«Երգում եմ և ստորագրում». տաղանդավոր ջավախքցի Ռուսլան Էլյազյանի մենահամերգը Երգի պետական թատրոնում

Նոյեմբերի 11-ին Հայաստանի Երգի պետական թատրոնում տեղի ունեցավ տաղանդաշատ երգիչ, ծնունդով Ախալքալաքի Բավրա գյուղից Ռուսլան Էլյազյանի մենահամերգը՝ «Երգում եմ և ստորագրում» խորագրով: Տաղանդաշատ երգչին ունկնդրելու և նրա երգերը վայելելու էին եկել հայտնի և սիրված երգիչներ, մշակույթի և արվեստի ներկայացուցիչներ, հայկական երգարվեստը գնահատողներ: Համերգին ներկա էր նաև «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) գործադիր վարչությունը:

Ողջ համերգային երեկոյի ընթացքում հնչեցին ինչպես էստրադային և պարային, այնպես էլ ժողովրդական, աշուղական և ազգային կենդանի կատարումներ, որոնք դրական լիցք և բարձր տրամադրություն հաղորդեցին հանդիսատեսին, և, միևնույն ժամանակ, հուզեցին շատերին: Ներկաները վայելեցին նաև Երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի հետ զուգերգերը, ով բազմաթիվ երգերի, թեմատիկ և էստրադային համերգների, մրցանակաբաշխությունների, հեռուստահաղորդումների հեղինակ է: Եվ Ռուսլանն այն եզակի երգիչներից է, ում համար հայտնի կոմպոզիտորը գրել է 4 անհատական երգ:

Ռուսլանի երգացանկում անպակաս էին ջավախքյան թեմաներով կատարումները, և հարկ է նշել, որ երեկոն առհասարակ հեղեղված էր Ջավախքի և նրա արժանավոր զավակ Ռուսլանի մասին հիշողություններով և պատմություններով:

Համերգային ծրագրի ավարտին իր շնորհավորական խոսքով հանդես եկավ ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը, ով կարևորեց այն փաստը, որ Ռուսլանի օրինակով ջավախքցի մյուս տաղանդավոր երիտասարդները նույնպես կարող են հասնել բարձունքների` ինչին էլ ուղղված են մեր ջանքերը: Այնուհետև Աշոտ Հակոբյանը հիմնադրամի անունից պատվոգիր հանձնեց Ռուսլանին Աշուղ Ջիվանու տուն-թանգարանի միջոցառմանը ակտիվ մասնակցություն ցուցաբերելու և հայրենի Ջավախքում մշակութային կյանքի ակտիվացմանը նպաստելու համար:

Համերգային երեկոն եզրափակվեց Հայաստանում առաջին անգամ հնչող «Իմ Ջավախք» ուրախ, պարային, բայց միևնույն ժամանակ բովանդակալից և սրտահույզ երգի պրեմիերայով, որի խոսքերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է, իսկ երաժշտությունը՝ Արթուր Գրիգորյանի:

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի ողջ անձնակազմը նորանոր հաջողություններ և բարձունքներ է մաղթում Ռուսլան Էլյազյանին կյանքի և երգարվեստի ճանապարհին: