Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում մեկնարկեց հոբելյանական շախմատային մրցաշարը

Վիրահայոց թեմի երիտասարդության  հարցերի բաժնի նախաձեռնությամբ, թեմի առաջնորդարանի աջակցությամբ և Թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությամբ, Վրաստանի  հայաբնակ տարածաշրջաններում  անց է կացվում շախմատի մրցաշար  մինչև 17 տարեկան տարիքի  շախմատասերների  շրջանում: Մրցաշարը նվիրվում է Վրաստանի և Հայաստանի առաջին հանրապետությունների 100-ամյա հոբելյաններին:

2018 թվականի ապրիլի մեկին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան դահլիճում մեկնարկեց մրցույթի առաջին փուլը: 30441768
Ողջունելով մասնակիցներին,  բաժնի տնօրեն Վալերի Բադալյանը ներկայացրեց մրցաշարի ձևաչափը, պարզաբանեց, որ այն անց է կացվում երկու փուլով: Առաջին փուլը տեղի հոգևոր հովիվների օրհնությամբ  և երիտասարդական կենտրոնների աջակցությամբ կանցկացվի Վրաստանի հայաբնակ բոլոր վայրերում՝ Ախալքալաքի, Նինոծմինդայի, Ախալցիխեի շրջաններում և  հարակից գյուղերում, Բաթումում և Ռուսթավում: Անկախ մասնակիցների թվաքանակից, յուրաքանչյուր վայրից  լինելու է մեկ հաղթող, ով այնուհետև  Թբիլիսիում կմասնակցի մրցաշարի  եզրափակիչ փուլին:

Թեմի Երիտասարդական բաժնի տնօրենի և ծրագրերի համակարգողի կողմից կատարված նախապատրաստական հստակ աշխատանքի արդյունքում, շախմատային տախտակի առջև 30414772մրցամարտ ծավալվեց  մասնակցության հայտ ներկայացրած քաղաքի տարբեր դպրոցների, Թբիլիսիի սովորող երիտասարդության պալատի, Շախմատի տան   սովորողների միջև:

Թբիլիսիում կայացած մրցաշարի առաջին փուլին մասնակցում էին 14 շախմատասեր և տարբեր մրցույթների և մրցաշարերի մասնակցող դպրոցականներ:  Մրցույթի հաղթող դարձավ և մրցաշարի եզրափակիչ փուլ անցավ մայրաքաղաքի սովորող երիտասարդության պալատի շախմատի խմբի սովորող, թիվ 20 հանրային դպրոցի աշակերտ  Դենիել Սաֆարովը:

Հայաբնակ տարածաշրջաններում  մրցաշարի առաջին փուլի  հաղթողները կմասնակցեն եզրափակիչ փուլին, որը տեղի կունենա Թբիլիսիում, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում:

Մրցաշարի հաղթող առաջին երեք  տեղերի համար նախատեսված են մրցանակներ և դրամական պարգևներ:

Մրցաշարի մասնակիցներին  հաջողություններ մաղթեցին շախմատային մրցույթի կազմակերպիչները: