Ձայնը հնչեց Էրզրումի հայոց լեռներից

Դեկտեմբերի այս օրերին` 135 տարի առաջ, հայակերտ ու հինավուրց Կարին (Էրզրում) բերդաքաղաքում, հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժումը իր հեղափոխական շղթայազերծման կարևորագույն ոստումներից մեկը կատարեց: Ինչպես որ ազգային-հեղափոխական սիրված երգն է հուշում՝ «Ձայնը հնչեց Էրզրումի հայոց լեռներից» և «թունդ-թունդ ելան հայոց սրտեր զենքի շաչյունից»:

Հայկական Հեղափոխության ցուցական ծնունդը տեղի ունեցավ 1882 թվականի դեկտեմբերի 4-ին, երբ Կարինում հայ երիտասարդությունը՝ ըմբոստանալով սուլթանի բռնակալության դեմ՝ հայոց ազատամարտի բռնկման ազդանշանը տվեց իր կազմակերպած մեծ ցույցով, որից ներշնչված՝ հայ աշուղներն ու մեր ժողովուրդը սերունդներ ոգեշնչող երգի վերածեցին «Ձայնը հնչեց Էրզրումի հայոց լեռներից» պատգամը:

Հայակերտ Կարին միջնաբերդ քաղաքը 19-րդ դարի հայոց պատմության բախտորոշ թռիչքների և վերիվայրումների բնօրրանը հանդիսացավ։ Հաջորդաբար 1820ական, 1850ական և 1870ական թվականներին, երբ ռուս-թուրքական պատերազմներով Մեծ Հայքի և Արևմտահայաստանի ապագան էր վճռվում, Էրզրումը կամ Կարինը գլխավոր կռվախնձորը դարձավ Արևելքի այդ երկու հզոր կայսրությունների մրցապայքարում:

Բուն Հայաստանի ուղղությամբ առաջացող ռուսական զորքի հետ ռազմի դաշտ նետված հայ կամավորականները, քանի ու քանի անգամ, ազատագրեցին հայկական այս հինավուրց օջախը թուրքական լծից, նույնիսկ մոտեցան Կարինը հայորեն շենշող մայրաքաղաք դարձնելու իրենց առաջադրանքի իրագործմանը, բայց չկարողացան երկար վայելել իրենց արյամբ նվաճված հաղթանակի պտուղը, որովհետև ռուսը վերստին թուրքին զիջեց մեր հողը և Կարնո հայությունը դարձյալ ենթարկվեց թուրքական ջարդին ու ավերմանը…

Կարինը ողբերգական վերիվայրումի այդ հերթական հանգրվաններից մեկն էր ապրում 1878-ից hետո, երբ Բեռլինի Դաշնագրով մեծապետական Եվրոպան պարզեց Օսմանյան Կայսրության հայկական նահանգների բարենորոգման պահանջների դրոշը:

Այդ օրերին Սուլթանական գահին նոր բազմած Աբդուլ Համիդ 2-րդը. կատաղի պայքար հայտարարեց հայ ժողովրդի ազգային ազատագրության և Հայաստանի անկախության շարժման դեմ: Իսկ Կարիում, լուսամիտ ու ազատախոհ հոգևորականների և վարժապետների գլխավորությամբ, հայ երիտասարդությունը մեծ խանդավառությամբ փարեց զինյալ ապստամբության գաղափարին:

Ինչպես որ ազգային-հեղափոխական ծանոթ երգն էր ավետում այդ շրջանում, մեր ժողովուրդը արդեն սկսել էր սպասել այն օրվան, երբ Կարինում հայոց թագավորական վերականգնյալ գահին բազմած պիտի տեսներ… հայ իշխանի:

Ժամանակն ու ազգային մթնոլորտը այդպիսի՛ն էին 1881թ.ի մայիսին, երբ Կարինում հիմնվեց Հայկական Գաղտնի Ընկերությունը, որ սկզբնապես «Արարատ Լեռան Ընկերություն -Պաշտպան Հայրենյաց» անունն էր կրում և, հետագայում, հռչակվեց իր անվան «Պաշտպան Հայրենյաց» մակագրով:

Խաչատուր Կերեկցյանի ղեկավարությամբ և ատենի Կարնո հայոց առաջնորդ Օրմանյան Եպիսկոպոսի օրհնությամբ կյանքի կոչված գաղտնի այդ կազմակերպությունը, ուղղակիորեն, ընդառաջումն էր Բեռլինի Վեհաժողովի ավարտին Խրիմյան Հայրիկի արձակած «Երկաթե Շերեփ» ունենալու պատգամին: Խրիմյանն, որ այդ օրերին Վանի հայոց առաջնորդն էր, իր հերթին սատար կանգնեց «Պաշտպան Հայրենեաց»ի ստեղծմանը և, քսաներորդ դարավերջին բացահայտված արխիվային նյութերի համաձայն, Վանի հայ երիտասարդության կազմած «Սև Խաչ» գաղտնի կազմակերպությունը ճյուղավորումներից մեկն էր «Պաշտպան Հայրենյաց»ի:

Հեղափոխական ընդհատակյա կազմակերպություն էր «Պաշտպան Հայրենյաց»ը: Հատկանշվում էր զինվորական կառույցով ու երկաթյա կարգապահությամբ: Ուներ 7 հոգիանոց «Գերագույն Խորհուրդ» անունով ղեկավար մի մարմին, որի անդամները իրավասություն ունեին, անհատաբար, հեղափոխական այս գաղտնի ուխտին միանալու երդում վերցնելու կամավոր հայ երիտասարդներից: Նորագիր յուրաքանչյուր հեղափոխական, իր երդումով, հանձնառության տակ էր մտնում իր շուրջը խմբելու տասը հոգիանոց ուխտյալներ, որոնք միասնաբար պիտի կազմեին «Պաշտպան Հայրենյաց»ի մի բջիջ՝ հրամանատար ունենալով իրենց անդամագրող հեղափոխականին:

Ծրագրով՝ զուտ ազգային-ազատագրական գաղափարներին հետամուտ շարժում էր «Պաշտպան Հայրենյաց»ը, որ առաջադրում էր երիտասարդներին զինել և պատրաստել համաժողովրդական ապստամբության՝ օսմանյան-սուլթանական կարգերի տապալումը և հայոց ազգային պետականության վերականգնումը նպատակ ունենալով:

Կարնո Հայկական Գաղտնի Ընկերությունը կարճատև կյանք ունեցավ. թուրք ոստիկանությունը շատ կանուխ տեղեկացավ նորաստեղծ միության մասին և, պատրվակ գործածելով կազմակերպության նախաձեռնած 1882թ.ի դետեմբերի 4-ի մեծ ցույցը, ընդհանուր հալածանք ձեռնարկեց հայ հեղափոխականների դեմ:

Կարնո մեծ ցույցը հանդիսացավ Հայկական Բարենորոգումների իրագործման պահանջով Երկրի մեջ կազմակերպված ժողովրդային բողոքի առաջին գործողությունը: Սուլթան Համիդը որոշեց մահացու հարված հասցնել Կարնո հայ երիտասարդության հեղափոխական խմորումներին: Շուրջ 300 հայ երիտասարդներ բանտերը նետեց՝ իր սաղմին մեջ խեղդել փորձելով հայ ազգային-ազատագրական շարժման հեղափոխական առաջին պոռթկումը:

Կարնոյ ազատատենչ հայության և հատկապես նրա մարտունակ երիտասարդության ապստամբական այդ առաջին շարժումը անարձագանգ չմնաց: Հակառակ թուրքական բանտերին, հեղափոխական կայծերը սրտից սիրտ տարածվեցին ու ոտքի հանեցին պայքարունակ հայությունը՝ ի Հայաստան թե ի Կովկաս:

Այդպե՛ս, «Պաշտպան Հայրենյաց» կազմակերպության ընկրկումի պայմաններում անգամ, Կարնո հայության 1882թ.ի դեկտեմբերի 4-ի մեծ ցույցը բոցավառեց հայկական հեղափոխության խարույկը, որ իր վարակիչ թափով մինչև Հայաստանի անկախություն և հայոց ազգային պետականության վերականգնում առաջնորդեց դարավոր գերության տակ հյուծված հայ ժողովրդին:

«Պաշտպան Հայրենյաց» կազմակերպությանն ուղղված Համիդյան հարվածից հազիվ երեք տարի հետո, փաստորեն, կյանքի կոչվեցին լիարժեք հեղափոխական կուսակցությունները հայ ժողովրդի իրականության մեջ: Ծնունդ առան նախ՝ Արմենականը, ապա՝ Հնչակյանը և ի վերջո Դաշնակցությունը, որ Մոսկվայի ու Թիֆլիսի հայ ուսանողական-հեղափոխական խմբավորումները ի մի բերելու իր երկունքին մեջ, հատուկ կարևորությամբ մերձեց և դաշն կնքեց Կարնոյ Հայկական Գաղտնի Ընկերությունից վերապրած մարտունակ տարրերի «Պաշտպան Հայրենյաց»ի հետ:

Ճիշտ է, 1882թ.ի դեկտեմբերի 4-ը համիդյան բռնակալությունը իր առաջին ծանր հարվածը հասցրեց հայ հեղափոխական շարժմանը: Կարնո ապստամբությունը ճզմվեց, բայց կախարդական սրվակից արդեն դուրս ելած փերիի պես՝ հայկական հեղափոխությունը այլևս կարելի չէր խցկել ու դատապարտել… անշարժության: