«Վերնատուն» միությունը 20 տարեկան է

2017 թվականի դեկտեմբերի 5-ին, Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնում տեղի ունեցավ հոբելյանական հանդիսություն և շնորհանդես` նվիրված Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության 20-ամյակին և համանուն տարեգրքի 11-րդ համարի լույս ընծայմանը:

Վրաստանի հայ գրական, թարգմանչական և հրատարակչական միտքը համախմբող և ստեղծագործական գործունեությունը համակարգող միությանը նվիրված միջոցառումը 1նախաձեռնել էին «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնը և Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միությունը:

Պատվավոր նախագահությունում էին բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը, Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Արտակ Գրաբսկին, Վրաստանի երիտասարդ ստեղծագործողների հիմնադրամի նախագահ, բանաստեղծ-թարգմանիչ Մաղվալա Գոնաշվիլին և Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Ժորա Սնխչյանը:

Դահլիճը լեփ-լեցուն էր մարդկանցով: Ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Արթուր Սարգսյանը, Վրաստանի Հայ բարերարների միության նախագահ Սամվել Աղեկյանը, համայնքային կառույցների ղեկավարներ, գրողներ, բանաստեղծներ, ուսուցիչներ, մտավորականության ներկայացուցիչներ: Ժամանել էր «Վերնատուն» միության Ջավախքի 2մասնաճյուղի պատվիրակությունը:

Միջոցառումը բացեց կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանը: Նա արձանագրեց Հովհաննես Թումանյանի տան պատմությունը՝ արժևորելով Վիրահայոց թեմին այն վերադարձնելու գործի նախաձեռնողներին, աջակիցներին և հովանավորներին:

Տոնահանդեսի վարող բանաստեղծ, «Վերնատուն» միության հիմնադիր նախագահ Ժորա Սնխչյանը անդրադարձ կատարեց անկախության ուղին բռնած ետխորհրդային հանրապետություններում գրողներին համախմբող ազգային կազմակերպություններ ունենալու ժամանակի անհրաժեշտությանը, միության ստեղծման նվիրյալներին և թումանյանական շնչով տոգորված «Վերնատուն» անունով այս կազմակերպության ստեղծմանը: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին կյանքից հեռացած այն 25 գրչակից ընկերներին, ովքեր իրենց նվիրումը բերեցին միությանը,ակտիվորեն ներգրավվեցին ստեղծագործական, թարգմանչական, տպագրական, հրատարակչական, մատաղ սերնդի ստեղծագործական մտքի զարգացման աշխատանքներին:

Հիրավի հագեցած և բովանդակալից է եղել «Վերնատուն» միության գործունեությունը: 175 հեղինակային գրքեր, թարգմանություններ և «Վերնատուն» տարեգիրք: Եղել է նաև վստահություն, սպասելիք և գնահատում: Ստեղծումից կարճ ժամանակ անց միության երեք անդամները՝ նախագահ Ժորա Սնխչյանը, բանաստեղծներ Միքայել Ախտյանը և Հենրիխ Սահակյանը արժանացան կառավարական բարձր պարգևի՝ «Պատվո նշանի»:

Միության գործունեության ուղենիշներից է Հայաստանի և Վրաստանի գրողների միությունների մերձեցումը, հայ-վրացական գրական կապերի զարգացումը, թարգմանությունների ծավալումը: Այդ պատգամի իրականացման, երկու ժողովուրդների 3գրականությունների զարգացման գործում ներդրած ավանդի համար ՀՀ Գրողների միությունը ոսկե մեդալով պարգևատրեց բանաստեղծ-թարգմանիչ Մաղվալա Գոնաշվիլիին, ինչի մասին պատեհ առիթով բարձրաձայնեց Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդականը, իսկ միջոցառման վարողը այն փոխանցեց հայ ժողովրդի մեծ բարեկամին:

Այնուհետև ներկայացվեց «Վերնատուն» տարեգիրքը, որը տարիներ շարւնակ իր էջերում հավաքագրել, խմբագրել ու ընթերողին է ներկայացրել միության անդամների ստեղծագործությունները՝ արձակ, թե չափածո, կատարված թարգմանությունները, հոդվածները, գրախոսությունները, հրապարակախոսությունները: Հայ ընթերցողի սեղանին են դրվել վրաց, ռուս և արտասահմանյան գրականութպյան դասական և արդի գործեր, ներկայացվել երկու բարեկամ ժողովուրդների մշակութային կյանքը: Ժորա Սնխչյանը երախտագիտության խոսքեր ուղղեց ՀՀ Սփյուռքի նախարարությանը, Վրաստանում ՀՀ դեսպանությանը, Վիրահայոց թեմին և նրա առաջնորդին, անհատ բարերարներին, ում աջակցությամբ միությունը կյանքի է կոչում իր կանխագծումները:

«Վերնատուն» միության 20-ամյակը շնորհավորեցին և բարեմաղթանքի խոսքեր ասացին «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, բանաստեղծ Գուրամ Ճավճանիձեն, բանաստեղծ – թարգմանիչ Արտեմ Կիրակոզովը, լրագրող Միխայիլ Այդինովը, պրոֆեսոր Էմմա Ախտյանը և ուրիշներ: «Վերնատուն» միության անդամներ Լուսինե Վանոյանը Միխաիլ Անանովը, Սլավա 4Մելքոնյանը ընթերցեցին իրենց ստեղծագործությունները, կատարած թարգմանությունները, իսկ «Վերնատուն» միության Ջավախքի մասնաճյուղի նախագահ բանաստեղծ Ալբերտ Իսոյանը իրազեկեց Սաթխայում կառուցվող պատմության թանգարանի մասին, որը կազմ և պատրաստ արդեն ամռանը կընդունի այցելուներին:

Հոբելյանական երեկոն ամփոփեց Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյանը: Վերջինս ներկաներին փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությունը և շնորհավորանքները, նաև գնահատանքը վիրահայ ստեղծագործական միտքը համախմբող «Վերնատուն» միության գործունեությանը: Արժանապատիվ Տեր հայրը կարևորելով ընթերցասիրության դերն ու նշանակությունը անհատի կայացման գործում, մաղթեց գեղարվեստական խոսքով ներշնչել գեղեցիկը, բացահայտել վատը, շարունակել ազգասիրական, հայրենասիրական ու դաստիարակչական աշխատանքը:

Միջոցառումն իրենց ասմունքով գեղեցկացրեցին Լիզա Թորոսյանը, Բեգլար Ախտյանը, Լևոն Չիդիլյանը, Աննա Անանովան և Բազոյան քոււյր-եղբայրներն իրենց երգ-նվագով:

Միջոցառումը դարձավ 20-ամյա վաղեմությունից «Վերնատուն» միության գործունեության անդրադարձ ամրագրված անցյալով, տեսանելի ներկայով և հուսալի ապագայով: