Քրիստոս Ծնաւ եւ Յայտնեցավ, Մեզ և Ձեզ Մեծ Աւետիս

Երեկ եւ այսօր հայրենի Ջավախքում մեծ շուքով նշվեց Ճրագալույցը եւ Սբ. Ծնունդը: Ձեզ ենք ներկայացնում Ջավախքի տարբեր քաղաքներում տեղի ունեցած պատարագների մասին այս պահին առկա տեղեկատվությունը:

Ախալքալաք

Սույն թվականի հունվարի 6-ին Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում, ձեռամբ Վիրահայոց թեմի բարեխնամ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ու մասնակցությամբ Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվներ Արժանապատիվ Տեր Եղիշե ավագ քահանա Հարությունյանի ու Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանի, մատուցվեց Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնական Սուրբ և Անմահ Պատարագ:

Պատարագին ներկա էին Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը, Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, Ախալքալաքի փոխքաղաքապետ Արմեն Մարանգոզյանը, Ախալքալաքի շրջանային ժողովի փոխնախագահ Ռոբինզոն Կավռելիշվիլին, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը, Ախալքալաքի շրջանային ժողովի պատգամավորներ Համլետ Մովսիսյանն ու Հովիկ Մուրադյանը, Ախալքալաքի շրջանային հիվանդանոցի տնօրեն, գլխավոր բժիշկ Ալեքսան Թորոյանը, Ախալքալաքի մշակույթի տան տնօրեն Ալիկ Քսպոյանը և այլ պաշտոնյա անձինք ու բազմաթիվ հավատացյալներ:

Ախալքալաքում Սբ. Ծննդյան տոնակատարության մասին մնացած նյութերը եւ լուսանկարները կարելի է գտնել այստեղ:

 

Ախալցխա

Սույն թվականի Հունվարի 5-ին մատուցվեց Ճրագալույց սուրբ պատարագ ձեռամբ Վիրահայոց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանի։

Սույն թվականի Հունվարի 6-ին՝ Աստվածահայտնության տոնի Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցինհերթական անգամ լեփլեցուն էր իր աղոթարար հավատացյալներով։

Ինչպես Հայ Առաքելական Եվ Ուղղափառ Սուրբ Եկեղեցիներում, այդ թվում նաև Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում մատուցվեց սրբալույս պատարագ ձեռամբ Ախալցիխեի հարակից շրջանների հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Թորգոմ քահանա Վարդանյանի։

Ախալցխայում Սբ. Ծննդյան տոնակատարության մասին մնացած նյութերը եւ լուսանկարները կարելի է գտնել այստեղ:

 

Նինոծմինդա

Նինոծմինդայի սբ Սարգիս եկեղեցում այսօր՝ հունվարի 6-ին, տեղի ունեցավ Սրբալույս Ծննդյան պատարագ և Ջրօրհնեքի արարողություն: Պատարագիչը շրջանի հոգևոր հովիվ Տեր Արմաշ քահանան էր:

Հընթացս Սբ Պատարագի Տեր հայրը ընթերցեց նորին Սբ Օծություն Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը՝Սբ Ծննդյան առիթով: Այս տարվա խաչքավոր դարձավ Հակոբ Գորոյանը: Վերջում օրհնվեց և հարյուրավոր ներկաներին բաժանվեց օրհնված ջուրը:

Նինոծմինդայում Սբ. Ծննդյան տոնակատարության մասին մնացած նյութերը եւ լուսանկարները կարելի է գտնել այստեղ:

Ջավախք Մեդիա, Ջավախք