Վրաստանում սկսել են խոսել միապետության հնարավոր վերականգնման մասին

Կիրակնօրյա պատարագի ժամանակ Վրաստանի պատրիարք-կաթողիկոս Իլյա Երկրորդը մի թեմա արծարծեց, որին բազմիցս անդրադարձել է վերջին տարիների ընթացքում: Պատրիարքը կողմ է արտահայտվել Վրաստանում միապետության վերականգմանը:

Իլյա Երկրորդի խոսքով՝ սահմանադրական միապետությունը խաղաղություն և հանգստություն կբերի երկիր:

«Վրաստանը հնագույն երկիր է հնագույն մշակույթով: Հնարավոր է, մենք պետք է մտածենք այն մասին, որ Վրաստանը հնագույն միապետություն է: Աստծո օգնությամբ մեզ ղեկավարել է թագավորը: Այսօր աշխարհում շատ են դեպքերը, երբ միապետը թագավորում է, բայց չի կառավարում: Դա կոչվում է սահմանադրական միապետություն: Բնականաբար դա տեղի չի ունենալու այսօր կամ վաղը, սակայն պետք է վերլուծել անցյալը, ներկան և ապագան», -հայտարարել է Իլյա Երկրորդը հունիսի 18-ի կիրակնօրյա պատարագին:

Սա առաջին դեպքը չէ, երբ վրացական ուղղափառ եկեղեցու առաջնորդը խոսում է երկրում միապետության վերականգման մասին: Մինչ այսօր այս թեման հիմնականում դուրս չէր գալիս Ֆեյսբուքի սուր կատակների շրջանակից, սակայն այս անգամ ամեն ինչ այլ կերպ է. իշխանությունների ներկայացուցիչներն ակտիվորեն երկխոսության մեջ են մտել միապետության վերականգնման մասին պատրիարքի հայտարարության բառացիորեն հաջորդ օրը:

Վրաստանի Հանրային հեռարձակողի հաղորդմամբ՝ հունիսի 19-ին Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն Պատրիարքարան է ժամանել Իլյա Երկրորդի հետ հանդիպելու համար:

Պատրիարքի հետ հանդիպելուց առաջ խորհրդարանի նախագահը կարճ, բայց կարևոր մեկնաբանություն է արել. «Այն, ինչ ասել է Նորին Սրբությունը, ճշմարտություն է: Խոսքը գնում է այն մասին, որ սահմանադրական միապետությունը հանգստություն է մտցնում քաղաքական և հասարակական կյանք: Մենք պետք է հաշվի առնենք բոլոր գործոնները, այդ թվում նաև՝ մեր տեղական առանձնահատկությունները», – նշել է Կոբախիձեն՝ հավելելով, որ սահմանադրական միապետությունն ու նախագահի ինստիտուտը չեն կարող համագոյատևել:

Ավելի վաղ այդ նախաձեռնությանը կողմ են արտահայտվել խորհրդարական մեծամասնության նաև այլ ներկայացուցիչներ: Օրինակ, խորհրդարանական մեծամասնության անդամ Էկա Բեսելիան տվյալ գաղափարը հետաքրքիր է համարում, իսկ խորհրդարանական մեծամասնության փոխխոսնակ Գի Վոլսկին Արևմտյան Եվրոպայի օրինակով պնդում է, որ միապետությունը կարող է դրական մթնոլորտ ստեղծել երկրում: «Վրացական երազանք» խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեի խոսքով՝ սահմանադրական միապետությունը Վրաստանին անհատականություն, բացառիկություն և յուրահատուկ գրավչություն կհաղորդի: Իշխանություններին մոտ անկախ պատգամավոր Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ սահմանադրական միապետությունը Վրաստանի համար միակ ճանապարհն է եվրոպական ընտանիք մտնելու:

Ընդդիմությունը դեմ է հանդես գալիս այս նախաձեռնությանը: Ընդդիմադիր քաղաքական գործիչները համարում են, որ իշխանությունները միտումնավոր են տվյալ թեման բարձրացրել, որպեսզի հանրության ուշադրություն շեղեն իրական խնդիրներից:

Միապետության թեման ավանդաբար Ֆեյսբուքում կատակների առիթ է դարձել: Սոցցանցերի օգտատերերն արդեն երկու օր է՝ փորձում են հասկանալ, թե որ դասին են պատկանում՝ քաղքենիների՞, թե՞ ազնվականների:

Առաջին անգամ Վրաստանում միապետություն վերականգնելու մասին սկսել են խոսել 90-ականների սկզբին՝ ԽՍՀՄ փլուզումից հետո: Այդ ժամանակից տվյալ թեման բազմիցս դարձել է քննարկումների առարկա, սակայն լրջորեն այն ոչ ոք չի քննարկել:

Այսօր Վրաստանում և դրա սահմաններից դուրս ապրում են թագավորական դինաստիայի՝ Բագրատիոնի ընտանիքի մի քանի ճյուղերի ներկայացուցիչներ: Վրաստանի պատրիարքն ինքն է հոգ տարել միապետի թեկնածության ընտրության մասին, երբ օրհնել է թագավորական դինաստիայի երկու ճյուղերի ներկայացուցիչների՝ Աննա Բագրատիոնիի և Դավիթ Բագրատիոնի-Մուխրանսկու ամուսնությունը: 2011թ-ին այդ զույգը որդի է ունեցել՝ Գեորգի Բագրատիոնին:

Armenian Community of Georgia