Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնը մասնակցեց «Թբիլիսյան բակ» միջոցառմանը

2017 թվականի հուլիսի 8-ին, Թբիլիսիի Ջավախիշվիլի փողոցի թիվ 37 ընդարձակ բակը հյուրընկալեց հին թիֆլիսյան բազմազգ կոլորտով հագեցած տոնական միջոցառման մասնակիցներին:

Երբեմնի 68 ընտանիք ներառող, փայտաշեն պատշգամբներով, եռահարկ շինություններով և իրար կպած բնակարաններով այս բակը, չնայած սերունդների փոփոխությանը և ընտանիքների թվաքանակի նվազեցմանը, այսօր էլ պահպանում է իրեն հատուկ բարի-դրացիական հարաբերությունների գեղեցկությունը: Ներկայումս այստեղ բնակվող վրացական, հայկական, հունական, հրեական և մյուս ազգերի զավակները շարունակում են ապրել միմյանց նեցուկ կանգնելու և ուրախությունը կիսելու հին թիֆլիսյան ոճով:

Քաղաքամայր Թբիլիսիում դեռևս պահպանված ավանդական բակերի բազմազգ բնակիչների առօրյայի, ազգային սովորությունների և մշակույթի վերհանմանն է ուղղորդված «ArtareaTV» հեռուստաընկերության «Թբիլիսյան բակ» նախագիծը, որը իրականանում է Վրաստանի մշակույթի նախարարության և Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ:

Բակը հիրավի պատմական է իր փայտե պատշգամբներով,արևելյան զարդանախշ գորգերով, ոլորապտույտ սանդուխքներով, լվացքի պարաններով, բակում խաղացող երեխաներով և նարդի խաղացողներով: Բակի կենտրոնում տեղ էին գտել տարբեր նվագարաններ, իսկ մեքենաների տնակների տանիքներին, պատշգամբների սանդուխքներին տեղ գտած հանդիսատեսը ակամայից բակը վերածել էր մեծ դահլիճի: Միջոցառումն իր ներկայությամբ պատվել էր Վրաստանի խորհրդարանի անդամ Սալոմե Զուրիբիշվիլին:

Միջոցառումը բացեց «ArtareaTV»հեռուստաընկերության տնօրեն Սոփիո Խունծարիան: Նախագծի հեղինակը խոսեց մայրաքաղաք Թբիլիսիին հատուկ ճարտարապետական, մշակութային ավանդական հարաբերությունների և սովորությունների մասին, որոնք դարեր շարունակ եղել են քաղաքի այցեքարտը և հազվագյուտ գանձն ու հմայքը:

Ողջույնի խոսքով ելույթ ունեցավ Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը: Արժևորելով միջոցառումը, վերջինս շեշտեց միմյանց մոտիկից ճանաչելու, առավել մերձենալու, տարիների ընթացքում ստեղծված կարծրատիպերը վերացնելու համամարդկային մոտեցումը, որին կարելի է հասնել միայն հարգանք և սեր տարածելու միջոցով:

Ներկաներին իր գեղեցիկ կատարումը նվիրեց ճանաչված երգչուհի Էկա Մամալաձեն:

Համերգը բացելու պատվին արժանացավ Վիրահայոց թեմի »Հայարտուն» կենտրոնը: Երաժշտագետ Քեթևան Բաիաշվիլու մեկնաբանություններով իրար հաջորդեցին հայ գուսանների երգերի կատարումները Աննա Բադալյանի և Աիդա Բազոյանի կողմից, դուդուկի և դհոլի խմբերի ելույթները Իվանե Մկրտչյանի և Ռոբերտ Կաշավանիձեի գլխավորությամբ: Հայկական մշակութային նմուշների ցուցադրության հիասքանչ ավարտ դարձավ «Տարոն» պարային խմբի կատարմամբ «Կառնո քոչարի»ժողովրդական պարը:

Համերգին մասնակցեցին հրեական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչները ազգային երգարվեստի վարպետ կատարումներով:

Առանձնապես տպավորիչ էր միջոցառման եզրափակիչ մասը, Միխեիլ Մդինարաձեի, Միխեիլ Ջավախիշվիլիի, նրա ղեկավարած «Բարակա» խմբի ելույթներով: Գեղեցիկ ավարտ դարձավ վրացական, հայկական, ադրբեջանական և հրեական ազգային մեղեդիների համադրությամբ կոմպոզիցիան, որին մասնակցեցին վերոհիշյալ համայնքների մենակատարները:

«Թբիլիսյան բակ» փառատոնը դարձավ ավանդական թբիլիսյան բազմազգ կոլորիտի ցուցադրություն: