«Ոչ միայն հացիվ…» բանաձևը մեր օրերի ամենաարդիական բանաձևն է…

Մատաղ սերնդի դաստիարակության ու կրթության գործում այս բանաձևն առավել քան կարևոր է, որովհետև կապում է սեփական պատմությանը, հողին, Հայրենիքին, ծնողին, ընկերոջը, բակի թթենուն և այսպես շարունակ…

«Ախալցխա» ժողովրդական երգի և պարի համույթի ստեղծումը «ոչ միայն հացիվ» բանաձևի իրականացմանն ուղղված հերթական, բայց ոչ շարքային նախաձեռնությունն է, քանի որ ավելի քան մեկ տասնյակ պատանի հաղորդակից է դառնալու իր արմատներին, զգալու է ժողովրդական երգ ու պարի հմայքն ու գրավչությունը, դառնալու է երաժշտության ու ներդաշնակության տարածողն ու քարոզիչը:

Շուրջպարի է հրավիրելու իր հայ ու վրացի ընկերներին ու հերթական անգամ ապացուցելու է, որ մշակույթն է ժողովուրդների բարեկամության ամենագեղեցիկ ու անկեղծ այցեքարտը:

Նոր համույթի անվան շուրջ երկար ենք մտածել: Կարին, Էրզրում, Արևմտյան Հայաստանի, պատմական Հայաստանի տարբեր քաղաքների ու մարզերի անուններ են անցել մեր մտքով:
Բայց, ինչպես ասում են, ամենաիմաստուն որոշումները պարզ որոշումներն են… «Ախալցխա» անվանումը թերևս ամենահնչեղ ու գրավիչ անունն է, քանի որ այն մեզ ճանաչելի ու սպասելի է դարձնելու Վրաստանում ու Հայաստանում, Սփյուռքի տարբեր համայնքներում, այնտեղ որտեղ կան մեր հայրենակիցները, կամ որտեղ լսել են մեր հայրենիքի, մեր գեղեցիկ քաղաքի ու Սամցխե-Ջավախք նահանգի մասին, որտեղ դարեր շարունակ միմյանց կողքի ապրել են բազմաթիվ ժողովուրդներ` հայը, վրացին, հույնն, հրեան… Ապրել ու կերտել են սեփական, համընդհանուր ու համամարդկային մշակույթը:

Նոր համույթը լինելու է ողջ նահանգի եւ ոչ միայն հայերի դեսպանը։
Լինելու է նահանգի բոլոր մշակույթների թարգմանիչն ու հանրայնացնողը։
Սեփական մշակույթի ճանաչումը, հանրայնացումը, գեղեցիկ ու նորովի ներկայացումը լինելու է նոր համույթի հիմնական կարգախոսը։

Այն կարգախոսը, որով նորովի է ներկայանալու ու ներկայացվելու մեր գեղեցիկ հայրենիքը, մեր Ախալցխան։