Փոքր դպրոցներում, որտեղ երեխաները լավ են ճանաչում միմյանց, ագրեսիայի հավանականությունը ցածր է

Դեկտեմբերի 1-ին Թբիլիսիի Խորավա փողոցի վրա դպրոցականների միջև տեղի ունեցած կռիվը երկու անչափահասի կյանք խլեց։ Մեղադրյալները մահացածների հասակակիցներն են՝ Թբիլիսիի №1 փորձարարական դպրոցի 11-րդ․ դասարանի աշակերտները։

Դեկտեմբերի 2-ին Ծղալտուբոյի շրջանի Օբշկվիտի գյուղում կրծքին դանակի հարվածից մահացել է ևս մեկ անչափահաս։ Դաժան սպանության մեջ մեղադրվում են մահացածի համադասարանցին և նրա ընկերը։

Ողբերգությունները վրաց հասարակության մեջ խստաբարո քննարկումներ են առաջացրել։ Ընդ որում, բոլորը համարում են, որ դպրոցը և կրթական համակարգն ընդհանուր առմամբ այսօր կանգնած են լուրջ խնդիրների առաջ։

Նինո (15 տարեկան)՝ վրացական դպրոցներից մեկի աշակերտ: «Կռիվներ, հաշիվներ մաքրել, նվաստացումներ՝ նմանատիպ փաստեր անդադար կատարվում են մեր դպրոցում։ Բայց մեծ մասամբ այդ ամենի մասին չի բարձրաձայնվում։ Եղել է դեպք, երբ ծնողներն ուղղակի տեղափոխել են երեխային այլ դպրոց, որպեսզի սկանդալ չստեղծվի։ Իսկ ահաբեկություններ նախաձեռնողները մնացել և շարունակում են սովորել մեր դպրոցում։ Երբեմն աղջիկները տղաներին գերազանցում են։ Եղել է երկու աղջկա կռվի դեպք մի տղայի համար, նրանց բաժանել է մանդատուրան՝ դպրոցում նման շիկացումները զսպող լիազոր մարմինը։

Ավելի հաճախ են բարոյական, խոսքային վիրավորանքները։ Նման դեպքերի մեծամասնության մասին չգիտեն ո՛չ ուսուցիչները, ո՛չ տնօրինությունը։ Ես ևս ահաբեկության զոհ եմ դարձել։ Դասարանցինց մեկը համոզել էր մյուսներին չխոսել ինձ հետ և չհրավիրել ոչ մի ծննդյան տարեդարձի։ Ես պատմեցի մայրիկիս, և նա հանդիպեց տնօրենի հետ։ Տնօրենն իր հերթին կանչեց այդ աշակերտին, և դրանով իմ նվաստացումներն ավարտվեցին»։

Մայա Կուրցիկիձե, Վրաստանում UNICEF հաղորդակցման ծրագրի ղեկավար: «Վրաստանի Օմբուդսմենի ապարատը ՄԱԿ-ի Մանկական ֆոնդի աջակցությամբ 2016-2017 թվականներին դպրոցներում բռնության դեպքերի մոնիթորինգ է անցկացրել։ Պարզվել է, որ ահաբեկությունը դպրոցականների միջև նրանց հարաբերություններում տարածված ձև է։ Երեխաներին հաճախ նվաստացնում են, նրանց վրա բղավում են, ոտնահարում են արժանապատվությունը։ Ամենից շատ մտահոգում է պատասխանատու մարմինների անպատրաստակամությունը: Նրանք չգիտեն, թե ինչպես ճիշտ արձագանքել բռնությանը։ 2010 թվականից Վրաստանում անցկացվում են երեխաների պաշտպանության բարեփոխական ծրագրեր, որոնք պարտադրում են երեխաների հետ աշխատող բոլոր մասնագետներին արձագանքել բռնությանը։ Եթե ուսուցիչը տեսնում է, որ երեխան դարձել է բռնության զոհ, նա պարտավոր է տեղեկացնել այդ մասին համապատասխան ծառայությանը։ Մոնիթորինգը պարզել է, որ դպրոցի անձնակազմը բավարար չափով տեղեկացված չէ բռնության դեպքերի մասին և բռնության դեպքեր համարում է միայն ծանր բնույթ կրող բախումները։ Հետազոտության ընթացքում պարզվել է նաև, որ ցավոք, ուսուցիչներն իրենք ուսումնական պրոցեսի ընթացքում դիմում են բռնի գործողությունների։

