Արցախցի երիտասարդ նկարիչների «Վերածնունդ» ցուցահանդեսը «Հայարտուն» կենտրոնում

2017 թվականի նոյեմբերի 26-ին,Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում բացվեց Արցախի 7 երիտասարդ նկարիչների «Վերածնունդ» խորագրով ցուցահանդեսը: Այն նախաձեռնել էր «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը՝ «Շուշի քաղաքի թանգարաններ» կազմակերպության և «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոնի հետ 1համատեղ:

Դահլիճի պատերը զարդարել էին Արմինե Ավագիմյանի, Գայանե Շուշեցու, Դավիթ Ավագիմյանի, Զարինե Բաբայանի, Մերի Մուսայելյանի, Միքայել Դանիելյանի և Սամվել Թավադյանի սեր, գեղեցկություն, աշխատանք և արարում արտահայտող շուրջ չորս տասնյակ յուղաներկ աշխատանքները, որոնք նկարիչների հարուստ ներկապնակի միջոցով խաղաղ կյանքի և ստեղծարար աշխատանքի պատկերում են:

Իրենց ներկայությամբ ցուցահանդեսը պատվել էին Վրաստանում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Արթուր Սարգսյանը և խորհրդական Արտակ Գրաբսկին: Բազմամարդ էր դահլիճը՝ արվեստագետներ, մշակույթի գործիչներ, մտավորականներ, թբիլիսահայ համայնքի անդամներ:

Ցուցահանդեսի բացման կապակցությամբ Թբիլիսի էին ժամանել «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը, 2նկարիչ Սամվել Թավադյանը:

Բացելով ցուցահանդեսը, Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն, «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը կարևորեց թբիլիսահայերին և արցախցի երիտասարդ ստեղծագործողներին ծանոթացնելու և մերձեցնելու նպատակին ուղղված միջոցառումը:Այն կրելով «Վերածնունդ» խորագիրը հիրավի ամրագրում է սահմանագծից ընդամենը մի քանի հարյուր կիլոմետր հեռավորությամբ գտնվող Արցախի կյանքը՝ իրենց հողում ծվարած, իրենց տուն ու տեղին, ստեղծարար աշխատանքին նվիրված բնակչության՝ խաղաղության երազանքը:

«Թեքեյան կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանն ամփոփ արձանագրեց հիմնադրամի նպատակը, որն է 1991 թվականին Հայաստանի անկախությունից քիչ անց դժվարությունների առջև հայտնված հայ մշակույթի,կրթության և գիտության զարգացմանը 3նպաստելու, ազգային ինքնությունը պահպանելու համար ստեղծված «Թեքեյան կենտրոնի» մշակութային այս ծրագիրը:: Անդրադարձ կատարելով Թբիլիսիում սույն ցուցահանդեսի կազմակերպմանը, հիմնադրամի տնօրենը կարևորեց արվեստի, գեղանկարչության միջոցով ցույց տալու անկախության ծանր ու դժվար տարիների այս խոստումնալից սերնդին ու նրանց աշխատանքները, որոնց մեջ ակնհայտորեն կա սեր, գեղեցկություն, խաղաղություն, էսթետիկա: Արմեն Ծուլիկյանը բարձրաձայնեց իր առաջարկությունը՝ Թեքեյան կենտրոնի աջակցությամբ Երևանում և Արցախում թբիլիսահայ նկարիչների ցուցահանդես կազմակերպելու վերաբերյալ:

Իրենց տպավորությունները արտահայտեցին մանրանկարիչ Մերուժան Շահումյանը, նկարիչ-խեցեգործ Լևոն Օսիպովը, Աջարիայի հայերի միության մամլո խոսնակ Արթուր Հովհաննիսյանը: Բարձր գնահատելով ներկայացված աշխատանքները, նրանք արժևորեցին այն լույսը, որը ճառագում է դահլիճի պատերին տեղ գտած նկարներից, այն հարուստ տեսադաշտը, որը ընդգրկված է երիտասարդ 4նկարիչների կտավներում և այն առաջընթացը, որը արտահայտված է նրանց գեղանկարչության մեջ:

Այս ցուցահանդեսը նախաձեռնելու և կազմակերպելու համար արցախցի նկարիչների անունից երախտագիտության խոսք ասաց նկարիչ Սամվել Թավադյանը և հույս հայտնեց, որ թբիլիսահայ և արցախցի երիտասարդ ստեղծագործողների համագործակցությունը կլինի սերտ և գործնական:

Օրհնության և գնահատանքի խոսքով հանդես եկավ Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյանը: Ընգծելով հային հատուկ ամենադժվար պահին անգամ արարելու, ստեղծագործելու հատկանիշը, հոգևոր հայրը կարևորեց այն, որ ներկայացված աշխատանքներում հակասության, դժվարությունների ոչ մի նշույլ չկա, փոխարենը կտավների լուսավոր և ջերմ գույները արտացոլում են զարթոնքի հանդարտություն, վերածննդի բերկրանք և խաղաղության տենչանք:

Ցուցահանդեսի բացումն ուղեկցվեց Արցախից բերած խորհրդանշական «ժինգյալով հացի» հյուրասիրությամբ:

Ցուցահանդեսը «Հայարտուն» կենտրոնում կշարունակվի մինչև դեկտեմբերի վերջը:

 

Վիրահայոց թեմի մամլո հաղորդագրություն