Արչիլ Տատունաշվիլիի դին Վրաստանում է (Տեսանյութ)

«Կարմիր խաչ» միջազգային կազմակերպության ներգրավվածությամբ, Ցխինվալիի դե ֆակտո իշխանությունը Վրաստանին է փոխանցել Արչիլ Տատունաշվիլիի դին:

Գործընթացում մասնակցել են նաեւ Վրաստանի Պետական անվտանգության ծառայության վերլուծական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Կախա Քեմոկլիձեն, Հաշտեցման եւ քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար Քեթեւան Ցիխելաշվիլին եւ այլ պետական հաստատությունների ներկայացուցիչներ:

Դին Վրաստանին փոխանցել են Էրգնեթիի հետ շփմքն գծում: Այն նախ կտեղափոխվի Թբիլիսի, փորձաքննության ազգային բյուրո, ինչից հետո Ծիլկանի՝ Տատունաշվիլիի տուն:

«Բոլոր համապատասխան կառույցները, մեր գործընկերները ինտենսիվ կերպով աշխատում են այս հարցի շուրջ եւ բոլոր հնարավոր մեխանիզմները կաշխատեն այս ուղղությամբ»,- նշել է Քեթեւան Ցիխելաշվիլին:

«Տատունաշվիլիի մարմնի հետ միասին Վրաստանին է փոխանցվել անկախ դատաբժշկական փորձաքննության եզրակացություն»,- այս մասին գրում է Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի «Рес» լրատվական գործակալությունը մեջբերելով Հարավային Օսիայի հետհակամարտային կարգավորման հարցերով նախագահի պաշտոնակատար Մուրադ Ջիոեւի հայտարարությունը:

Ըստ նրա, ավելի հստակ եզրակացության ակնկալիքով բիոնյութերն ուղարկվել են անկախ փորձաքննության Ռուսաստան: Անկախ փորձաքննության արդյունքում պարզ է դարձել, որ մահվան պատճառը սրտի սուր անբավարարությունն է:

Ինչպես նշում է գործակալությունը մեկ այլ հոդվածում, Տատունաշվիլիի փախուստի փորձի ընթացքում վերջինիս վրա ֆիզիկական ուժ է կիրառվել:

«Լուրջ կասկածներ ունեմ, թե իրականացված փորձաքննության արդյունքները կարող են մոտ լինել իրականությանը»,- հայտարարել է Վրաստանի փախստականների եւ վերաբնակեցման նախարար Սոզար Սուբարին:

Հիշեցնենք` փետրվարի 22-ին Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայում ձերբակալվել է 3 անձ՝ Արչիլ Տատունաշվիլին, Լեւան Քուտաշվիլին եւ Իոսեբ Պավլիաշվիլին: Փետրվարի 23-ին տարածվել էր տեղկատվություն, որ Արչիլ Տատունաշվիլին անհայտ պայմաններում մահացել է: Օսական մամուլի տեղեկատվությամբ Արչիլ Տատունաշվիլին մահացել է Ցխինվալիի հիվանդանոցում:

Aliq.ge