Տյառնընդառաջի տոնը Ախալցխայի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

Այսօր Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում երեկոյան Ժամերգությունից հետո կատարվեց Տյառնընդառաջի նախատոնակ ապա նորապսակների օրհնության կարգ․
Ախալցխայի  հարակից շրջանների հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Թորգոմ քահանա Վարդանյանը շրջելով հայ առաքելական գյուղերով կատարեց նորապսակների օրհնության և անդաստանի կարգ։ Անկախ եղանակային պայմաններից բոլոր առաքելական եկեղեցիներում համախմբվել էին հավատացյալներ միասնական տոնելու Տյառնընդառաջը ՝ մեր տիրոջ Հիսուս Քրիստոսի 40-օրյա ընծայումն Տաճարին։


Երեկոյան Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցին հերթական անգամ լի էր իր հավատացյալներով։ Բոլորն համախմբվել էին Եկեղեցում մասնակցելու նախատոնակին և նորապսակների օրհնության կարգին։

Արժանապատիվ Տեր Հայրն ըստ հավուր պատշաճի մեկնեց օրվա խորհուրդը և նախատոնակին հաջորդեց նորապսակների օրհնության կարգը։

Ախալցխայի 2018 թվականի խաչքավոր՝ Արթուր Բալասանյանը պատրաստել էր գեղեցիկ նվերներ նորապսակների համար և օրհնության կարգի ավարտին անձամբ նվիրեց նորապսակներին։

Խաչքավորն իր ձեռքում ունենալով եկեղեցու ճրագից վառաց ջահը , թափորով և երգեցողությամբ Տեր Հոր հետ միասին քայլեցին դեպի Եկեղեցու բակ և վառեցին տոնական խարույկը։