Եկեղեցիների չլուծված հարցը բացասական ազդակ է հաղորդում հայ-վրացական հարաբերություններին

Հայաստանի տարածքում մի շարք եկեղեցիների հարցը Վրաստանի մշակույթի նախարարությանը հետաքրքրող հարցերցի մեկն է: Դա նրանք համարում են գլխացավանք, որը պետք է լուծվի: Այս մասին Lragir.am-ին ասաց Թբիլիսիի «Բազմազգ Վրաստան» կազմակերպության ղեկավար Առնոլդ Ստեփանյանը:

Նշենք, որ օրերս Հայաստան էր այցելել Վրաստանի մշակույթի նախարար Միխեիլ Գիորգաձեն: Վրացական ԶԼՄ-ները տեղեկություն տարածեցին, որ այցի ընթացքում ուսումնասիրվելու են «Հայաստանի տարածքում գտնվող վրացական մշակութային ժառանգության հուշարձանները, մասնավորապես՝ Ախթալայի և Օձունի վանական համալիրները»:

Հայաստանում հրավիրած ասուլիսում Վրաստանի մշակույթի նախարարն այդ ձևակերպումը վրիպակ համարեց: «Տեխնիկական վրիպակ է եղել, մեր նախարարությունը տեղեկատվություն է տրամադրել Վրաստանի լրատվամիջոցներին, և սխալն արդեն ուղղված է»,- ասել էր նախարարը:

Lragir.am-ը Առնոլդ Ստեփանյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ հարթության վրա է այսօր եկեղեցիների հարցը քննարկվում Վրաստանում: Նա ասաց, որ այս հարցերը Վրաստանում պետական մակարդակով որպես կանոն չեն բարձրացվում:

«Հարցը հիմնականում եկեղեցու մակարդակով է բարձրացվում, որ պետք է եկեղեցիների փոխանակում իրականացվի: Երբ որ միջեկեղեցական հանդիպումներ են տեղի ունենում, այդ խոսակցությունները պարբերաբար անցկացվում են: Կան նաև հասարակական կազմակերպություններ, այդ ուղղությամբ ակտիվ մարդիկ են բարձրացնում, քաղաքական ու հասարարական շրջանակներում է հարցը բարձրացվում: Եթե հայ և վրաց եկեղեցիները գան համաձայնության, պետական կառույցները սիրով կստորագրեն ցանկացած համաձայնագիր, որը կբավարարի երկու կողմերին»,- ասաց նա:

Ստեփանյանի խոսքով՝ վրացական կողմն ընկալում է, որ Ախթալայի և Օձունի վանական համալիրները վրացական եկեղեցիներ են: Եվ Վրաստանում այս հարցը կապվում է այնտեղ գործող հայկական եկեղեցիների հարցի հետ:

«Երբ հայկական կողմը բարձրացնում է Վրաստանում հայկական եկեղեցիների հարցը, վրացական կողմն սկսում է բարձրացնել Հայաստանում վրացական եկեղեցիների հարցը: Սա Հայաստանի ու Վարստանի միջև առկա անլուծելի հարցերից մեկն է, որը բացասական ազդակ է հաղորդում հայ-վրացական հարաբերություններին»,- ասաց նա:

Առնոլդ Ստեփանյանն առաջարկում է վերանայել եկեղեցիները միմյանց փոխանցելու հարցը: Ըստ նրա՝ դա ձեռնտու կլինի երկու կողմերի համար էլ, քանի որ վիճելի համարվող եկեղեցիները բոլորն էլ գտնվում են կիսաքանդ վիճակում, դրանք վերականգնելու կարիք կա: Դա նաև կբերի նրան, որ եկեղեցիները կվերականգնվեն, այս տարածաշրջանում կզարգանա զբոսաշրջությունը:

«Վրաստանում կան 5-6 հայկական եկեղեցիներ, որոնք փլվում են: Եվ դա վրացական պետության համար գլխացավանք է: Այդ եկեղեցիները հայկական համայնքինն են, բայց պետության հաշվեկշռում են: Իհարկե, կարելի է հարցը միակողմանի բարձրացնել, ասել, որ մենք Վրաստանի քաղաքացիներ ենք, մեզ չի հետաքրքրում, թե ինչ է կատարվում Հայաստանում, վերականգնեք մեր եկեղեցիները: Բայց մյուս կողմից վրացական կողմն ասում է՝ մենք Հայաստանում եկեղեցիներ ունենք, ուզում ենք դրանք ստանալ: Եվ դա հանգեցնում է կոնֆլիկտների: Պետք է այնպիսի լուծում տալ, որպեսզի երկու կողմն էլ հանգստանան ու ստանան իրենցը: Ես համոզված եմ, որ եթե Հայաստանում այդ եկեղեցիների հարցը լուծվի, Վրաստանում հայկական եկեղեցիների հարցի լուծումը խնդիր չէ»,- ասաց Առնոլդ Ստեփանյանը:

 

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ                                                                                                                                  Լրագիր