Մուսուլմանները Բաթումում. պայքար մզկիթի համար

Աջարիայի մուսուլմանական համայնքը մի քանի տարի փորձում է նոր մզկիթի շինարարության իրավունք ձեռք բերել: Այսօր Բաթումում միայն մեկ մզկիթ կա: Մուսուլմանները կազմում են քաղաքի բնակչության 25 տոկոսը: «Օգնեք նոր մզկիթի շինարարությանը: Բավական է փողոցներում աղոթել», -այսպիսի կոչեր են հնչում Բաթումի մզկիթում ամեն ուրբաթ անցկացվող աղոթքից հետո:

Այդպես էր նաև օգոստոսի 25-ին. այն մուսուլմանները, որոնք ուրբաթյան աղոթքի էին եկել նախապես, կարողացել էին իրենց տեղը զբաղեցնել մզկիթում: Մնացածները գորգերը փռել էին հենց սալահատակին՝ ինչպես մզկիթի բակում, այնպես էլ փողոցում:

Փողոցում աղոթելն արդեն վաղուց նորմա է դարձել Բաթումի մուսուլմանների համար:

2014թ-ի մարդահամարի համաձայն՝ Աջարիայում ապրում է 334 հազար մարդ, նրանցից մոտ 133 հազարը մուսուլմաններ են: 150 հազարանոց Բաթում քաղաքում, երեք տարվա վաղեմության տվյալներով, ապրում է 39 հազար մուսուլման:

Գրեթե 3 դար՝ մինչև 1878թ-ն, Աջարիան Օսմանյան կայսրության կազմ էր մտնում, և այդ ժամանակ բնակչության մեծ մասն իսլամ է ընդունել: Արդեն 90-ական թվականներին՝ ԽՍՀՄ փլուզման և ազգային շարժման վերածննդի ժամանակահատվածում, շատ աջարցիներ քրիստոնեություն ընդունեցին: Իսկ վերջին տարիներին տարածաշրջանում զգալիորեն զգացվում է Թուրքիայի ազդցությունը, նախևառաջ՝ տնտեսական: Ելնելով պատմական համատեքստից՝ Վրաստանում շատերն այդ գործընթացին կասկածամտությամբ են վերաբերվում:

Մուսուլմանական համայնքը տարեցտարի աճում է, առաջին հերթին, լեռնային Աջարիայից եկողների հաշվին, որի բնակչության մեծ մասը մուսուլմաններ են: Բացի այդ, վերջին տարիներին երիտասարդությունն ավելի ակտիվ է մզկիթ այցելում և հետևում իսլամական ծեսերին:

Այսօր Բաթումում միայն մեկ գործող մզկիթ կա՝ Օրթա Ջամեն, որը կառուցվել է 19-րդ դարում: Մուսուլմանական համայնքի ներկայացուցիչների խոսքով՝ այն չի տեղավորում աղոթել ցանկացողների նույնիսկ կեսին:

Վրացի մուսուլմաններն արդեն տարիներ շարունակ խնդրում են մզկիթի համար նոր շենք տրամադրել: Սակայն նրանց խնդրանքը մեծ խոչընդոտների է հանդիպում ինչպես իշխանությունների, այնպես էլ ուղղափառ եկեղեցու կողմից, որը Վրաստանի ամենաազդեցիկ կազմակերպությունն է:

Մի քանի տարի Վրաստանի և Թուրքիայի միջև բանակցություններ էին ընթանում այն մասին, որ Թուրքիայում վրացական հուշարձանների վերականգման դիմաց վերականգնվի նաև Վրաստանում Օսմանյան կայսրության ժամանակների մի քանի հուշարձան, այդ թվում՝ կրկին կառուցվի Բաթումի Ազիզիե մզկիթը: Այդ պլանն ուղղափառ եկեղեու և հասարակության մի մասի բողոքն է առաջացրել:

Ավելի ուշ Վրաստանի իշխանությունները խոստացել են Բաթումում նոր մզկիթ կառուցել վրացական բյուջեի հաշվին: Սակայն այդ պլանն այդպես էլ կյանքի չի կոչվել, հարցի լուծումը ձգձգվում է երկար տարիներ, և խնդիրը լուծել ոչ ոք չի շտապում:

«Դա 20-ամյա պայքարի պատմություն է, -ասում է «Վրաստանի մուսուլմանների միություն» ոչ կառավարական կազմակերպության փոխնախագահ Տարիել Նակաիձեն: -Դեռևս Էդուրադ Շևարդնաձեի (Վրաստանի երկրորդ նախագահը 1992-2003թթ-ին) և Ասլան Աբաշիձեի (Աջարիայի ղեկավարը 1991-2004թթ-ին) ժամանակ մուֆթիները նամակներ էին գրում իշխանություններին նոր մզկիթ կառուցելու խնդրանքով: Այն ժամանակ այդ մասին բացահայտ չէին խոսում»:

Բաթումի ծայրամասում՝ Աբաշիձե փողոցում տախտակներից և թիթեղյա կտուրով կառույց կա: Եթե գունավոր ցուցապաստառը չլիներ, որն ասում է, որ դա «Բաթումի նոր մզկիթն է», այն կարելի էր առևտրային վրանի տեղ դնել:

Կուրբան Բայրամին սեպտեմբերի մեկին այստեղ բազմամարդ էր: Թիթեղյա ծածկի տակ և հարակից տարածքում մինչև մեկուկես հազար մարդ էր հավաքվել:

Դա այն վայրն է, ուր մուսուլմանները պատրաստվում էի մզկիթ կառուցել, սակայն Բաթումի քաղաքապետարանը մերժել էր նրանց և թույլ չէր տվել շինարարություն սկսել:

Մերժման պաշտոնական պատճառն այն էր, որ այդ վայրը բնակելի տարածք է, որտեղ անցանկալի է «մշակութային կառույցներ և մարդկանց զանգվածային կուտակումների վայրեր կառուցել»: Համենայնդեպս, այդպես է ասված փաստաթղթում, որը ստորագրվել է 2017 մայիսի 5-ին քաղաքապետ Գեորգի Եվմակովի կողմից:

Չնայած շինարարության արգելքին՝ մուսուլմանական համայնքը մայիսի 26-ին այստեղ բաց երկնքի տակ մզկիթ է «բացել»: Այսօր այդ կառույցը գործող աղոթատեղի է, որտեղ ուրբաթ օրերին հավաքվում են հավատացյալ մուսուլմանները:

Հողակտորը, որտեղ կառուցել են «նոր մզկիթը», մուսուլմանական համայնքը գնել է իր փողով, այդպես էլ պետությունից հող չստանալով: Համայնքը սկսել է փող հավաքել 2015թ-ին նոր մզկիթի կառուցման մասին զուգահեռ ստորագրահավաք անցկացնելով: Երկու ամսում այն ժամանակ 12 հազար ստորագրություն և որոշակի գումար էր հավաքվել: Արդյունքում՝ 2500 քառակուսի մետր տարածքը գնվել է 400 հազար դոլարով տեղի բնակչից, որը համայնքին նվիրել է ևս 500 քառակուսի մետր տարածք: Տարիել Նակաիձեն ասում է, որ այդ ծախսերը ծանր բեռ են եղել տեղի մուսուլմանների համար, սակայն այսօրվա դրությամբ գումարն ամբողջությամբ վճարվել է:

Այն փաստը, որ հող գնելու գումարը հավաքել է մուսուլմանական համայնքը, դարձավ մզկիթի կառուցման հակառակորդների համար ևս մեկ փաստարկ: Մասնավորապես, նրանք վստահ են, որ այն գաղտնի ֆինանսավորվել է Թուրքիայի կողմից: Ի պատասխան Տարիել Նակաիձեն ասում է, որ պատրաստ է հաշվետվություն ներկայացնել ընդդիմադիրներին յուրաքանչյուր թեթրիի համար:

Խոշոր նվիրատվություններից զատ դրամահավաք է շարունակվում հավատացյալների շրջանում յուրաքանչյուր շաբաթ աղոթքից հետո: Օգոստոսի 25-ին մուսուլմանները ստվարաթղթե արկղում 878 լարի (մոտ 350 դոլար) են հավաքել:

Սակայն դեռևս նախկինի պես անհայտ է, թե երբ համայնքը կարող է սկսել ամբողջական մզկիթի շինարարությունը. շինարարության թույլտվության մերժումը մուսուլմանները բողոքարկել են դատարանում, սակայն դատական գործընթացը կարող է տարիներ տևել:

Իշխանությունների ներկայացուցիչներն, այդ թվում՝ նախագահներն ու վարչապետները, հաճախ են այցելում Օրթա Ջամե մզկիթ: Բոլոր կառավարություններն այս 20 տարիների ընթացքում ակնարկել են մուսուլմաններին, որ թույլ կտան Բաթումում նոր մզկիթ կառուցել. մշուշոտ խոստումներ էին արվում հիմնականում մուսուլմանական տոների ժամանակ:

2013թ-ին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ուղղակիորեն հայտարարեց, որ սատարում է մզկիթի կառուցմանը և անգամ պատրաստ է ֆինանսավորել այն: Սակայն այդ խոստումն այդպես էլ չկատարվեց:

Իսկ այսօր միլիարդատեր Իվանիշվիլին արդեն վարչապետ չէ, հազվադեպ է հանրության աչքերին երևում, և մուսուլմանական համայնքի ներկայացուցիչները զրկված են նրան իր խոստումների մասին հիշեցնելու հնարավորությունից:

Այս տարի Կուրբան Բայրամին մուսուլմաններն Աջարիայի կառավարության ղեկավարին հրավիրել էին «Նոր մզկիթ», այլ ոչ թե Օրթա Ջամե: Սակայն Զուրաբ Պատարաձեն եկել էր հին մզկիթ, որտեղ հայտարարել էր, որ նոր մզկիթի շինարարության շուրջ «խորհրդատվություններ են ընթանում մուսուլմանական համայնքի, մուֆթիների և քաղաքապետարանի հետ», և «մենք արդեն վերջնական փուլում ենք»: Նրա խոսքով՝ հարցի վերջնական լուծման համար անհրաժեշտ է միայն տեխնիկական մանրամասներ համաձայնեցնել:

Սակայն մուսուլմանները հիմնականում թերահավատորեն վերաբերվեցին այդ, թվում է, հույս ներշնչող հայտարարությանը, քանի որ նույն խոստումները Պատարաձեն տվել էր նաև մի քանի ամիս առաջ, այդ պատճառով էլ շատերը նրա խոսքերը համարում են ժամանակ ձգելու փորձ:

«Նրանք մեզ հիմար են համարում: Սակայն մենք մտածում ենք հայրենիքի մասին, այդ պատճառով էլ հանդուրժում ենք մեր հանդեպ նման վերաբերմունքը», -մեզ ասաց միջին տարիքի մի տղամարդ «Նոր մզկիթի» բակում:

Տարեց մուսուլման Իոսեբ Աբաշիձեն չի խուսափում արմատական ձևակերպումներից և ասում, որ իշխանությունները «խեղդում են» և «նեղում» մուսուլմաններին:

«Մեր դեմ միասին պայքարում են և իշխանական մարմինները, և մամուլը, և հոգևորականները: Քահանաներ են եկել և ասել, թե իբր մենք նման բան այստեղ չենք ուզում: Դու ո՞վ ես, որ ասես՝ ինչ ես ուզում կամ չես ուզում իմ բակում: Այս հողի վրա մենք հյուրեր չենք և ապրելու ենք այստեղ այնպես, ինչպես ինքներս կցանկանանք: Մենք կառավարությանը չենք խանգարում, և թող նա էլ մեզ չխանգարի», -ասում է Աբաշիձեն:

Անվերջ հետաձգելուց բացի իշխանությունները խնդիրը լուծելու ևս մեկ «միջոց» են գտել. փորձում են վերահսկել մուսուլմանների պաշտոնական կրոնական ինստիտուտները և իրենք են մուֆթիներին նշանակում: Բացի այդ, «պաշտոնական» հոգևոր առաջնորդներն աշխատավարձ են ստանում պետությունից: Ինչը պառակտում է մտցնում նրանց և մուսուլմանական համայնքի միջև:

Այդ պառակտումն արտահայտվեց մզկիթի շինարարության հարցում. 2014թ-ին արևմտյան Վրաստանի մուֆթին և 22 հոգևոր անձ կառավարությանն ուղղված նամակ ստորագրեցին, որում պնդում էին, որ չեն սատարում Բաթումում նոր մզկիթի շինարարությանը: Դրա փոխարեն նրանք խնդրում էին մուֆթիաթի համար նոր կեցավայր կառուցել և վերանորոգել մեդրեսներն ու Աջարիայի 3 գործող մզկիթները:

Այդ փաստին նախորդել է այն ժամանակվա վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի այցն Օրթա Ջամե: Մուսուլմանական համայնքի ներկայացուցիչները պնդում էին, որ այն ժամանակվա մուֆթիի և այլ առաջնորդների վրա ճնշում է գործադրվել:

Տարիել Նակաիձեն այժմ էլ է մտածում, որ մուֆթիներն այն ժամանակ չեն դիմացել իշխանությունների ճնշմանը:

«Աստվածաբանական տեսանկյունից նրանց համար դա աղետ էր. չի կարելի աղոթել մուֆթիի հետ, որը դեմ է մզկիթի կառուցմանը», -բացատրում է Նակաիձեն:

Վրաց ուղղափառ եկեղեցին Բաթումում մզկիթի կառուցման ամենաազդեցիկ և ուժեղ հակառակորդն է:

Եվ դրա ամենաազդեցիկ ներկայացուցիչներից մեկը՝ Բաթումի եպիսկոպոս և Լազի միտրոպոլիտ Դիմիտրին, մզկիթի դեմ 2012թ-ին բազմահազարանոց ակցիաների կազմակերպիչն էր: Դիմիտրին Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի եղբորորդին է: Մզկիթի կառուցման մեջ միտրոպոլիտն արտաքին սպառնալիք է տեսնում. նրա կարծիքով՝ գործընթացը ղեկավարում է Թուրքիան:

Իր հայտարարությունից մեկում Դիմիտրին հերքել է մուսուլմանների իրավունքների խախտման մեղադրանքները: «Նրանք (մուսուլմանները) հաճախ են ասում, որ քրիստոնյաներն արտոնություններ ունեն, բազում տաճարներ են կառուցում և այլն: Սակայն ես ձեզ ուզում եմ ասել, որ հարաբերակցությունը (Աջարիայում մզկիթների և տաճարների) կազմում է 200-ը 50-ի: (Աջարիայում) ընդամենը 50 տաճար կա: Այնպես որ, չի կարելի ասել, որ մենք արտոնյալ ենք»:

Մուսուլմանների կարծիքով՝ հենց քրիստոնյա հոգևորականներն են մզկիթի կառուցման հակառակորդները:

«Ուղղափառ քահանաներից բացի ոչ ոք մեզ մոտ չի եկել և չի պահանջել, որպեսզի մենք դադարենք աղոթել նոր մզկիթում: Եկեղեցիներ են կառուցվում, մի՞թե մուսուլմաններից որևէ մեկը գնացել է նրանց մոտ և պահանջել դադարել աղոթել: Կուզեմ՝ աղոթքի կգնամ եկեղեցի, կուզեմ՝ մզկիթ», -մեզ հետ զրույցում ասաց մուսուլմանական համայնքի ներկայացուցիչ Վիկտոր Իրեմաձեն:

Մզկիթի հակառակորդների գլխավոր փաստարկը Թուրքիայի աճող ազդեցությունն է և, բնականաբար, իսլամականացումը և ինքնության կորուստը: Զազա Փիրցխալաիշվիլին աշխատում է Աջարիայի հեռուստատեսությունում և պարբերաբար մասնակցում մզկիթի շինարարության դեմ ակցիաներին: Նրա խոսքով՝ «Թուրքիայի միջամտության և իշխանությունների ոչ կոմպետենտության պատճառով» մարդիկ կրկին դեպի իսլամն են դարձել, պատմությունը մեզ ոչինչ չի սովորեցրել»:

Նրա խոսքով՝ ելքն այն է, որ իշխանություններն ավելի ակտիվ սկսեն «ագիտացիա անել ավանդական վրացական արժեքները» և այդ ուղղությամբ զարգացնեն կրթական համակարգը «երիտասարդությանը ողջ վրացականը ճիշտ մատուցելու» համար:

Կրոնի ազատության մասին ԱՄՆ Պետդեպարտամենտի հատուկ զեկույցում, որը հրապարակվել է 2017թ-ի օգոստոսի 15-ին, հատկապես առանձնացված է Բաթումի մզկիթի չլուծված խնդիրը: Հաշվետվությունում ասվում է, որ մուսուլմանական համայնքի ներկայացուցիչները տարիներ շարունակ աղոթում են փողոցում, և իշխանությունները չեն կարողացել լուծել տեղի մուսուլմանների համար ցավոտ հարցը:

Վրաստանի ազդեցիկ ոչ կառավարական կազմակերպություններն ապօրինի են համարում մզկիթի շինարարության արգելքի մասին Բաթումի քաղաքապետարանի որոշումը:

Վրաստանի ժողովրդական պաշտպանին կից Հանդուրժողականության կենտրոնի ղեկավար Բեքա Մինդիաշվիլին ասում է, որ Բաթումի նոր մզկիթի հարցին պետության միջամտությունը պայմանավորված է երկու պատճառներով. «Դա Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարքարանի բացասական դիրքորոշումն է, որը եղել է բոլոր կառավարությունների ժամանակ, ինչպես նաև ներկայիս իշխանությունների ներկայացուցիչների՝ Վրաստանում Թուրքիայի ազդեցության հետ կապված միամիտ ֆոբիաները»:

«Ցավոք, իշխանությունները սեփական քաղաքացիներին դիտարկում են որպես այլ պետության շահերի փոխանցողների», -ասում է Մինդիաշվիլին: Նրա խոսքով՝ ըստ Սահմանադրության, մուսուլմանական բնակչությունն իրավունք ունի մզկիթ կառուցելու և ցանկացած արտասահմանյան ազդեցությունից շատ ավելի վտանգավոր է այն իրավիճակը, երբ «մարդու իրավունքները երաշխավորված չեն, և պետությունը սեփական քաղաքացիներին բաժանում է առաջին և երկրորդ տեսակների»:

«Քաղաքապետարանը մեզ ասել է, որ մենք չենք կարող մզկիթ բացել, սակայն մենք այն բացեցինք, ասում է Վրաստանի մուսուլմանների միության փոխնախագահ Տարիել Նակաիձեն: -Այժմ մենք փորձում ենք պետությունից շինարարության թույլտվություն ստանալ: Եթե սպառենք առաջին ճանապարհը և ոչինչ չստացվի, այլ ճանապարհով կգնանք: Աջարիայում ոչ մի մզկիթ չի կառուցվել թույլտվության համաձայն, այդպես կլինի նաև այս անգամ»:

Էթեր Տուրաձե

Վրաստանի Հայ Համայնք