Սաթխայում արդեն գործում է վերանորոգված և եվրոպական ստանդարտներին համապատասխան նոր դպրոց

Վրաստանի Կրթության և Գիտության նախարարության նախաձեռնությամբ և ԱՄՆ-ի աջակցությամբ դեկտեմբերի 8-ից Նինոծմինդայի շրջանի Սաթխա գյուղի դպրոցն ուսումնական գործընթացը սկսել է նոր վերանորոգված, տաք , ժամանակակից բոլոր պայմաններին համապատսխան և գեղեցիկ կահավորված շենքում, որն ավելի պարտավորեցնող է դարձնում թե´ ուսուցիչներին, և թե´ աշակերտներին։

Դպրոցում կան լուսավոր դասասենյակներ, լաբարատորյա, համակարգչի սենյակ, միջոցառումների դահլիճ,գեղեցիկ կահավորված ու հարուստ գրադարան և սանհանգույց։

«Մենք արդեն դեկտեմբերի 8-ից տեղափոխվել ենք վերանորոգված դպրոցը, որի համար շնորհակալ ենք շրջանի ղեկավարությանը, Կրթության և Գիտության նախարարությանը և այն կազմակերպություններին, որոնք աջակցել և կահույք են տրամադրել մեր դպրոցին։

Վերանորոգված դպրոցում ուսումնական ընթացքը կատարվում է հարմարավետ պայմաններում և աշակերտներն ոգևորված և մեծ սիրով են հաճախում դպրոց»,- ասաց դպրոցի տնօրեն Շուշանիկ Անանիկյանը։

Սաթխայի հանրային դպրոցը վերջապես վթարային պայմաններից տեղափոխվեց եվրոպական ստանդարտներին համապատասխան պայմանների։ Անհրաժեշտ պարագաներով ապահովված լաբարատորյաների միջոցով դասերն արդեն ավելի հետաքրքիր են և բազմաբնույթ։

Դպրոցում կա նաև վրաց լեզվի համար նախատեսված հատուկ սենյակ, և ուսուցիչները հենց իրենց դպրոցում հնարավորություն ունեն մասնակցելու Ժվանյայի անվան դպրոցի կողմից ուղարկվածհատուկ մասնագետի անցկացրած պետական լեզվի դասընթացներին։