Հեշտիա գյուղում կայացավ կրթամշակութային կենտրոնի բացման հանդիսավոր արարողություն

Հոկտեմբերի 31 Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղի Սուրբ Աստվածածին  եկեղեցու մերձակայքում, տեղի ունեցավ «Վրաստանի Կարիտաս»  բարեգործական հիմնադրամի կողմից հիմնադրած  նոր կրթամշակութային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը։ Բացման  արարողությանը ներկա էին տարածաշրջանի բոլոր կաթողիկե եկեղեցիների առաջնորդները, տեղի մունիցիպալիտետի ղեկավարները, բարերաները  և այլ հյուրեր։

Աղ ու հացով, երգ ու պարով Հեշտիա գյուղի բնակիչները դիմավորեցին բարերարներին ու հյուրերին։ Միջոցառումը կայացավ  Հայաստանի, Վրաստանի , Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդ Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանի հանդիասապետությամբ։ Իր ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Կաթողիկե եկեղեցու Ֆրանցիսկոս Սրբազան քահանայապետի ներկայացուցիչը՝  կենտրոնի բացման առիթով ներկաներին փոխանցելով Սրբազանի օրհնությունը։

Տերունական աղոթքով կատարվեց  նորակառույց շինության օրհնությունն ու ժապավենի կտրման  հանդիսավոր արարողությունը։ Այնուհետև կենտրոնի սրահում տեղի ունեցավ շինության նախնական և շինարարական աշխատանքների մասին պատմող փոքրիկ ֆիլմի դիտում։

«Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր մասնակցեցին այս գործի իրականացմանը։ Խորին շնորհակալություն եմ հայտնում ,հատկապես, «Վրաստանի Կարիտաս» -ին, տարիներ շարունակ մեր  ունեցած երազանքը կյանքի կոչելու համար։ Կենտրոնում առաջին սրահը քրիստոնեկան վարդապետությունն ու  կրոնն է, քանի որ կենտրոնի  հիմնական նպատակն է սաներին հոգևոր սնունդ տալը»,- ասաց հայ կաթողիկ եկեղեցու առաջնորդ Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանը։

Մշակութային կենտրոնը տեղի բնակիչներին հնարավորություն է ընձեռում  դպրոցական կրթությունից դուրս հաճախել արհեստների և արվեստների, վրաց և անգլերեն լեզուների դասընթացների, ինչպես նաև հնարավորություն կտա ծանոթանալու համակարգչային հմտություններին։

«Վրաստանի Կարիտաս»-ի տնօրեն Անահիտ Մխոյանի խոսքերով՝ կազմակերպությունը նպատակ ունի  նաև հետագայում նմանատիպ կենտրոններ բացելու մյուս շրջաններում։  Հաջորդն ըստ կազմակերպիչների՝  պետք է բացվի Ախալքալաքի Բավրա գյուղում։

 

Սերինե Յայլախանյան