Սոցիալիստական կուսակցությունը տապալեց Վալենսիայի շրջանային Պատգամավորական խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը

Փետրվարի 27_ին Վալենսիայի շրջանային Պատգամավորական խորհրդի նորաստեղծ Կոնտիգո (Contigo) կուսակցության պատգամավոր Խոսե Էնրիկե Ագուարը նիստին ներկայացրեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը։ Այն ներկայացվեց համաձայն Արարատ Հայկական միության Միջնորդագրի, որով առաջարկվում էր պատգամավորական խորհրդին պաշտոնապես ճանաչել հայոց ցեղասպանությունը։

Խոսե Էնրիկե Ագուարը (José Enrique Aguar) հանգամանորեն ներկայացրեց Հայոց ցեղասպանության փաստը, այն ճանաչած երկրների, մարզերի, քաղաքների ու միջազգային կառույցների ցանկը և վերոնշյալ խորհրդարանի կողմից ցեղասպանության ճանաչման կարևորությունը։

Քաղաքացիական կուսակցության խոսնակը հակադարձեց Ահուարին՝ առաջարկելով ճանաչել բոլոր ցեղասպանությունները՝ առանց նշելու անուն և աղգ։

Քվեարկության ժամանակ 4 կուսակցություններ կողմ քվեարկեցին (Կոնտիգո՝ 1, Ձախ Միություն՝ 1, Կոմպրոմիս՝ 5, Պոդեմոս՝ 1. ընդհանուր՝ 8), 2 կուսակցություն՝ դեմ (Քաղաքացիական՝ 1, Ժողովրդական՝ 10. ընդհանուր՝ 11), իսկ սոցիալիստները՝ 13 ձայնով ձեռնպահ քվեարկեցին։

Այսպիսով, Իսպանիայի հին և բավականին հնաոճ երկու կուսակցությունները՝ Սոցիալիստականն ու Ժողովրդականը, դեռևս ֆրանկիզմի ստվերի տակ գտնվելով, հեռու են հասկանալու և ընդունելու ֆաշիզմի սխալներն ու հորդորել ճանաչել դրանք։

Նիստին ներկա էին նաև Արարատ Հայկական միությունը ներկայացուցիչները, ովքեր եկան միահամուռ եզրակացության՝ հաջորդ ընտրությունների ժամանակ իրենց աջակցության և արդարության աննահանջ պայքարի հարցում։