ԱՄՆ-ից ու Համշենից ու ՀՀ-ից հյուրերը ժամանեցին Ախալցխա

Հուլիսի 2-ին Ախալցխա ժամանեցին Համշենից, ՀՀ-ից ու ԱՄՆ-ից եկած հյուրերը, որոնք քաղաքում մասնակցեցին մի շարք միջոցառումների: Բավրայի անցակետի մոտ գեներալ Արշալույս Փայտյանին եւ ԱՄՆ-ի Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանին դիմավորեցին Ախալցխայի ու Ախալքալաքի մի շարք ներկայացուցիչներ: Ճանապարհին հյուրերը Սամվել Պետրոսյանի հրավերով այցելեցին Վարեւան գյուղ մասնակցելու Պետրոս Աբաջանի հիշատակի օրվան նվիրված միջոցառմանը, որը զոհվել է Արցախյան ազատամարտում:

Ախալքալաքից հյուրերը ժամանեցին Ախալցխայի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ հյուրերին աղ ու հացով դիմավորեցին Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնի տնօրեն՝ Էդուարդ Այվազյանը, Ախալցխայի հոգեւոր տեսուչ Հայր Հակոբ աբեղա Սահակյանը եւ Վրաստանի պատգամավոր Գիորգի Կոպաձեն ժողովրդի հետ միասին: Գրիգոր լուսավորիչ եկեղեցում Ախալցխայի հոգեւոր տեսուչ Հայր Հակոբ աբեղա Սահակյանը պատվոգրեր տվեց Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանին եւ Վաշինգտոնի հայ համայնքի ներկայացուցիչ, Policy Forum Armenia կենտրոնի ղեկավար` Դավիթ Գրիգորյանին, որից հետո հյուրերը ախալցխահայերի հետ միասին այցելեցին Սբ. Նշան եկեղեցի: Եկեղեցում հյուրերը ծանոթացան Սբ. Նշանի պատմությանը եւ նրա ներկայիս կարգավիճակին:

Սբ. Նշանից պատվիրակությունը բարձրացավ Հայոց Ցեղասպանության խաչքար հուշակոթող, որտեղ Զարեհ Սինանյանը պատգամավոր Գիորգի Կոպաձեյի հետ միասին ծաղկեպսակ դրեցին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ցեղասպանության հուշաքարից հյուրերը այցելեցին Ախալցխայի հայկական գերեզմանատուն: Գերեզմանատանը Զարեհ Սինանյանը եւ Գիորգի Կոպաձեն ծաղկեպսակներ դրեցին Կարապետ Բագրատունի Սրբազանի դամբարանին: Այնուհետեւ հյուրերը բարձրացան 1918թ, Ախալցխայի ինքնապաշտպանության հերոսների հիշատակին կանգնեցված հուշակոթող, որտեղ պատգամավոր Գիորգի Կոպաձեյի հետ միասին գեներալ Ա. Փայտյանի եւ Զ. Սինանյանի անունից ծաղկեպսակներ դրվեցին Ախալցխան պաշտպանած  հերոսների հիշատակին:

Վերջում պատվիրակությունը այցելեց Ախալցխայի կենտրոնական այում գտնվող ապրիլի 9-ի զոհերի հիշատակի հուշակոթող, որտեղ պատվիրակության անդամները եւս ծաղկեպսակ դրին վրաց ժողովրդի անմեղ զոհերի հիշատակին:

Միջոցառումը ավարտվեց Ռաբատի բերդում խնջույք պարահանդեսով: Այսօր՝ հուլիսի 2-ին եւս նախատեսված են մի շարք միջոցառումներ Ախալցխա քաղաքում:

Ախալցխա Համշենից, ԱՄՆ-ից ու Հայաստանից հյուրերի ժամանման գաղափարը պատկանում է Արցախյան ազատամարտիկ, ծնունդով Ախալցխացի Էդուարդ Էնֆիաջյանին, որը ներկայումս բնակվում է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում:

  

 

Նկարները ամբողջությամբ մի փոքր ուշ