողմի նախաձեռնությամբ ու առաջարկով Ջավախքում պետք է ստեղծվեն հայ-վրացական համատեղ ձեռնարկություններ։ Դեպի Ջավախք հոսող թուրքական կապիտալի դեմ պետք է առաջարկել հայկական կապիտալ որպես այլընտրանք։  Ջավախքի հայաթափումը չի բխում նաև Վրաստանի շահերից, որովհետև այնտեղ ավելի շուտ կհայտնվեն թուրքական տարրերը և դրանք դառնալու են գլխացավանք ու Վրաստանում շատ լավ հասկանում են դա։  Հայկական դպրոցներին պետք է դարձնել պատշաճ ուշադրություն։ Կրթական խնդիրներն այսօր ամենացավոտ խնդիրներից մեկն են։ Պաշտոնական Թբիլիսին և պաշտոնական Երևանը պետք է գիտակցեն, որ հայերով բնակեցված Ջավախքը մահակ չէ հարկ եղած դեպքում միմյանց վրա օգտագործելու համար, այլ պատշաճ հարաբերություններ կառուցելու հարթակ է ու հնարավորություն։ Եվ վերջապես, հայկական կողմը անմիջապես իր սահմանին թուրքական տարրերի չափից դուրս ակտիվացման դեպքում կարող է պաշտոնապես հայտնել անհանգստություն։  Ջավախքի թուրքացումը ցավոտ է լինելու և Հայաստանի և Վրաստանի համար։

Ին՞չ քաղաքականություն պետք է մշակեն Ջավախքի հայկական կազմակերպությունները դիմակայելու համար թուրքական ակտիվությանը.

-Ջավախքի հայկական կազմակերպությունները պետք է ակտիվորեն աշխատեն Վրաստանի և Հայաստանի իշխանությունների հետ, ինչպես նաև երկու պետությունների  հասարակական կազմակերպությունների հետ, որի վերջնանպատակը իշխանությունների և հասարակությունների հարաբերությունների խորացմանը նպաստելն է։ Պետք է աշխատել  Ջավախքում  գյուղատնտեսական և էկոմիջավայրը բարելավող գրանտային ծրագրեր իրականացնելու ուղղությամբ, տուրիզմի զարգացմանը նպաստող ծրագրեր ներկայացվեն և իրականացվեն, թեկուզ համագործակցելով վրացական և հայկական համապատասխան կազմակերպությունների հետ։ Թուրք-ադրբեջանական զարգացմանը նպաստող կազմակերպությունները տեղեկատվության տարբեր միջոցներով վրաց հանրության մեջ սերմանում են անվստահության ջավախքցիների հանդեպ։ Վրաց հանրության դիրքորոշման փոփոխության վրա բավականին աշխատանք կա անելու։ Եվ սա հնարավոր է միայն ակտիվ շփումների միջոցով։   Պետք է ակտիվորեն օգտագործել նաև համացանցը հայ և վրացի երիտասարդների միջև բարենպաստ շփումներ հաստատելու համար։

Ձեր կարծիքով արդյոք պատրա՞ստ են Վրաստանի ու Հայաստանի իշխանությունները համագործակցել ընդդեմ թուրքական վտանգի.

-Վրաստանը պատրաստ չէ Հայաստանի հետ միասին  առերևույթ պայքարել թուրքական վտանգի դեմ։ Ավելին, նրանք Հայաստանի իշխանությունների առաջ չեն էլ խոստովանի թուրքական վտանգի մասին, թեպետ քաջ գիտակցելով դրա առկայության մասին։ Համագործակցության խորացումը որպես հետևանք ինքնաբերաբար կբերի  թուրքական գործոնի թուլացման։ Սակայն այստեղ հարկ է նշել, որ երկու հարևան պետությունների համագործակցության գլխավոր մոտիվացիան չպետք է լինի պայքարը թուրքական գործոնի դեմ։ Երկու պետությունները պետք է համագործակցեն հանուն իրենց ժողովուրդների բարեկեցության։  Մնացած հարցերը կարող են լինել ածանցյալ։

Արդյոք չե՞ք կարծում, որ ՍամցխեՋավախքի հայության հուզող շատ խնդիրներ կարող են ավտոմատ կերպով լուծվել այն բանից հետո երբ Վրաստանի իշխանությունները լիարժեք գիտակցեն թուրքադրբեջանական քաղաքականության վտանգը մեր շրջանում.

-Հաշվի առնելով այն, որ Թուրքիան ու Ադրբեջանը բոլորովին շահագրգռված չեն Ջավախքի տնտեսական զարգացմամբ, հայկական գործոնի ուժեղացմամբ և փորձում են ամեն կերպ խոչընդոտել , սեպ խրել Ջավախքի և կենտրոնական իշխանության միջև, ապա այո, որոշ խնդիրներ ավտոմատ կլուծվեն, երբ Վրաստանի կախվածությունը Թուրքիայից նվազի։ Օրինակ՝ ես գրեթե վստահ եմ, որ Հայոց պատմության դասագրքերի արգելքը թուրքական կողմի պահանջով է։ Այնուամենայնիվ, ես չէի ուզի որ Ջավախքի բոլոր խնդիրները կապվեր միմիայն թուրքական գործոնի հետ, այսպիսով ակամայից արդարացնելով Վրաստանի իշխանությունների անգործությունը և հայկական կողմի անհետևողականությունը շատ հարցերում։

 

«Ջավախք» հիմնադրամի նախագահ՝ Արտյուշ Գրիգորյան,

ք. Երեւան