Սիրենք և սովորենք մեր մայրենին

2018 թվականի փետրվարի 24-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի հերթական միջոցառումը թեմի կրթական բաժնի «Սուրբ Գրիգոր Նարեկացի» շաբաթօրյա դպրոցի «Սիրենք և սովորենք մեր մայրենին» խորագրով տոնահանդեսն էր: Այն դարձավ թբիլիսահայության խոնարհումը հազարագանձ հայերենին:

Միջոցառումը կազմակերպել էր վաստակաշատ ուսուցչուհի Թամարա Գաբոյանը, մասնակցությամբ «Հայարտուն» կենտրոնի «Սբ. Ներսես Շնորհալի» 2երգչախմբի (խմբավար՝ Մարիա Աբուլյան, դաշնակահար՝ Կարեն Միրզոյան), «Տարոն» պարային համույթի (պարուսույց՝ Սուրեն Աբրամյան), դուդուկի և դհոլի խմբերի (ուսուցիչներ՝ Ռոբերտ Կաշավանիձե և Իվանե Մկրտչյան): Գրական-երաժշտական կոմպոզիցիային ընդգրկված էին մեկօրյա դպրոցի առաջին և երկրորդ դասարանների գրեթե բոլոր սովորողները:Դահլիճը լեփ-լեցուն էր, հյուրերի շրջանում էին մտավորականներ, ծնողներ, կառույցների ղեկավարներ: Միջոցառմանը ներկայացան Ծալկայի շրջանի Դարագյուղի 5-րդ և 7-րդ դասարանների աշակերտները՝ տնօրեն Ալիսա Աբաջյանի, ուսուցչուհիներ Նանա Սողոմոնյանի և Նեկտար Ղանդիլյանի առաջնորդությամբ:

Ողջույնի խոսքով տոնահանդեսը բացեց Վիրահայոց թեմի կրթության բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը: Շնորհավորելով մայրենիի տոնի կապակցությամբ, վերջինս ներկաներին կոչ արեց առաջնահերթ դարձնել տանը, ընտանիքներում հայերենով խոսելու պարագան, ինչը կդառնա նորասերտ լեզվի հղկման, գործնական կիրառման անգնահատելի հնարավորություն:

Մայրենիից գրեթե կտրված, սակայն հոգու կանչով այն սերտող աշակերտները, հնչեղ արտասանությամբ, ճիշտ առոգանությամբ և գեղեցիկ հայերենով անդրադարձ կատարեցին հայոց գրերի ստեղծմանը, հայ ժողովրդի պատմությանը: Դպրոցի սովորողները իրենց խոնարհումը բերեցին Մեսրոպ Մաշտոցի հիշատակին, բովանդակալից խոսքով ներկայացրեցին հայ ժողովրդի 3պատմության մատենագրությունը, հայ գրականության շավիղներով տանելով դեպի մայրենիի անմահություն, հարուստ մշակույթ, պատգամելով մայրենին ու հայրենիքը պաշտպանելու անկոտրում կամք՝ պահպանելու ժողովրդի մաքառումներով մեզ հասած այն նյութական և ոչնյութական ձեռքբերումները, որոնք դարձել են համամարդկային արժեքներ:

Դպրոցի սաների սրտաբուխ և հուզումնալից արտասանությունը ներդաշնակվում էր հայոց գրերին, հայ ժողովրդին ու մայր Հայրենիքին նվիրված երգերով, ազգային պարով, դհոլի և դուդուկի մեղմանուշ նվագով:

Վիրահայոց թեմի Մշակույթի բաժնի տնօրեն Լևոն Չիդիլյանը, Վրաստանի կրթության և գիտության նախարարության ազգային ծրագրերի համակարգող Կարինե Մանուկյանը և Սուրբ Եղիա մարգարեի անվան կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհի Ռոզա Զոհրաբյանը, «Կամուրջ» գրական-մշակութային հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Բոստանջյանը շնորհակալություն հայտնեցին ուսուցչուհուն և մյուս կազմակերպիչներին ջերմ և հայրենաշունչ միջոցառում ներկայացնելու համար, ծնողներին հորդորեցին իրենց երեխաներին տալ հայեցի կրթություն, հոգեհարազատ դարձնել մեր ոսկեղենիկ լեզվին, մեր պատմությանն ու ավանդույթներին, չթողնել դատարկ հայոց դպրոցի դասասենյակներն ու թափուր՝ նստարանները, քանզի մայրենիով կրթությունը կդյուրացնի երեխաների ուսումնառության գործընթացը, նրանցից կերտելով իր ինքնությունը պահպանած հայի տեսակ:4

Ամփոփելով միջոցառումը Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր ծառայող և «Հայարտուն» կենտրոնի տեսուչ արժանապատիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հայրական օրհնությունը, բարձր գնահատեց հայ պատանիների վերադարձը իրենց արմատներին, որոշումը՝ միշտ և ամենուրեք հարազատ մնալ մայրենի լեզվին ու քրիստոնյա հավատքին: Հոգևոր տեսուչը կոչ արեց ծնողներին չկտրել իրենց զավակներին ազգից ու ավանդականից, չդարձնելն նրանց կիսով մարդ, քանզի ամենաարդյունավետը մայրենի լեզվով մտածողությունն է:

Մայրենի լեզվի մեծարմանը նվիրված միջոցառումները շարունակվում են Վիրահայ համայնքում: