Ախալքալաքում բացվեց վերանորոգված և կահավորված թիվ 3 մանկապարտեզը

Այսօր նախադպրոցական տարիքի 80 երեխաների առջև իր դռները բացեց վերանորոգված և կահավորված Ախալքալաքի թիվ 3 մանկապարտեզը: Բացման արարողությանը մասնակցել են Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, փոխնախագահ Ռոբիզոն Կավրելիշվիլին, հանձնաժողովների նախագահներ Սեդա Մելքումյանն ու Անդրանիկ Մուրադյանը, Ախալքալաքի Քաղաքապետարանի աշխատակիցները՝ կրթամշակութային ծառայության պետ Վալերի Ստելմաշովի գլխավորությամբ, ինչպես նաև Ախալքալաքի մանկապարտեզների կառավարիչները՝ միավորման տնօրեն Զարուհի Բարբառյանի գլխավորությամբ:

Մանկապարտեզում բացվեցին տարբեր խմբեր, որտեղ 9 մարդ ապահովվեց աշխատանքով։ Տվյալ մանկապարտեզում 80 երեխա պետք է ստանա նախադպրոցական կրթություն։

Չնայած մանկապարտեզի բացմանը, այնտեղ կան հարցեր վերանորոգման աշխատանքի վերաբերյալ։ Մանկապարտեզը դիտելիս այն տպավորությունն է ստեղծվում, կարծես շինարարները խիստ շտապել են ու կիսատ թողնելով գործը՝ հապճեպ հեռացել աշխատանքի վայրից։