ՎԸԺԻԿԸ

Սահակաշվիլու էպոխան Ջավախքում. դասեր և պատգամներ

Լիլիթը տարիներ առաջ էր ավարտել Երևանի պետական համալասարանի բանասիրության ֆակուլտետը և, մայրաքաղաքում հաստատվել ցանկացող շատ օրիորդների նման, դեմ չէր լինի, եթե իր բախտը ևս դասավորվեր Երևանում, այդուհանդերձ, պատանեկան տարիներից իրեն սիրող համագյուղացի երիտասարդի սիրտը չգտավ ուրիշ ոչ մեկի մեջ, ընտրեց նրան իր կյանքի ընկեր և հաստատվեց Ջավախքի իրենց հայրենի գյուղում: Երևանյան մշակութային և հասարակական բուռն կյանքով ապրած Լիլիթի համար սկզբնական շրջանում դժվար էր հարմարվել գյուղական միջավայրին. կինոթատրոններ, թանգարաններ, մշակութային միջոցառումներ, շփումներ արվեստի և մշակույթի գործիչների հետ… այս ամենը շուտով հուշերի վերածվեցին, որոնց փոխարինելու եկան ջավախքյան հեռավոր իրենց գյուղի քարքարոտ ճանապարհները, ծաղկառատ մարգագետինները, հայրենի գյուղում և արտերկրում օրնիբուն աշխատող մարդիկ:

Լիլիթը շատ շուտ հաղթահարեց այս անցումը, և այդ հարցում նրան օգնության հասավ բանասերի իր մասնագիտությունը. հայ և համաշխարհային գրականության բավարար իմացությունը Լիլիթին հենց սկզբից օգնեց նոր միջավայրին նայել փիլիսոփայորեն: Հայրենի գյուղի ամեն մի քարը, ամեն մի ծառ ու թուփը, ընտանի կենդանիները, անգամ բնության զանազան դրսևորումները՝ մեղմ զեփյուռից մինչև ձմռան փոթորիկներ, հորդ անձրևից ու ցեխաջրերով լեցուն բակերից մինչև գյուղական պարզկա առավոտներ, Լիլիթին պատճառում էին անսահման բավականություն: Նա այդ ամենի մեջ փորձում էր գտնել այն խորհուրդը, որը դրված էր ի վերուստ: Անգամ եթե չէր հասկանում որոշ երևույթներ,  ինքն էր փորձում դրանք «օժտել» իմաստներով կամ խորհուրդներով: Այս ամենից բացի, իհարկե, կար և մեկ ուրիշ ձգողություն, մեկ ուրիշ դրդապատճառ, որն ստիպում էր Լիլիթին հրապուրվել իրենց հայրենի գյուղով. դա ամուսնու՝ Վաչեի՝ պարզ ու շիտակ, ավանդապաշտ ու աշխատասեր այդ լեռնական երիտասարդի սերն էր. Լիլիթն ամենուր տեսնում էր Վաչեի հետքերը, որոնց շնորհիվ նորահարս Լիլիթի շրջապատը դառնում էր առավել գունեղ, առավել խորախորհուրդ և, իհարկե, անսահման սիրելի:

Գյուղական ուսուցչուհու կայանքում շուտով տիրապետող դարձավ մի նոր, մինչ այդ անծանոթ, անբացատրելի, աստվածային զգացում. ծնվեց առաջնեկը՝ նրա պաշտելի Վըժիկը, որն իր մուտքով փոքրիկ գյուղի մեծ կյանք վերաիմաստավորեց ամեն ինչ:

Անցնում էին օրերը, ամիսները դառնում տարի: Վըժիկն արդեն քայլում էր և իր մանկական աշխույժ ճիչերի հետ արտաբերում Կարնո բարբառի քաղցրահնչյուն բառերը: Լիլիթն այդ ընթացքում արդեն վերադարձել էր դպրոց և վերստին նվիրվել իր սիրելի աշխատանքին: Վըժիկի մեծանալն ստիպում էր Լիլիթին առավել շատ մտորել նրա կրթության, ճիշտ դաստիարակության և շատ այլ հարցերի մասին: Հաստատվելով գյուղում՝ Լիլիթը միշտ ձգտում էր դպրոցում և հասարակության մեջ սերմանել սեր ուսման, կրթության ու գիտության նկատմամբ: Ահա կանցնի մի որոշ ժամանակ, և փոքրիկ Վըժիկը դպրոցական է դառնալու. նրան հարկավոր է նախպատրաստել՝ հարկավոր են խաղերի և հեքիաթների գրքույկներ, հարկավոր է ճիշտ կազմակերպել նախակրթությունը եւ այլն: Մտորելով այս ամենի մասին՝ Լիլիթը երբեմն հուզվում էր, հիշում իր ուսանողական հիասքանչ տարիները, երբ օրերով ու գիշերներով կարդում և ուսումնասիրում էր այդ ամենը, իսկ հիմա հերթը որդունն է, ում համար ինքը շատ շուտով մեկնելու էր այնքա՜ն հարազատ Երևան ու ձեռք բերելու այդ ամենը:

Այդ օրը չուշացավ. Լիլիթը որդու հետ Երևանի ճանապարհին է: Վըժիկի աչքերը լցված էին շուրջբոլորը բացվող անծանոթ տեսարանների հանդեպ արտահայտած զարմանքով, իսկ ավելի շատ՝ մոր խոստումներով. ինչե՜ր ասես, որ մայրն իր համար չէր գնելու:

Փոքրիկ Վըժիկն իրոք երջանիկ էր, քանի որ մայրը գերակատարել էր իր բոլոր խոստումները՝ գնել էր Վըժիկի համար մի փոքրիկ հեծանիվ, մանկական բազմաթիվ խաղեր, պատկերազարդման տետրեր, իսկ գլխավոր տեղում և դերում գրքերն էին: Տարված լինելով մանչուկով ու նրա խնամքվ՝ Լիլիթը Վըժիկի ծնվելուց ի վեր չէր այցելել Երևան, և աժմ, երբ Վըժիկը ոչ թե խանգարում, այլ, կարելի է ասել, խոհուն աչքերով ուղեկցում էր իրեն, բացառիկ հնարավորություն էր ընձեռվել Երևան այցելելու և այնտեղից ձեռք բերելու սրտի ուզած իրերը, իր սիրելի Վըժիկի համար այն ամենը, ինչի մասին մտորել էր տարիներով: Լիլիթի անհամբերությունն ու խանդավառությունն այնքան մեծ էին, որ նա, բացի Վըժիկի համար դասագրքերից ու մանկապատանեկան գրականությունից,  գնել էր նաև բազմաթիվ դասական հեղինակների ստեղծագործություններ՝ Վ. Տերյան, Ա. Իսահակյան, Պ. Սևակ… որոնցից Վըժիկն օգտվելու էր բարձր դասարաններում: Առանձնահատուկ ուրախություն էին պատճառում իր հայագետ դասախոսների՝ Է. Ջրբաշյանի, Է. Աղայանի և մյուսների աշխատությունները:

Ավտուբուսը սլանում էր Արագածոտնի ճանապարհով. ահա Շիրակի դաշտավայրը, Աշոցքի սարահարթը և ՀՀ-Վրաստան սահմանային անցակետերը: Լիլիթի հուզմունքը գնալով մեծանում էր, քանի որ կարճ ժամանակ անց հասնելու էր հարազատ գյուղ՝ զինված հոգևոր արժեքներով, որոնց միջոցով նա նոր հնարավորություններ էր ստանում կրթելու իր փոքրիկ Վըժիկին, դարձնելու ուսումնատենչ, գրքասեր ու զարգացած քաղաքացի, այնպիսին, ինչպիսին նա պատկերացնում էր իր սրտի խորքերում:

—         Ի՞նչ կան Ձեր ճամպրուկներում, — վրաց սահմանային անցակետում կիսավրացերեն, կիսառուսերեն հարցն ուղղված էր Լիլիթին:

—         Մանկական իրեր, գրքեր, — վարժ ու գրագետ ռուսերենով և ժպիտով արձագանքեց Լիլիթը:

—         Գրքե՞ր, — նորից հնչեց հարցը:

—         Այո՜, — կրին վստահ պատասխանեց Լիլիթը:

—         Տիկի՜ն, այդ դեպքում Դուք հավաքեք Ձեր իրերը, ներս եկեք կողքի սենյակ և սպասեք, Ձեր իրերը զննվելու են:

—         Բայց ինչի՞ համար, չէ՞ որ ապարատն ամեն ինչ ցույց տվեց, այնտեղ ոչ մի վտանգավոր կամ անթույլատրելի իր չկա, բացի այդ՝ ես երեխայի հետ եմ, — Լիլիթի սիրտը լավ բան չգուշակեց:

—         Ոչինչ, երեխայի հետ համեցեք, մենք Ձեզ կօգնենք, — և առանց սպասելու սահմանային հսկողության աշխատակիցները ներս տարան Լիլիթի իրերը, որոնք հերթով բացվեցին և ամենայն մանրամասնությամբ զննվեցին: Քիչ անց այնտեղ ներկայացած մի քանի աշխատակիցներ իրերից առանձնացրեցին բոլոր գրքերը, տետրերն ու խաղերը, Լիլիթի զարմացաած և աստիճանաբար զայրացող հայացքի ներքո զետեղեցին մեկ առանձին մեծ ճամպրուկի մեջ և պաշտոնապես ներկայացրին իրենց պահանջը.

—         Տիկի՜ն, այս բոլորը Դուք պարտավոր եք ետ ուղարկել Հայաստանի Հանրապետություն, քանի որ իրավունք չունեք Ձեզ հետ դրանք տանելու Վրաստան:

—         Ի՞իինչ, հետ ուղարկե՞եեել, իսկ ինչու՞, ի՞նչ պատճառով, ո՞ր օրենքի համաձայն… , — մտքում և բարձրաձայն արտասանած Լիլիթի այս խոսքերը կամաց-կամաց մարեցին օդում. կատարվածն այնքան անսպասելի ու հանկարծակի էր, որ նա գրեթե անզգայացել էր: Իսկ այդ ընթացքում, տեսնելով և լավագույնս ըմբռնելով Լիլիթի այդ վիճակը՝ վրաց սահմանապահները, որոնց թվում և ազգությամբ հայեր, արդեն տեղափոխում էին Լիլիթի իրերը՝ գիրք-գրականությունը դեպի դիմացի մայթ՝ ՀՀ վերադարձնելու, իսկ մնացյալ համեմատաբար «անվտանգ» իրերը՝ դեպի ավտոբուս: Վըժիկի դողդողացող ձեռքը բռնած և այս ամենին քարացած հետևող Լիլիթը վերջին վայրկյանին սթափվեց և ճչալով վազեց դեպի այն ուղղությամբ, ուր տանում էին իր կողմից մասունքի նման պաշտելի գրքերը, իր սիրասուն Վըժիկի հեքիաթները, խաղերն ու տետրերը:

—         Հե՛տ տվեք, տվեք այստե՛ղ, դուք իրավունք չունե՛ք, դրանք իմ երեխայի՜նն են, իմ Վըժիկի՜նը, ահա՛ նաաա, — արտասվախառն ճչում էր Լիլիթը: Նա, որ նախկինում երկու ձեռքով Վըժիկին հազիվ էր գրկում, այժմ երեխայի թևից բռնած մեկ ձեռքով այնպես վերև բարձրացրեց, որ Վըժիկը մի քանի վայրկյան մնաց օդում կախված: Սահմանապահները, կանխազգալով, որ մայրական հուզմունքից և վիրավորանքից գերբնական ուժ ստացած Լիլիթը կարող է և այլ անկանխատեսելի քայլերի դիմել՝ ամենայն սառնասրտորեն և քաղաքավարի կրկին մոտեցան նրան և առաջարկեցին իրենց հետ սպասել որևէ մեքենայի, որը գրքերը կարող էր ապահով հասցնել Երևան: Բնականաբար այդ խոսքերը ևս հակառակ ազդեցություն գործեցին Լիլիթի վրա, ով արդեն վրա էր պրծել սահամապահների վրա՝ խլելու գրքերով լի իր ճամպրուկը: Փոքրիկ Վըժիկը, ով ևս հուզվել և, մոր հետ կատարվածը տեսնելով, լաց էր լինում, վրա հասավ, մոր հետ սկսեց քաշքշել ճամպրուկը և ճչալ. «Գրքերըը՜ս», «Մամաաաաա՜», «Մի թողնե տանիիի՜ն», «Չե՛մ տա, ձա՛գս, հիմի կառնեմ ձեռքերեն…»:

Տեսնելով սահմանային մի քանի աշխատակցի՝ մի կողմից, և մոր և որդու՝ մյուս կողմից հետզհետե թեժացող պայքարը, սահմանային ուժերի ղեկավարությունը «լրացուցիչ ուժեր ներգրավեց» այնտեղ, ովքեր թևանցուկ արեցին Լիլիթին և որդու հետ գրեթե քարշ տվեցին դեպի գյուղ վերադարձող ավտոբուսը:

…Դեպքից անցել էր մի քանի օր, Լիլիթը գյուղում էր, սակայն՝ ֆիզիկապես միայն: ՈԻշքն ու միտքը այնտեղ՝ սահմանային անցակետում կատարվածի հետ էին. ինչու՞, ինչպե՞ս թե, իրենք իրավունք չունե՞ն Երևանից գրքեր բերելու, ո՞վ է սահմանել այդ արգելքը, հանուն ինչի՞, ով է պատասխան տալու իր փոքրիկ Վըժիկի առջև, ով երկար, շատ երկար սպասելով գրքերին և հանկարծ զրկվելով դրանցից՝ դարձել էր մտախոհ և նյարդային:

Լիլիթը, բնականաբար, անգործ չնստեց. շուտով հավաքեց ինքն իրեն և որոշեց նախքան Ռուսաստանում գտնվող ամուսնուն այդ ամենի մասին տեղեկացնելը՝ փորձել ինքնուրույն քայլեր ձեռնարկել: Որոշեց և հենց ամենասկզբից հանդիպեց գյուղապետին, ով իրականում իրենց և հարակից գյուղերից ընտրված պատգամավոր էր շրջանային ժողովում: Ի զարմանս Լիլիթի՝ գյուղապետն այնքան էլ չզարմացավ Լիլիթի պատմությունից. պարզվեց, որ այդպիսի դեպքեր վերջին շրջանում շատ են լինում և, եթե Լիլիթը նախօրոք այդ մասին ասեր գյուղապետին, նա կզգուշացներ, որ Երևանից իր հետ գրքեր հանկարծ չվերցնի: Լիլիթին այս փաստը զարմացնելուց առավել զայրացրեց. «Ուրեմն այս մարդը գիտի այդ մասին ու ձայն չի՞ հանում, էլ ի՞նչ գյուղապետ»: Այս մտորումներով Լիլիթը որոշեց մեկնել շրջկենտրոն և հանդիպել շրջանային ղեկավարության հետ: Ցավոք, նույնն էին թե՛ այդ հանդիպումներից ստացած պատասխանները, թե՛ այն արտասվախառն զգացումները, որոնք կրկին պարուրեցին Լիլիթին: Իսկ պատասխանները, որպես կանոն, հետևյալն էին. «Լիլիթ ջան, մենք էլ գիտենք այդ ամենի մասին, բայց այս պահին ոչինչ անել հնարավոր չէ, երկրի ղեկավարությունը այդկերպ է որոշել. ՀՀ-ից գրքերի մուտքը հայաբնակ մեր շրջաններ խստիվ արգելված է: Իրենք պաշտոնապես նման որոշում մեզ ցույց չեն տվել, բայց մեկնաբանում են հետևյալ կերպ. երկիր մտնող յուրաքանչյուր գրքի բովանդակություն պետք է ստուգվի, և քանի դեռ այն ստուգված չէ՝ արգելվում է սահմանով անցկացնել»: Թե ովքեր և ինչպես պետք է ստուգեին այդ ամենը կամ մանկական տետրերի ու հեքիաթների ինչը պետք է ստուգվեր, Լիլիթին պարզ չէր:

Անքուն գիշերները և տանջալից մտորումները Լիլիթի մեջ շուտով ծնեցին նոր մտադրություններ. նա որոշեց նամակներով դիմել Հայաստանի և Վրաստանի պատկան մարմիններին: Շուտով մի քանի նույնաբովանդակ նամակներ ուղարկեց երկու երկրների կրթության և գիտության նախարարություններին, ևս մեկը՝ Հայաստանի Սփյուռքի, նախարարություն: Գործընկեր ուսուցիչների խորհրդով հաջորդ օրը նույն նամակը հասցեագրեց նաև Հայաստանի Հանրապետության և Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում գործող մի քանի հայտնի կազմակերպությունների: Վերջին այդ քայլերը կարծես մի քիչ սփոփեցին Լիլիթի ալեկոծ սիրտը, և նա սկսեց անհամբեր սպասել նամակների պատասխաններին: Անցնում էին օրեր, շաբաթներ, Լիլիթը երբեմն անհանգստանում էր, երբեմն՝ ինքն իրեն մեղադրում անհամբերության մեջ: Այդուհանդերձ, նա այլևս առաջվա նրբասիրտ ու քնքուշ մայրը չէր և հաճախ էր զայրանում իր սիրելի Վըժիկի վրա, երբ վերջինս իր մանկական ձայնով հիշեցնում էր. «Մամա՜, գրքերս ե՞եփ տի փերեն…»: Այո, Լիլիթը ևս թաքուն հույսեր էր փայփայում, որ մինչ ամուսնու գալն ինչ-որ մեկը բերելու է իր Վըժիկի գրքերը, և իրենք երկուսով իրենց սիրելիին դիմավորելու են գրքերի միջից բազմաթիվ հեքիաթներ պատմելով ու բանաստեղծություններ արտասանելով:

Շուտով մեկը մյուսի հետևից ստացվեցին Լիլիթի նամակների պատասխանները, որոնք, հակառակ Լիլիթի սպասելիքների, խիստ անորոշ բովանդակությամբ էին, իսկ գրքերը վերադարձնելու մասին ոչ մի խոսք չկար նրանցում: ՀՀ-ի կողմից պատասխանել էին, որ հարցը մտահոգում է նաև իրենց, և ՀՀ պատկան մարմիներն այդ հարցերով բանակցությունների մեջ են իրենց վրացի գործընկերների հետ, իսկ Թբիլիսիից պատասխանել էին՝ գրքերի և մշակութային առարկաների ներբերման մասին օրենքներից մի քանի դրույթներ մեջբերելով, որոնցից ոչ Լիլիթը կոնկրետ բան հասկացավ, ոչ էլ իր գործընկերներից որևէ մեկը: Ինչ վերաբերվում է հայկական և վրացական իրավապաշտպան, մամուլի ու խոսքի ազատության համար պայքարող կազմակերպություններին, ապա վերջիններս նույնպես, հակառակ Լիլիթի սպասումների, ոչ մի աղմուկ չբարձրացրեցին և պատասխանեցին միայն, որ հարցին ծանոթ չեն: «ՈՒ՞ր է Եվրոպան և ինչու՞ այս ամենի համար չի պատժում մեղավորներին: Եթե մեկը բռնություն կիրառեր կնոջ հանդեպ, մի համասեռամոլի սպառնային կամ ինչ-որ մեկի ցնդաբանություններն արգելեին տպագրել` հիմա բողոքի երթեր էին սկսվել: Այժմ ինչու՞ են լռում ամենքը, երբ մի ողջ հասարակության օրը ցերեկով ենթարկում են սպիտակ ցեղասպանության: Միթե՞ միջազգային հանրություն կոչվածն այսքան երկերեսանի է…», — լուռ տանջվում էր Լիլիթը:

Նամակների պատասխանների այս փուլը ևս անցավ՝ իր հետ տանելով նաև Լիլիթի հույսերից մի մեծ բաժին: Կրկին խորացած մտատանջությունները ստիպեցին Լիլիթին ամեն ինչ պատմել ամուսնուն, սակայն, քանի որ արդեն աշուն էր, և մոտեցել էին նրա գալու օրերը, նա որոշեց չտխրեցնել նրան և սպասել: Կյանքում շատ դժվարությունների միջով անցած իր ամուսնու ուժերի վրա Լիլիթը գրեթե չէր կասկածում և վստահ էր, որ նա իր կապերի և հնարավորությունների գործադրմամբ շուտով գրքերը կհասցնի գյուղ՝ ուրախացնելու իր սիրելի ընտանիքին:

Խոր աշուն էր, երբ գյուղ մտավ Վաչեին բերող մեքենան, Լիլիթն ու Վըժիկը սովորականի նման դեմ վազեցին նրան, փաթաթվեցին և սկսեցին ծանր ճամպրուկները քաշքշելով ներս տանել: Լիլիթն այդ պահին աշխատում էր ոչինչ ցույց չտալ, չնայած ներքուստ այրվում էր զայրույթից, վիրավորանքից և անհամբերությունից:

… Վաչեն հաջորդ առավոտյան վաղ գնաց գյուղամեջ, ծանոթ-հարազատների տեսնելով՝ ստիպված մի քանի կանգառներ ունեցավ ճամփին. նա շտապում էր ժամ առաջ տեսնել գյուղապետին, ուստի բարեկամների հետ զրույցներն ու ողջագուրումներն ավելի շատ մեխանիկական էին և քաղաքավարությունից դրդված:

Ինչպես գյուղապետի, այնպես էլ շրջանի ղեկավարության հետ Վաչեի հանդիպումներն ավարտվեցին անարդյունք: Վաչեն տուն վերադարձավ ձեռնունայն, գլխիկոր, մտահոգ և զայրացած այն աստիճան, որ Լիլիթը, ով անհամբեր սպասում էր լավ լուրերի, անգամ չհամարձակվեց որևէ հարց ուղղել նրան: Մարդ ու կին լուռ հայացքներով նայեցին իրար. Ամեն ինչ պարզ էր … Գրեթե այդ նույն զգացումն ապրեց նաև փոքրիկ Վըժիկը, ով աննկատ հայտնվել էր ծնողների արանքում. նա խոնարհեց իր հայացքը, նայեց հատակին, հետո դիմացի պահարանին և հասկացավ, որ իր սիրելի գրքերն այլևս երբեք չեն հայտնվելու այնտեղ…

Լիլիթն արագ հեռացավ, փակվեց սենյակում և սկսեց հեկեկալ. «Ինչու՞ մենք իրավունք չունենք հայերեն գիրք կարդալու, փոքրիկ Վըժիկն ինչո՞վ պետք է կրթվի, մենք մարդ չե՞նք, այս երկրի քաղաքացիներ չե՞նք, հարկ չե՞նք վճարում, ինչու՞ են բոլորը, սկսած գյուղապետից մինչ շրջանի ղեկավարություն և լայն հասարակություն, լռում այս զզվելի երույթի առջև:Մայրաքաղաքից վրացերե՞ն են ուզում տարածել, թող տարածե՛ն, հայոց գրքերն ու գրե՞րն են խանգարում դրան, հայ աշակերտին եթե ցանկանան սովորեցնել վրացերեն, Տերյանն ու Իսահակյա՞նն են խանգարելու, թե՞ պարզորոշ ասում են՝ դուք չպետք է հայ մնաք, և ձեզանից պահանջվում է ոչ թե պարզապես սովորել վրացերեն կամ յուրացնել պետական լեզուն, այլ դառնալ վրացի, և սա՞ է վրացա-եվրոպական ժողովրդավարությունը, ազգերի իրավահավասարություն կոչվածը: Մի՞թե չկա մեկը կամ մի ուժ, որն ի զորու կլինի կարգավորել այս խնդիրը, և իրենք՝ հասարակ մայրերն ու ուսուցիչները, կարողանան անարգել իրենց հետ բերել գրքեր: Ինչքա՞ն սպասել այս դժոխային վիճակում, այսպես մինչ ե՞րբ… »:

Մտքե՜ր, մտքե՜ր ու անվերջ մտորումներ՝ ամենատարբեր երևույթների մասին, բազում անպատասխան հարցեր, որոնք ստիպում էին Լիլիթին պտտվել սենյակով մեկ, մեխանիկորեն զննել բոլոր այն առարկաները, որոնք վերջին շրջանում այնքան էլ խնամքով չէին դասավորվում իրենց տեղերում. սահմանային դեպքից անգամ ամիսներ անց Լիլիթը չէր կարող վերագտնել իրեն, վերադարձնել կյանքի երջանիկ օրերը, որոնց ամեն ժամն ու րոպեն նվիրում էր իր շրջապատի գեղեցկացմանը: Եվ հանկարծ այդ խառնիճաղանջ իրերի մեջ աչքին ընկավ որդու անձնագիրը, որը սահմանապահների կողմից կնքվելուց հետո մնացած ճամփորդական իրերի հետ անփութորեն նետված էր պահարանի մեջ: Լիլիթը, չգիտես ինչու, վերցրեց այն, բացեց այն էջը, որտեղ արտատպված էր որդու լուսանկարը, կողքին՝ անձնական տվյալները: Հայացքը սահեց լուսանկարի վրայով և կանգ առավ որդու անվան վրա՝ Վրեժ… Այո՜, ոչ թե Վըժիկ, ինչպես նրան կոչել են ծննդյան օրվանից մինչ այդ օրը, այլ՝ Վրեժ: Ինչու՞ իրենց փոքրիկին չէին կոչել իսկական անունով՝ չէր կարող ասել, երևի անչափ սիրելուց էր կամ նրան հավերժ մանուկ տեսնելու ցանկությունից՝ դժվարանում էր մտաբերել:

Մի քանի անգամ անձնագիրը շուռումուռ տալուց և որդու իսկական անունը մտքում կրկնելուց հետո Լիլիթն այն երկու ձեռքով պինդ սեղմեց կրծքին, մոտեցավ պատուհանին, աչքերը փակեց և…  Ահա իր որդին արդեն մեծացել է, մեծ, շա՜տ մեծ մարդ է դարձել՝ կրթված-զարգացած, դարձել է ոչ միայն գյուղի, այլև շրջանի հասարակության հպարտությունը, ահա նա մեկնում է Երևան, ձեռք է բերում մեծ քանակի գրքեր, այնքան շատ, որ կբավարարեր շրջանի բոլոր դպրոցներին և գրքասեր մանուկներին, ահա նա վերադառնում է հայրենի շրջան, և ինչպես ողջ ճանապարհին, այնպես էլ ՀՀ-Վրաստան սահմանին ուրվագծվում է նրա հզոր ուրվապատկերը, ահա նա անարգել անցնում է սահմանը, իսկ գրքերը ոչ-ոք չի համարձակվում խլել նրա ձեռքից, ահա նա հասնում է հայրենի եզերքներ, նրան ընդառաջ են գալիս հազարավոր մանուկներ, ստանում իրենց սրտի ուզած գրքերը և խինդ ու ծիծաղով վերադառնում հարազատ տներ: Եվ այդ օրը բոլոր ընտանիքներում հնչում էր որդու անունը՝ Վրեժ… Վրեժը, ով գիրք է բերել, ով լուսավորել է ամենքին, ով հաղթել է բոլոր դժվարությունները, հայրենի հողում ապահովել իր տեսակի շարունակականությունը և հայրենակիցների սրտերում վերականգնել ջավախքցի լինելու հպարտությունը…

Մտքերը մի քանի րոպեում փոթորկեցին Լիլիթի հոգին, որից նա անճանաչելիորեն կերպարանափոխվեց: Քիչ անց Վաչեի զարմացած հայացքի ներքո դուրս եկավ, կարելի է ասել՝ իրեն դուրս նետեց սենյակից, խլեց գլխիկոր կանգնած որդուն, սեղմեց կրծքին և, լույս, հույս և կյանք ճառագող աչքերը հառած հառած հեռուներին, կյանքում առաջին անգամ տալիս էր որդու իրական և իսկական անունը՝ Վրեեեե՜ժս, իմ Վրեեե՜ժս, Վրեեեեեժըըը՜ս….

 

 Վահե ՍԱՐԳՍՅԱՆ