Ախալքալաքի շրջանի Չանդուրա գյուղում առկա են մի շարք չլուծված խնդիրներ

Փետրվարի 17-ին Ախալքալաքի շրջանային ժողովի «Հայրենասերների դաշինք»  խմբակցության պատգամավոր Սամվել Պետրոսյանը այցելեց Չանդուրա գյուղ, որպեսզի ծանոթանա ժողովրդին հուզող խնդիրներին։ Ինչպես հայտնի է դառնում խմբակցության կողմից տարածած հաղորդագրությունից, Չանդուրա գյուղում պատգամավորներին հանդիպել են մոտ 55 բնակիչներ, ովքեր պատգամավորներին ներկայացրել են իրենց հուզող մի շարք խնդիրներ, որոնք բնակիչների խոսքերով՝ հրատապ լուծման կարիք ունեն։

Տվյալ խնդիրներին էր վերաբերվում այն փաստը, որ գյուղի բնակիչները կարտոֆիլի  իրացման խնդիր ունեն եւ այդ գործում կարող է նրանց օգնել միայն պետությունը, որը խոստացել էր բանակի եւ այլ կարիքների համար կարտոֆիլը ձեռք բերել Ջավախքի շրջանից։ Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, 3-4 տարի առաջ պատգամավորի դիմումի հիման վրա տվյալ հարցը լուծում էր ստացել։

Երկրորդ հարցը վերաբերվում էր նրան, որ տվյալ գյուղի հողատարածքները հանվում են վաճառքի առանց իրենց իրազեկման։ Ինչպես նաեւ շատերը չեն կարող գրանցել իրենց հողատարածքները, որոնք օգտագործում են սովետական շրջանից։ Հաջորդ հարցը վերաբերվում էր վարկերի բարձր տոկոսադրույքին, ինչի պատճառով բնակիչները հայտնվել են ծանր ֆինանսական պայմաններում։ Եվ վերջին հարցը վերաբերվում էր նրան, որ կարգավորված չէ ոռոգման համակարգը եւ այնտեղ չեն իրականացվել համապատասխան վերանորոգման ու մաքրման աշխատանքներ։

Այս բոլոր վերոնշյալ հարցերի լուծման պահանջով Ախալքալաքի շրջանային ժողովի պատգամավոր Սամվել Պետրոսյանը դիմել է Ախալքալաքի սակրեբուլոյի նախագահին եւ քաղաքապետին։