ՆԱՏՕ-ն մաքրում է Հայաստանի թիկունքը


Հայ-վրացական պարեկություն

Թբիլիսիում կայացած հանդիպումից հետո Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարները ստորագրել են գործակցության խորացման փաստաթուղթ:

Երեք պետությունների պաշտպանական գործակցության ֆորմատը նոր չէ, երեք նախարարները հանդիպում են պարբերաբար, այդ թվում եղել են հանդիպումներ Թուրքիայում, Ադրբեջանում, նաեւ Նախիջեւանի տարածքում:Պաշտպանության նախարարների գործակցության ֆորմատը թերեւս մեկն է եռակողմ այն ֆորմատներից, որ նախաձեռնում են ըստ ամենայնի Բաքուն ու Անկարան, Թբիլիսիին այսպես ասած աքցանի մեջ առնելու համար:Երեւանը նրանք վերցրել են «տրանսպորտային» աքցանի մեջ, ենթարկում են երկկողմ շրջափակման: Նույնն անել Թբիլիսիի հետ իհարկե հնարավոր չէ, առիթ կամ պատճառ չկա:

Բայց Բաքուն եւ Անկարան փորձում են Թբիլիսին վերցնել տնտեսա-քաղաքական աքցանի մեջ, թե ընդհանուր տարածաշրջանային գերակայության ռազմավարությունից, թե նաեւ հենց Հայաստանի հանդեպ շրջափակման քաղաքականության արդյունավետությունից ելնելով:Երկկողմ շրջափակումը իհարկե վնասում է Հայաստանը, բայց ամենեւին ճակատագրական չէ: Այլ կլինի պատկերը, եթե խնդիրներ առաջանան Վրաստանի հաղորդակցությունների մասով: Այստեղ իհարկե Թբիլիսին ու Երեւանը կարողանում են պահել գործակցության թե ռացիոնալ, թե ջերմ բարեկամական մակարդակը, սակայն ռազմավարական իմաստով պատկերը կարող է անկանխատեսելի լինել, եթե Ադրբեջանն ու Թուրքիան Վրաստանի հանդեպ կարողանան հասնել մեծ տնտեսա-քաղաքական ազդեցության: Ընդ որում, այդ դեպքում պատկերն անկանխատեսելի կարող է լինել ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ Վրաստանի համար:

Այդ հանգամանքը չի կարող չգիտակցել Թբիլիսիի վերնախավը, հետեւաբար նաեւ չպատկերացնել, որ Վրաստանի անվտանգությունը տարածաշրջանային մակարդակով կարող է պաշտպանված համարվել միայն Հայաստանի հետ տանդեմով: Ներկայում այդ հեռանկարն ունի մի շարք խոչընդոտներ, ոչ միայն թուրք-ադրբեջանական, այլ նաեւ ռուսական: Թբիլիսին ու Երեւանն ամեն մեկն իր մասով փորձում են չեզոքացնել այն եւ որքան էլ տարօրինակ չթվա, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ եռակողմ ֆորմատները Վրաստանը դիտարկում է թերեւս այդ համատեքստում:Իհարկե, մեծ հավանականությամբ հնարավոր է արձանագրել, որ այդ դիտարկման հարցում Թբիլիսիին օժանդակություն է ցուցաբերում Եվրատլանտյան դաշինքը՝ ՆԱՏՕ-ն, որը փորձում է քայլ առ քայլ ընդլայնել իր ինստիտուցիոնալ ներկայացվածությունը Վրաստանում:Բանն այն է, որ առաջին հայացքից հակահայկական մտորումներ գուժող Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան եռակողմ ֆորմատը բոլորովին այլ բնույթ է ստանում Վրաստանում ՆԱՏՕ ինստւտուցիոնալ ներկայացվածության ու Վրաստանի եվրատլանտյան ուղու խորացման պարագայում:Բանն այն է, որ այդ հեռանկարում Վրաստանը դառնում է ոչ թե թուրք-ադրբեջանական աքցանի մեջ վերցվող օբյեկտ, այլ սուբյեկտ, որը գործնականում հանդիսանալու է ՆԱՏՕ պարեկը Թուրքիայի եւ Ադրբեջանի տարածաշրջանային քաղաքականության ուղղությամբ:

Այլ կերպ ասած, Վրաստանն այդ պարագայում ոչ թե վտանգում է Հայաստանի թիկունքը, այլ հակառակը՝ մաքրում այն վտանգից:Այդպիսով, Հայաստանը ղարաբաղյան գոտում արդեն մոտ քառորդ դար նոր տարածաշրջանային ստատուս-քվոյով դրել է անվտանգության ռեգիոալ համակարգի հիմքն ու պահելով այն՝ նաեւ մաքրում է Վրաստանի անվտանգության ճակատը, Վրաստանն էլ իր պարեկությամբ կմաքրի Հայաստանի թիկունքը՝ ՆԱՏՕ ինստիտուցիոնալ աջակցությամբ:Այդ ֆունկցիոնալ տրամաբանության վրա, դե յուրե ձեւավորման մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ խնդիրների առկայության եւ տեսանելի ապագայում գրեթե անհնարինության պայմաններում, դե ֆակտո ձեւավորման ընթացքում է գտնվում  Կովկասի անվտանգության նոր առանցքը՝ հայ-վրացական տանդեմը, Եվրատլանտյան անվտանգության համատեքստոմ։

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