Սուլդայի Սուրբ Խաչ եկեղեցում կատարվեց նորապսակների օրհնության կարգ

Հայ Առաքելական եկեղեցին, նախնի եկեղեցու հաստատած կարգի համաձայն, ամեն տարի փետրվարի 14-ին` Քրիստոսի հրաշափառ Ծնունդից 40 օր հետո, մեծ հանդիսավորությամբ նշում է քառասուն օրական Փրկչին Երուսաղեմի տաճարին ընծայաբերելու տոնը` Տեառնընդառաջը:

Տյառնընդառաջի տոնը Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր է բոլորին: «Տեառնընդառաջ» նշանակում է «Տիրոջն ընդառաջ գնալ» կամ «Տիրոջն ընդառաջ դուրս գալ»: Տոնի ծիսական արարողությունները սկսվում են նախօրեին՝ փետրվարի 13-ին։ Երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է նախատոնակ: Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ` իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ, արդեն մի քանի տարի է, ինչ Տեառնընդառաջին Հայոց եկեղեցիներում տեղի է ունենում նորապսակների օրհնության կարգ:

Սույն թվականի փետրվարի 11-ին՝ Տեառնընդառաջի նախատոնակին, Սուլդայի Սուրբ Խաչ եկեղեցում Դիլիսկայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանը կատարեց հանդիսավոր ժամերգություն: Հավարտ ժամերգության՝ Արժանապատիվ Տեր Հայրը կատարեց ծլինորապսակների օրհնության կարգ, որից հետո եկեղեցու խաչի քավոր Սասուն Ավետիսյանի կողմից նորապսակները ստացան նվերներ: Այնուհետև եկեղեցու բակում վառվեց ավանդական խարույկը և կատարվեց ժողովրդական տոնախմբություն։ Արարողությանը ներկա էին նաև Էրինջա և Խավեթ գյուղերի նորապսակները։

Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվան