Ախալցխայի Հոգեւոր Տտեսչությունը Զատիկի տոնի առիթով կազմակերպեց բարեգործական համերգ

Ախալցխայի Հոգեւոր Տեսչությունը քաղաքի դրամատիկական թատրոնի շենքում Սբ․ Հարության տոնի առիթով կազմակերպեց բարեգործական համերգ։ Համերգին մասնակցում էին «Ախալցխա» երգի ու պարի համույթը Վերոնիկա Համբարյանի ղեկավարությամբ, «Գոհանամք» երգի ու պարի համույթը Տիրուհի Համբարձումյանի ղեկավարությամբ, Ախալցխայի հայկական դպրոցի ու ռուսական դպրոցի սաները, ինչպես նաեւ բազմաթիվ անհատ կատարողները։

Համերգի ընթացքում հնչեցին հայրենասիրական, ժողովրդական, մանկական ու ժամանակակից ոճի երգեր։ Երգերից բացի իրենց գեղեցիկ պարերով հանդես եկան ԱՀԵԿ կենտրոնի «Գոհանամք» համույթը եւ ԱՀՏ հովանավորությամբ ստեղծված «Ախալցխա» համույթը։

Ախալցխայի հոգեւոր տեսուչ Հայր Հակոբ Աբեղա Սահակյանի խոսքերով այս բարեգործական համերգը իրենց տեսչության կողմից կազմակերպված առաջին բարեգործական համերգն է, իսկ հաջորդը նախատեսվում է իրականացնել Վարդավառի տոնին։

Հիշեցնենք, որ ի տարբերություն «Գոհանամք» երգի պարի համույթի, որը գործում է արդեն 10 տարի, «Ախալցխա» պարային համույթը ստեղծվել է բավականին վերջերս Ախալցխայի Հոգեւոր Տեսուչ Հայր Հակոբ Աբեղա Սահակյանի նախաձեռնությամբ, որը հովանավորվում է եկեղեցու բարերարների կողմից։ Շուտով նախատեսված է «Ախալցխա» համույթի մասնակցությունը Հայաստանում ապրիլի 27-ից 29-ը անցկացվող «Հրաշամանուկ» միջազգային փառատոնին։