Tert.am-Գերմանիայի ներքին գործերի նախարար Հորսթ Զեեհոֆերը գերմանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում խոսել է «անվտանգ երկրների» ցանկն ընդլայնելու մտադրության մասին:
«Հորսթ Զեեհոֆերը մտադիր է հասնել Հայաստանի ու Վրաստանի՝ որպես «անվտանգ երկրներ» ճանաչմանը, որի նպատակն է արագացնել ապաստանի տրամադրման համար ներկայացված դիմումների մշակման գործընթացը»,-հայտնում է Deutsche Welle-ն:
Աղբյուրն ընդգծում է, որ Գերմանիան Հայաստանի ու Վրաստանի շատ քիչ թվով քաղաքացիների է համաձայնել ապաստան տրամադրել: Միգրացիայի ու փախստականների հարցերով դաշնային գերատեսչության տվյալներով՝ 2017թ. Գերմանիայում ապաստան ստանալու դիմում է ներկայացրել Հայաստանի 3.857, Վրաստանի 3.462 քաղաքացի:
Հայտնի է, որ ապաստան ստանալու հարցով Գերմանիայի իշխանություններին են դիմում մեծ թվով Վրաստանի և ՀՀ քաղաքացիներ, սակայն շատ հազվադեպ է դրական պատասխան տրվում:
Նշվում է, որ 2018թ. Գերմանիայի իշխանությունները պայմանավորվել են անվտանգ երկրների ցանկում ներառել Ալժիրը, Մարոկկոն ու Թունիսը:
Աղբյուրը մանրամասնում է, որ այս ցանկում կարող են ներառվել այն երկրները, որոնց Գերմանիայում ապաստան ստացող քաղաքացիների քանակը չի գերազանցում ապաստան ստանալու համար դիմում ներկայացնողների 5%-ին: