«Դրախտի դարպասը» ֆիլմի մասին նոր մանրամասներ

Ողջույն։ Ուզու՞մ եք իմանալ ավելին իմ նոր՝ «Դրախտի դարպասը» ֆիլմի մասին: Ինչպես արդեն տեղեկացրել եմ նախորդ նամակում, ես և իմ թիմը ձեռնարկել ենք «Դրախտի դարպասը» ֆիլմի նախապատրաստական աշխատանքները:

Ֆիլմը պատմում է՝ ՌՈԲԵՐՏ ՍՏԵՆՎԱԼ (50 տարեկան), անունով եվրոպացի ֆոտոլրագրողի մասին, ով 2016թ․-ին վերադառնում է Արցախ՝ լուսաբանելու քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսված պատերազմը։ Լրագրողական հետաքննության արդյունքում ծանոթանում է երիտասարդ օպերային երգչուհի ՍՈՖԻԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ (35 տարեկան) հետ։ Ռոբերտի և Սոֆիայի հաճախակի հանդիպումները արթնացնում են փոխադարձ սիրո զգացմունքը, սակայն պարզվում է, որ Սոֆիան անհայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի աղջիկն է, ում 1992թ․ին՝ Թալիշի անկման օրը, Ռոբերտը թողել է գյուղում՝ արկակոծության մեջ, ապա՝ յուրացրել մարտի դաշտում նրա կողմից արված լուսանկարները…

Ֆիլմի ստեղծագործական թիմն այսօր՝ Մարտի 17-ին, սկսում է Crowdfunding-ային արշավը Indiegogo համաֆինանսավորման հարթակում:
Եթե Դուք ցանկանում եք աջակցել հայկական կինեմատոգրաֆիայի միջազգայնացմանը, եթե կամենում եք նպաստել արցախյան մեր արդար դատի պատշաճ ներկայացմանը միջազգային հարթակներում, եթե պարզապես սիրում եք համամարդկային զգացմունքների ու արժեքների մասին պատմող որակյալ ֆիլմեր, ապա խնդրում եմ սատար կանգնել այս նախագծին Ձեր ուժերի ներածին չափով: Մանրամասներին կարող եք ծանոթանալ ներքևում՝ սեղմելով կոճակին։

Միացե՛ք մեզ

Ձեր ցանկացած աջակցություն մասն է մեր հսկայական աշխատանքի, որի արդյունքում շահելու ենք բոլորս՝ հայրենիքից մինչև յուրաքանչյուր արվեստասեր աշխարհի ցանկացած անկյունում: Միացե՛ք ինձ, միասին կարող ենք իրականություն դարձնել այս կինոնախագիծը։

Հարգանքներով՝
Ջիվան Ավետիսյան