Բայց նաև աշակերտները չգիտեն, թե ինչ են բռնությունը, թե ինչ իրավունքներ ունեն իրենք և ո՞ւմ դիմեն բռնության զոհ դառնալու դեպքում։ Այդ մասին նրանց հետ կարծես ոչ ոք չի էլ զրուցել։ Եվ կարևորը՝ երեխաները չեն վստահում համակարգին։ Նրաք կարծում են, որ ուսուցչին կամ մանդատուրային դիմելն իրենց համար նոր խնդիրներ կստեղծի։

Այսօր դպրոցում բռնությունը ճնշելու հարցի շուրջ միասնական քաղաքականություն չկա։ Մենք խթանում ենք կանխարգելիչ մեխանիզմների խրախուսումը, ոչ թե բռնությունը։ Վաղուց արդեն ապացուցված է, որ բռնությունը սովորաբար բարդացնում է իրավիճակը։ Տնօրինությունը և ուսուցիչները պետք է կիրառեն այնպիսի ռազմավարություն, որը հիմնված չի լինի վախի, բռնի ուժ գործադրելու, սպառնալքների, նվաստացման վրա»։

Սիմոն Ջանաշիյա. Փորձագետ կրթության ոլորտում: «Բռնությունը դպրոցականների հարաբերություններում բխում է ոչ միայն դպրոցի պատերից դուրս սոցիալական նորմերից և մշակույթից: Բռնությունը կապված է նաև կրթական համակարգի կառուցվածքների ոչ պատշաճ կազմակերպման հետ:

Արատավոր է այն համակարգը, որի ղեկավարն է հսկողությունը, այլ ոչ թե հարաբերությունների արժեքների զարգացումը: Օրինակ, վերջին վեց տարիների ընթացքում մանդատուրայի համակարգում ծախսվել է 60 միլիոն լարի: Եվ այդ գումարի նույնիսկ կեսը չի ծախսվել երեխաների շրջանում արժեքների ներդրման, կոնֆլիկտների կառավարման ուսուցման, բռնության դեմ արշավների վրա:

Արատավոր է այն համակարգը, որը թույլ է տալիս դպրոցում ունենալ յոթ-ութ զուգահեռ դասարան: Այս իմաստով մեր դպրոցները սխալ են կազմակերպված:

№51 դպրոցը ամենածանրաբեռնված դպրոցներից մեկն է Վրաստանում: Մի քանի տարի առաջ այնտեղ նույնիսկ դասարանները վերափոխվեցին այնպես, որ կարողանային ընդունել երկու անգամ ավելի շատ աշակերտն: Այնտեղ հիմա այնքան աշակերտ կա (2500 դպրոցական), որ շատերը միմյանց չեն ճանաչում: Մի դպրոցում, որտեղ ուսուցիչներն ու աշակերտները չգիտեն միմյանց, որտեղ փոխադարձ հարգանք չկա, օգնության ցուցաբերում չկա միմյանց նկատմաբ, չկան համատեղ զվարճանքներ եւ այլն, միշտ բարձր է հակամարտությունների հավանականությունը: Փաստն այն է, որ փոքր դպրոցներում, որտեղ երեխաները լավ են ճանաչում միմյանց, ագրեսիայի հավանականությունը ցածր է, միշտ էլ ավելի հեշտ է արձագանքել առաջացած խնդիրներին և լուծել դրանք:

Այսօր դպրոցն ավելի շատ ուղղված է վերահսկման, այլ ոչ զարգացման վրա: Դպրոցներում տարբեր մակարդակի անվստահություն է տիրում. երեխաները չեն վստահում ուսուցիչներին, ուսուցիչները` մանդատուրային: Դպրոցականները, եթե անգամ գիտեն որևէ կոնֆլիկտի մասին, չեն դիմում ուսուցիչներին կամ մանդատուրայի ծառայությանը, քանի որ վախենում են, որ դա կհանգեցնի վերահսկողության և պատիժների խստացմանը: Երեխան պետք է կարողանա խնդիրը լուծել դպրոցում, և դրա համար դրսից օգնության կարիքը չպետք է լինի, կամ էլ հարցը փողոց հասցնել: Միևնույն ժամանակ նա պետք է դուրս գա այս կամ այն իրավիճակից՝ պահպանելով իր արժանապատվությունը:

Հիշում եմ, որ 2007 թ. անչափահաս իրավախախտների հետ կապված իրավիճակը շատ ավելի վատ էր: Նախարարությունում որոշել էին տեղի ունեցածի մասշտաբներն ուսումնասիրել և մի քանի դպրոցներում ստուգումներ էին կազմակերպել: Զգուշացրել էին միայն տնօրեններին, ասելով, որ ստուգումների հիմնական նպատակն է ուսումնասիրել իրավիճակը, և նույնիսկ եթե աշակերտների մոտ սառը զենք հայտնաբերվի, ոչ ոք չի պատժվի: Այս արշավն ավարվտեց նրանով, որ դպրոցներում, որտեղ ստուգումներ էին անցկացվում, անգամ ծխախոտ չհայտնաբերվեց, էլ ինչ դանակ կամ ասեղների մասին է խոսքը: Հետո ծնողները պատմում էին ինչպես էին ուսուցիչները օգնում աշակերտներին թաքցնել ծխախոտն ու դանակները:

Հասարակության մեջ, այդ թվում նաև մանկավարժական միջավայրում, շատ են սխալ արմատավորված նորմերը: Հիմնականում ուսուցիչներն համոզված են, որ տղան պետք է կռվել իմանա և տղամարդ դառնա հենց այդպիսի միջավայրում:

Գոյություն ունի նաև գիտելիքի խնդիր: Նորմալ դպրոցը, որպես ամբողջություն, պետք է երեխային հնարավորություն տա նվազեցնել հակամարտության մակարդակը:

Սկանդինավյան երկրներում, օրինակ, սովորեցնում են, որ չի կարելի անտարբեր դիտարկել կռիվը, կամ միջամտում ես և կանգնեցնում կռիվը, կամ գնում ես օգնություն կանչելու: Ես կասկածում եմ, թե Վրաստանում նման դպրոց կա, որտեղ աշակերտին խորհուրդ կտային, թե ինչպես վարվի նման դեպքերում»:

Մայա Ցիրամույա՝ հոգեբան: «Այն, որ խիստ պատիժը ելք չէ, հաստատված է հարյուրավոր ուսումնասիրություններով: Երիտասարդության շրջանում ճնշող մեթոդները երբեք լավ չեն աշխատել: Խոսքը նրա մասին չէ, թե ինչպես խուսափել պատասխանատվությունից: Սոցիալական ցանցերում այնպիսի մեկնաբանությունների եմ հանդիպել, որոնցից ապշել կարելի էր: Ոմանք պահանջում են մեղավորներին փակել գազավորված սենյակներում, ոմանք` հանձնել Լինչի դատաստանին, ցմահ ազատազրկում: Ի՞նչ ենք մենք ուզում: Վրեժխնդրությու՞ն հանցագործներին։ Ինչու՞․ Ահա ինչի մասին է հարկավոր մտածել:

Այն, ինչ տեղի է ունենում այսօր, ճգնաժամ է: Հետևաբար, դպրոցներում ճգնաժամային միջամտության իրականացման հրատապ անհրաժեշտություն կա: Այն ուսուցիչները, ովքեր դասի են պատրաստավում, պետք է շատ լրջորեն մտածեն իրենց ասելիքի և անելիքի մասին: Մեկ սխալ, վատ ընտրված բառը կարող է խորը հետք թողնել երեխայի վրա:

Այսօր հիմնական խնդիրը դպրոցի աշխատակիցների հետ փոխգործակցությունն է, քանի որ նրանք գտնվում են հրեշավոր սթրեսային վիճակում: Կրթության նախարարությունն ունի անհրաժեշտ ռեսուրսներ: Մանդատուրայի ծառայության հետ աշխատում է հոգեբանների ուժեղ խումբ: Կարելի է հուսալ, որ նրանք կներառվեն այս գործընթացում: Այսօր բոլոր դպրոցներում սուր հարցեր կբարձրացվեն: Յուրաքանչյուր դպրոց պետք է ունենա ճգնաժամային կառավարման ռազմավարություն, յուրաքանչյուր դպրոց պետք է իմանա ինչպես վարվել, երբ հասակակիցների միջև կա դիմակայություն, երբ կատարվում են ահաբեկելու կամ, ասենք, ինքնասպանության փորձեր: Այսօր չկա այդպիսի ուղեցույց: Չնայած նրան, որ Կրթության նախարարությունը բազմիցս առաջարկել է հոգ տանել դրա ստեղծման մասին: Այժմ մենք կանգնած ենք հրատապ անհրաժեշտության առջև: Այսօր սա այն գործն է, որը պետք է կատարվեր երեկ»:

Մանանա Վարդիաշվիլի