Հայաստանը օգնական ուժեր կուղարկի Վրաստան՝ հրդեհը մարելու համար

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը անձնակազմեր է ուղարկելու Վրաստանում անտառային հրդեհը մարելուն օգնելու համար: Հրդեհն արդեն երեք օր շարունակվում է Բորժոմի ազգային պարկում:

Հայկական կողմը հստակեցնում է, թե կոնկրետ ինչ անձնակազմ է ուղարկվելու Վրաստան և ինչ տեխնիկական միջոցներ: Օգնություն ուղարկելու համար հայկական կողմին խնդրել է Վրաստանը: Այս մասին Ռազմինֆոյի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ լրատվական բաժնի ղեկավար Գոհար Բաղդասարյանը:

Բորժոմի անտառային հրդեհը

Բորժոմի անտառային հրդեհը

Հայկական կողմից անձնակազմ ուղարկելու համար արդեն շնորհակալություն է հայտնել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին՝ նշելով, որ հայկական օգնական ուժերն այսօր կժամանեն Վրաստան: Այս մասին հայտնում է «Ինտերպրես նյուզ» վրացական կայքը:

Կվիրիկաշվիլին նաև տեղեկացրել է, որ Վրաստանի խնդրանքով հրդեհի մարման համար Ադրբեջանը երեկ ուղարկել է մեկ ուղղաթիռ, իսկ Թուրքիան այսօր կուղարկի մեկ ինքնաթիռ և երկու ուղղաթիռ: Ռուսաստանն իր հերթին օգնություն է առաջարկել հրդեհի մարման համար:

Հրդեհը բռնկվել է օգոստոսի 19-ին Վրաստանի Բորժոմի-Խարագաուլի ազգային պարկում, որը Վրաստանի հարավային մասում է:

Razm.info