Վրաստանում ԱՊՊԱ պահանջը կկրճատի Հայաստանից ուղեւորությունների թիվը. փորձագետ

Արտասահմանից Վրաստան ժամանողների ավտոապահովագրման համակարգի ներդրումը կարող է հանգեցնել Հայաստանից ժամանողների թվի կրճատման: Մարտի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց վարորդների իրավունքների պաշտպանության գործերով փաստաբան Արտակ Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ Վրաստանի տարածք 15 օրով մտնելու համար ապահովագրության արժեքը կազմում է 30 լարի, մեկ ամսվա համար՝ 50 լարի, տարեկան՝ 290 լարի: Վրացական շուկայում գործում է մոտ 15 ապահովագրական ընկերություն: Առանց ապահավագրության մուտք գործելու համար նախատեսված է 100-200 լարի տուգանք:

Արտակ Խաչատրյանի պարզաբանմամբ՝ Վրաստանի քաղաքացիների համար պարտադիր ապահովագրություն չի գործում: Սա նախատեսված է միայն արտասահմանցիների համար՝ իրենց քաղաքացիների գույքի իրավունքների պաշտպանության նպատակով: Հնարավոր է՝ մոտ ժամանակներում ապահովագրությունը Երեւանում ձեւակերպվի: «Հուսանք, որ նոր կարգը կանոնավոր կկիրառվի: Մենք դեռեւս խնդիրներ չենք տեսնում»,- նշեց Խաչատրյանը: Դրա հետ մեկտեղ, փաստաբանը կարծում է, որ «գնանք խինկալի ուտենք» ոգով ուղեւորությունները կկրճատվեն:

news.am