Խոնարհում Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին

Երեք տասնամյակ առաջ փետրվարյան ցրտաշունչ օրերին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայ ազգաբնակչության դեմ կատարված ոճրագործության զոհերի հիշատակին էր նվիրված 2018 թվականի փետրվարի 28-ին, Թբիլիսիում, Վրաստանում ՀՀ դեսպանության և Վիրահայոց թեմի նախաձեռնությամբ կազմակերպված հիշատակի միջոցառումը: Սումգայիթյան զոհերի հիշատակը հարգելու էին եկել Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները՝ 2արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանի գլխավորությամբ, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Ռուսլան Պողոսյանը և Սամվել Մանուկյանը, բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը, Պետրոս Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, թբիլիսահայ մտավորականության ներկայացուցիչներ, հասարակայնության անդամներ:

Միջոցառումը մեկնարկեց զոհերի հոգու խաղաղության համար Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում կատարված հոգեհանգստյան պաշտոնով, որից հետո 3եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյանը ներկաներին հրավիրեց «Հայարտուն« կրթա-մշակութային կենտրոն՝ հիշատակի երեկոյի:

Բացելով միջոցառումը, Վիրահայոց թեմի Մշակույթի բաժնի տնօրեն և «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանի առաջարկով, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին ոճրագործության զոհերի հիշատակը:4

Մարդկության դեմ կատարված ամեն տեսակ ոճրագործություն դատապարտելու և Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը ոգեկոչելու խոսքով հանդես եկավ Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ռուբեն Սադոյանը: Անդրադարձ կատարելով Ադրբեջանի իշխանությունների կողմից վարած հայ ժողովրդին բնաջնջելու և Երևանը ադրբեջանական հող անվանելու պետական քաղաքականությանը, դեսպան Սադոյանը հավելեց, որ Սումգայիթյան ոճրագործությունը մեկ անգամ ևս ապացուցեց, որ Արցախը ոչ մի պարագայում և ոչ մի կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

Իրենց ելույթներում՝ պրոֆեսոր Էռնստ Առաքելովը,Վրաստանի հայ համայնք հասարակական կազմակերպության մամլո խոսնակ Սանդրո Օհանյանը, և մյուսները արձանագրեցին Սումգայիթյան ջարդերից հետո զարգացող իրադարձությունները և դատապարտեցին Սումգայիթյան ոճրագործությունը, այն որակավորելով հայ ժողովրդի դեմ կատարված 5ցեղասպանություն:

Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին հատվածներ Սումգայիթյան ջարդերը ներկայացնող վավերագրական ֆիլմից:

Ջութակի, դուդուկի, Նինա Կարապետյան-Գևորկովայի և Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու «Մակար Եկմալյան» երգչախմբի կողմից Կոմիտասի ստեղծագործությունների և Արմեն Սմբատյանի «Հայաստան» երգի կատարումներով միջոցառումը դարձավ ներկաների խոնարհում անմեղ զոհերի հիշատակին: