Մշակութային, սպորտային և կրթական անցուդարձ Ջավախքում

Նախորդ շաբաթվա վերջին «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը Ջավախքում մասնակցեց մի շարք միջոցառումների:

Հիմնադրամի պատվիրակության ուղեկցությամբ Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղ մեկնեցին ՋԱՀ-ի բարերար և համակիր, Պերմի երկրամասի հայկական համայնքի փոխնախագահ Արմեն Ղարսլյանը և Ռուսաստանից ժամանած հյուրեր: Լինելով աշուղ Ջիվանու տուն-թանգարանի բարերար՝ Արմեն Ղարսլյանը առաջին անգամ այցելեց թանգարանի ցուցասրահ՝ ծանոթանալու մեծանուն աշուղի թողած ժառանգությանը, ինչպես նաև հուշային հատվածում տարվող շինարարական աշխատանքներին: Հյուրերին թանգարանի բակում «աղ ու հացով» դիմավորեցին կարծախցի փոքրիկները և գիդ-համակարգող Հասմիկ Սաղաթելյանը:

Բացման օրվանից  ի վեր տուն-թանգարանն ունեցել է շուրջ 1000 այցելու աշխարհի տարբեր երկրներից՝ դրանով իսկ զբոսաշրջիկների հոսք ապահովելով դեպի Կարծախ, կազմակերպել է տարբեր  մշակութային-կրթական միջոցառումներ, ինչն էլ իր հերթին աշխուժացրել է կարծախցիների կյանքն ու փոխել գյուղի ընդհանուր մթնոլորտը: Գյուղապետ Ատոմ Հողմացյանի խոսքով՝ հայրենի գյուղից դուրս ապրող բազմաթիվ կարծախցիներ սկսել են հաճախ այցելել գյուղ և վերականգնել իրենց տները, իսկ նրանցից մեկը սկսել է նաև հացատուն կառուցել:

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամը այս պահին ջանք չի խնայում, որպեսզի հուշային հատվածի բացումը լինի ընթացիկ տարվա օգոստոսի վերջին՝ ջիվանիական օրերի շրջանակներում, սակայն աշխատանքների ընթացքը կախված է նաև ֆինանսավորումից, ուստի նրանք, ովքեր ցանկություն ունեն աջակցել տուն-թանգարանի կայացմանը, կարող են դիմել «Ջավախքին աջակցություն» հիմնադրամին:

Ջավախքի՝ շաբաթվա կարևոր միջոցառումներից էր նաև Նինոծմինդայում արդեն 21-րդ անգամ անցկացվող Վլադիմիր և Գայոս Ղարսլյան եղբայրների հիշատակին նվիրված ֆուտբոլի մրցաշարը՝ Արմեն և Թաթուլ Ղարսլյանների հովանավորությամբ: Վերջիններիս կողմից է վերականգնվել նաև քաղաքային մարզադաշտը:

Մրցաշարին ներկա էին ՋԱՀ-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը, համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի անդամ Սեյրան Վանցյանը, գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը, Ջավախքի ղեկավար մարմինների և հոգևոր կառույցների ներկայացուցիչներ: Ամենամյա մրցաշարը նպաստում է Ջավախքում սպորտային կյանքի զարգացմանը, առողջ ապրելակերպի տարածմանը և երիտասարդների համախմբմանը:

Շաբաթը ջավախքցիների համար կարևոր էր նաև կրթության տեսանկյունից: Նինոծմինդա էր այցելել Շիրակի պետական համալսարանի ղեկավարությունը, որտեղ ՋԱՀ-ը հանդիպում էր կազմակերպել կրթության ոլորտի մասնագետների հետ: Համալսարանի ներկայացուցիչները մասնագետներին ներկայացրեցին ջավախքցի ուսանողների համար իրենց մոտ առաջարկվող գրավիչ պայմանները՝ վրացերենի դասավանդում, անվճար ուսում, նոր վերանորոգված հանրակացարան և այլն: